Դերասան Ջոնի Դեփը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի վեցերորդ մասում, եթե ֆիլմի ստեղծողները կարողանան արժանապատիվ ավարտ տալ ֆիլմաշարին։ Գրում է Radar-ը:
«Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պետք է՝ հաշվի առնելով, թե ինչպես են նրանք պատրաստվում ավարտել ֆիլմաշարը, ապա միակ բանը, որին ես իսկապես ցանկանում եմ հասնել, այն է, որ այն լավ ավարտ ունենա»,- ասել է Դեփը։
Դերասանը նաև ընդգծել է, որ ցանկացած պահի պատրաստ է սկսել աշխատանքը ֆիլմաշարի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերի հետ, որի հետ ընկերական հարաբերություններ ունի։ Դեփի խոսքով՝ ինքը վստահում է պրոդյուսերին և պատրաստ է նրա հետ համագործակցել ցանկացած նախագծի շուրջ։
Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի դերը կատարել է ֆիլմաշարի հինգ մասերում, որոնք էկրան են բարձրացել 2003-2017 թվականներին։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի համաշխարհային վարձույթը կազմել է շուրջ 4,5 միլիարդ դոլար։















