«Մի գեղեցիկ օր» հեռուստասերիալը չի ավարտվի 120-րդ մասով։ Նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանն այս մասին հայտնել է «Առավոտը Շանթում» հաղորդման ընթացքում՝ հաստատելով, որ ստեղծագործական թիմն արդեն նախատեսում է նոր եթերաշրջան։ Գրում է POP անկյունը:
Մաղաքյանի խոսքով՝ հեռուստադիտողները սպասում էին սերիալի ավարտին՝ միաժամանակ ցանկանալով, որ սիրելի պատմությունը շարունակվի։ Հենց նրանց բազմաթիվ խնդրանքներն էլ դարձել են նախագիծը շարունակելու որոշման պատճառներից մեկը։
«Ինչպես սովորաբար ասում են՝ «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով», բայց այս անգամ ուղղակի հազարավոր մարդկանց խնդրանքով մենք անում ենք նոր եթերաշրջան նախագծում։ Պարզապես մեր երկու եթերաշրջանների միջև ընդմիջում չի լինելու, մենք շարունակում ենք նախագիծը։ Այնպես որ, 120 մասով չի ավարտվում «Մի գեղեցիկ օր»-ը»,— նշել է սցենարիստը։
Անդրադառնալով սյուժեի հետագա զարգացումներին՝ Մաղաքյանը պարզաբանել է, որ նոր եթերաշրջանում պատմությունը կշարունակվի հենց այն կետից, որտեղ գտնվում է այժմ։ Ժամանակային մեծ թռիչքներ չեն նախատեսվում՝ ի տարբերություն «Էլենի օրագիրը» և «Հատուկ դասարան» նախագծերի։
Սցենարիստը նաև վստահեցրել է, որ պատմության սկզբից ի վեր առաջացած և դեռևս անպատասխան մնացած հարցերը կստանան իրենց հանգուցալուծումները։
«Բոլոր հարցերի պատասխանները, որոնք նախագծի սկզբից, ընթացքից և հիմա էլ տանջում են մեր հեռուստադիտողներին, կստանան իրենց պատասխանները։ Ոչինչ կիսատ չի մնա»,— ասել է Մաղաքյանը՝ խոստանալով հետաքրքիր զարգացումներ։
















