Հայաստանը «Մեր սերունդը 2026» (Our Generation) մանկական հեղինակային երգի միջազգային հեռուստատեսային մրցույթում կներկայացնի 12-ամյա Լեոն։ Մրցույթի կազմակերպիչներն արդեն պաշտոնապես ներկայացրել են Հայաստանի մասնակցին՝ պատմելով նրա ստեղծագործական գործունեության, ընտանիքի և հետաքրքրությունների մասին։ Գրում է POP անկյունը:
Լեոն հայտնի երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին է։ Նա մեծացել է երաժշտական միջավայրում. նրա կրտսեր եղբայրը նույնպես հետաքրքրված է երգով։
Պատանի կատարողն արդեն միջազգային մրցութային փորձ ունի։ 2024 թվականին նա Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլում»՝ Մադրիդում կատարելով «Cosmic Friend» երգը։
Երաժշտությունից բացի Լեոն զբաղվում է նաև դերասանական արվեստով։ Նա մարմնավորել է Արամի կերպարը «Մոլորվածը» գեղարվեստական ֆիլմում։ Պատանի երգիչը նաև կիթառ է նվագում, սիրում է ֆուտբոլը, զբաղվում լողով և թենիսով։
Կազմակերպիչների հրապարակման մեջ Լեոն իրեն բնութագրել է որպես կենսուրախ և ընկերասեր՝ նշելով, որ սիրում է շրջապատին դրական տրամադրություն փոխանցել։ Նա նաև խոսել է մանկությունն առանց շտապելու վայելելու ցանկության մասին։
«Ուզում եմ աստիճանաբար մեծանալ՝ առանց շտապելու, որպեսզի բավականաչափ ժամանակ ունենամ մանկությունս վայելելու»,- նշել է Լեոն։
«Մեր սերունդը» մանկական հեղինակային երգի միջազգային հեռուստատեսային մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2023 թվականին՝ Մոսկվայում։ Այն նախատեսված է 9–16 տարեկան պատանի կատարողների համար։
Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները պետք է կենդանի կատարմամբ ներկայացնեն նոր հեղինակային ստեղծագործություն կամ անմիջական մասնակցություն ունեցած լինեն իրենց երգի ստեղծմանը։
Այս տարի մրցույթն առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանից դուրս՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ Նոյեմբերի 20-ին նախատեսված եզրափակչին կմասնակցեն տարբեր երկրներ ներկայացնող պատանի երգիչներ։
Հայաստանի ներկայացուցչի մրցութային երգի անվանումն ու ստեղծագործական մանրամասներն առայժմ չեն հրապարակվել։ Կազմակերպիչները հայտնել են, որ Լեոյի կատարումը շուտով կներկայացվի հանրությանը։
















