Հանրային հեռուստաընկերությունը հայտնել է 16 մասից բաղկացած պատմական հեռուստասերիալի մեկնարկի օրը և հրապարակել նոր տեսանյութ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Թելման Խաչատրյանը, Միլենա Ղազարյանն ու Հրանտ Հովսեփյանը։ Գրում է Pop անկյունը:
Հանրային հեռուստաընկերության «Անկախություն» պատմական հեռուստասերիալի պրեմիերան կկայանա նոյեմբերի 20-ին՝ Առաջին ալիքի եթերում։ Մեկնարկի օրվա հայտարարությանը զուգահեռ ներկայացվել է նաև նախագծի նոր թիզերը։
16 մասից բաղկացած հեռուստասերիալի գործողությունները ծավալվելու են 20-րդ դարասկզբի Երևանում և Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում։ Պատմության կենտրոնում երկու ընտանիքների բարդ ու դրամատիկ փոխհարաբերություններն են, որոնք զարգանալու են հայոց պատմության այդ ժամանակաշրջանի առանցքային իրադարձությունների ֆոնին։
Ավելի վաղ ներկայացվել էին նաև սերիալի երեք գլխավոր հերոսների մասին մանրամասները։
Թելման Խաչատրյանը կմարմնավորի Վարուժան Սահակյանին՝ աթթարների համքարության վարպետի կրտսեր որդուն։ Վարուժանը մեծացել է ավագ եղբոր ստվերում, սակայն դա նրան չի դառնացրել։ Նա տաքարյուն ու խիզախ երիտասարդ է, որը պատրաստ է վճռական քայլերի՝ հանուն իր ընտանիքի։
Հրանտ Հովսեփյանի հերոսը Արեգ Հայկազյանն է՝ երիտասարդ ու խոստումնալից ոստիկան, որը սիրահարված է Սոնային։ Արեգն աչքի է ընկնում խելամտությամբ, զսպվածությամբ և պատասխանատվության մեծ զգացումով։ Առանց հոր մեծանալը ստիպել է նրան վաղ հասունանալ։ Նա քչախոս է և սովոր է չարտահայտել իր զգացմունքները։
Միլենա Ղազարյանը կմարմնավորի Սոնա Պետրոսյանին՝ ունևոր ընտանիքում ծնված ու մեծացած երիտասարդ աղջկա։ Արտաքնապես փխրուն, բայց ներքուստ ուժեղ Սոնան համարձակ է, հետաքրքրասեր և աշխույժ։ Չնայած իր ապահովված կյանքին՝ նա անտարբեր չի մնում շրջապատում տեղի ունեցող անարդարությունների նկատմամբ։ Նրա համարձակությունն առանձնանում է նաև 20-րդ դարասկզբի հասարակական պատկերացումների համատեքստում։
Հանրային հեռուստաընկերությունը «Անկախություն»-ը ներկայացնում է որպես հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային հեռուստասերիալ։
Նախագծի ռեժիսորն Արման Գևորգյանն է, պրոդյուսերը՝ Լիանա Սմբատյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև Վարուժան Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Յուլիա Ֆինկը և այլք։
















