Միացյալ Թագավորության արքայազն Ջորջի՝ ճյուղին նստած գունավոր արքայածիտ թռչնի նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարում։ Հատկանշական է, որ ամսագրի այս թողարկման հրավիրված խմբագիրը նրա հայրն է՝ Ուելսի արքայազն Ուիլյամը։ Գրում է Radar-ը:
13-ամյա Ջորջը նկարը ստեղծել է այս գարնանը։ Ամսագրի 300 էջանոց հատուկ համարում տեղ է գտել նաև Ուելսի արքայադուստր Քեթրինի հարցազրույցը, որտեղ նա պատմել է քաղցկեղից հետո ապաքինման ընթացքի մասին։ Նրա խոսքով՝ բժիշկները նախազգուշացրել էին, որ վերականգնման ընթացքում կլինեն թե՛ լավ, թե՛ վատ օրեր։
Ամսագրի հրավիրված խմբագրի դերում արքայազն Ուիլյամը ոչ միայն ընթերցողներին հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալու իր ընտանեկան կյանքին, այլև ուշադրություն է հրավիրել կին զինծառայողների ծառայության պայմաններին։ Նա նաև խոսել է «Աստոն Վիլա» ֆուտբոլային ակումբի հանդեպ իր մեծ սիրո մասին։
Նշվում է, որ նկարչությամբ հետաքրքրվող արքայազն Ջորջը հետևում է ընտանիքի անդամների օրինակին։ Նրա պապը՝ թագավոր Չարլզ III-ը, նույնպես զբաղվում է նկարչությամբ։ Մայրը՝ Քեթրինը, և հորեղբայրը՝ Սասեքսի դուքսը, դպրոցական տարիներին արվեստ են ուսումնասիրել, իսկ Քեթրինը համալսարանում մասնագիտացել է արվեստի պատմության մեջ։
Անցյալ տարի Քեթրինը, Ջորջը և նրա կրտսեր քույրն ու եղբայրը՝ արքայադուստր Շառլոթն ու արքայազն Լուին, նկարել էին միմյանց դիմանկարները։ Քենսինգթոնյան պալատը սոցիալական ցանցերում հրապարակել էր չորս նկարները։
Պալատից հայտնել էին, որ ընտանիքի անդամները միասին նկարել են՝ ստեղծագործական զբաղմունքի միջոցով միմյանց ավելի մոտ զգալու, իրար ուշադիր դիտելու և միմյանց վրա կենտրոնանալու նպատակով։
















