Ժերար Դեպարդիեն իրեն մեղավոր է ճանաչել սեռական բնույթի բռնության գործով

Ժերար Դեպարդիեն հետ է կանչել սեռական բնույթի բռնության գործով մեղադրական դատավճռի դեմ ներկայացված բողոքարկումը և ներողություն է խնդրել տուժած կանանցից։ AFP գործակալությունը հրապարակել է 77-ամյա դերասանի խոստովանական նամակը՝ «Ես լսում եմ» վերնագրով՝ հենց այն օրը, երբ Փարիզի վերաքննիչ դատարանը նախատեսում էր սկսել կրկնակի լսումները։

Իր հայտարարության մեջ դերասանն առաջին անգամ ընդունել է վերդիկտը և խոստովանել, որ նկարահանման հրապարակում իր պահվածքն անցել է թույլատրելիի սահմանները․ «Արդարադատությունն իր խոսքն ասաց։ Ինձ մեղավոր ճանաչեցին։ Ես լսում եմ դա և ընդունում այս դատավճիռը։ Ուստի որոշեցի հրաժարվել բողոքարկումից»,- գրել է Դեպարդիեն։

Նա նշել է, որ երկար ժամանակ թաքնվել է սադրանքների ու կոպիտ հումորի հետևում, սակայն այժմ տեսել է հանդգնության և վիրավորանքի միջև եղած սահմանը․ «Ես հասկացա, որ դիտավորության բացակայությունը ոչինչ չի փոխում պատճառված ցավի հարցում, որ հանդգնության և վիրավորանքի միջև կա սահման, և որ իմ խոսքերն ու որոշ ժեստեր կարող էին դիպչել, ցնցել և վիրավորել»,- ասվում է նամակում։

Դատական վեճը դադարեցնելու իր որոշումը նա բացատրել է նրանով, որ «պատկանել է մի աշխարհի, որն այլևս գոյություն չունի», և «խորին ու անկեղծ ներողություն» է խնդրել բոլոր նրանցից, ովքեր կարող էին տուժել։

Ինչպես հայտնում է BBC-ն, տուժողները դերասանի՝ հետագա պայքարից հրաժարվելն անվանել են իրենց հաղթանակը, թեև նշել են, որ ակնկալում էին ներողություն լսել ավելի վաղ։ Պաշտպանական կողմի, դատախազության և հայցվորների կողմից բողոքները հետ կանչելուց հետո դատարանը կարճել է վարույթը, իսկ Դեպարդիեի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։