Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

88 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: 1960-1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ սովորելով ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում:

Նույն թվականին աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:

1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:

1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։

2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:

2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:

Հակոբ Ազիզյանը մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում.

Պեպո, Սամսոնյան` Սունդուկյանի «Պեպո», «Ամուսիններ»

Արբենին ` Լերմոնտովի «Դիմակահանդես»

Միքայել` Շիրվանզադեի «Քաոս»

Բոլենբրոկ` Շեքսպիրի «Ռիչարդ II»

Շմավոն` Ժ. Անանյանի «Կարուսել»

Երեք բեմադրության հեղինակ է․

«Աշնան արև»` ըստ Հ. Սաթևոսյանի

«Անառակ որդու վերադարձը»՝ ըստ Ա. Աղասարյանի

«Կիբոսա VII դար՝ըստ Հ. Վարդանյանի» (հեռուստաբեմադրություն)

Կինոյում ևս մարմնավորել է մի շարք կերպարներ․

«Հեղնար աղբյուր»՝ Երանոս, «Հող և ոսկի»՝ Ստեփան Մարգարյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Դիլան, «Վերադարձ»՝ Ռուբեն և այլն։

Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում: