«Հարի Փոթերի» նոր սերիալը երկրպագուների մի մասին հիասթափեցրել է

HBO-ի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» նոր սերիալի առաջին ամբողջական տեսահոլովակը տարբեր արձագանքների է արժանացել։ 90 վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է Հոգվարթսի մեծ դահլիճում աշակերտների ճաշկերույթը։

Որոշ երկրպագուներ դժգոհել են սերիալի տեսողական ոճից՝ այն համարելով թույլ և ցածր բյուջեով նկարահանված։ Ոմանք նույնիսկ կարծիք են հայտնել, որ տեսարանները նման են արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության։  Սակայն արձագանքները միանշանակ բացասական չեն եղել․ շատերը հավանել են տեսարանի երաժշտությունը, մթնոլորտն ու դերասանական խաղը՝ նշելով, որ անհամբեր սպասում են սերիալի թողարկմանը։

Տեսարանում Հարի Փոթերը (Դոմինիկ ՄաքԼաֆլին) Ռոն Ուիզլիին (Ալասթեր Սթաութ) հարցնում է՝ արդյոք Ալբուս Դամբլդորը (Ջոն Լիթգոու) մի փոքր խելագար չէ։ Ռոնը պատասխանում է՝ «Այո՛, լրիվ խելքը թռցրել է»։ Սերիալի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 25-ին։ Այն բաղկացած կլինի ութ մասից։