44-ամյա Էն Հեթուեյը լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային

Էն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել։ Նախօրեին 44-ամյա դերասանուհուն նկատել են նորածնի հետ Նյու Յորքում զբոսնելիս։

TMZ-ի հրապարակած լուսանկարներում Հեթուեյը երեխային պահում է շագանակագույն սլինգի մեջ, որտեղից երևում է վարդագույն փոքրիկ գլխարկը։ Հենց այս մանրուքից համացանցի օգտատերերը ենթադրել են, որ դերասանուհին և նրա ամուսինը՝ ոսկերչական դիզայներ Ադամ Շուլմանը, աղջիկ են ունեցել։ Ինքը՝ Էնը, դեռևս չի մեկնաբանել ընտանիքի համալրումը։

Հիշեցնենք, որ ամուսիններն արդեն դաստիարակում են երկու որդի՝ 10-ամյա Ջոնաթանին և վեցամյա Ջեքին։ Հեթուեյն ու Շուլմանն ամուսնացել են 2012 թվականին։ Մինչ այդ դերասանուհին գրեթե չորս տարի հանդիպում էր իտալացի գործարար Ռաֆայելլո Ֆոլիերիի հետ․ զույգը բաժանվել էր այն բանից շատ չանցած, երբ տղամարդուն մեղադրել էին բարեգործության համար հավաքված միջոցները հափշտակելու մեջ։