Սիրուշոյի Pregomesh ապրանքանիշը պատրաստվում է ներկայացնել «Պռեգոմեշ մթերք» հավաքածուի երկրորդ ալիքը։ Այս տարվա օգոստոսին թողարկված անակնկալ կախազարդերի շարքը շարունակվում է նոր հավաքածուով, որն այս անգամ ներառելու է 11 նոր տեսակ։ Այս մասին գրում է POP անկյունը:
Նոյեմբերի 17-ին ապրանքանիշը սոցցանցերում առաջին ակնարկն է հրապարակել՝ նոր հավաքածուն ներկայացնելով աշնանային տրամադրությամբ։ «Աշունը եկավ ու հետը բերեց մի մեծ զամբյուղ, մեջը՝ մի բուռ արև, մի ամբողջ հայկական բակի տերևաթափ ու մի թաքուն ուրախություն», – ասվում է հրապարակման մեջ։ Նույն գրառմամբ հայտարարվել է «Պռեգոմեշ մթերք 2»-ի մոտալուտ թողարկման մասին, ինչպես նաև բացահայտվել է նոր հավաքածուի կախազարդերի քանակը՝ 11։
Նոյեմբերի 18-ին Pregomesh-ը հրապարակել է ևս մեկ ակնարկ՝ այս անգամ շեշտադրելով հավաքածուի գաղափարը։ «Այս անգամ շուկայից այգի գնացինք՝ մի մեծ զամբյուղ մթերք հավաքելու», – գրել է ապրանքանիշը՝ նշելով, որ նոյեմբերի 20-ին կներկայացնի հավաքածուի պարունակությունը։
Հրապարակման մեկնաբանություններում հետևորդներից մեկը ենթադրել է, որ նոր կախազարդերի թվում կարող են լինել ամանորյա սեղանի մթերքները՝ պոպոքը, պնդուկն ու մանդարինը։ Pregomesh-ը մեկնաբանությանը պատասխանել է աչքերի էմոջիով՝ առանց ենթադրությունը հաստատելու կամ հերքելու։
Իր հերթին Սիրուշոն հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրել է երկրորդ ալիքի տուփի ձևավորումը։ Երգչուհու խոսքով՝ նոր կախազարդերը չեն կրկնելու առաջին հավաքածուն․ այս անգամ ներկայացվելու են բոլորովին նոր տեսակներ։ Տեսանյութի հրապարակման մեջ նշված է նոյեմբերի 21-ը։
















