«SpongeBob SquarePants»-ը էկրաններին հայտնվելուց ավելի քան 27 տարի անց շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի անիմացիոն սերիալներից մեկը։ Ստեղծողները խոստովանում են, որ նույնիսկ իրենք չեն կարող հստակ բացատրել դրա երկարատև հաջողության գաղտնիքը։ Գրում է Radar-ը:
Ծովային կենսաբան և անիմատոր Սթիվեն Հիլենբերգի ստեղծած սերիալը պատմում է Բիկինի Բոթոմի բնակիչների՝ Սպունգ Բոբի, Պատրիկի, Սքվիդվարդի, Միստր Կրաբսի և Սենդիի արկածների մասին։ Թեև այն նախատեսված է երեխաների համար, հեղինակները սկզբից էլ ձգտել են ստեղծել մուլտսերիալ, որը հետաքրքիր կլինի ամբողջ ընտանիքի համար։
Դրա շնորհիվ շատ երկրպագուներ, որոնք մանկության տարիներին դիտել են Սպունգ Բոբին, այսօր այն դիտում են արդեն իրենց երեխաների հետ։ Սերիալը դարձել է նաև համացանցային մշակույթի մի մաս․ հերոսների խոսքերը, դեմքի զվարճալի արտահայտություններն ու տեսարանները տարիներ շարունակ վերածվում են մեմերի։















