Հայոց ցեղասպանության մասին գրառումից հետո թուրք օգտատերերը «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համացանցում պարբերաբար կիսվում է իր` Հայաստան կատարած այցի տպավորություններով: Քիմը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել: «Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց: Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: Մենք երբեք չենք մոռանա, որ 1․5 միլիոն հայ է սպանվել»,- գրել է Քարդաշյանն Ինստագրամի իր էջում:

Նրա այս գրառումը 1 միլիոնից ավելի հավանության և շուրջ 7100 մեկնաբանությունների է արժանացել:  Մեկնաբանություններ են եղել նաև թուրք օգտատերերի կողմից, որոնք բարկացել են Քիմի խոսքերից: «Հանեք ձեր դիմակները և հիշեք Ղարաբաղը: Մեր պատմությունում չի եղել ոչ մի ցեղասպանություն: Դու չգիտես պատմությունը և բավական է ստես: Ցեղասպանություն չի եղել, բավական է վարկաբեկել թուրք ժողովրդին և թուրքական պատմությունը»,- գրել է թուրք օգտատերերից մեկը:

Սակայն մյուս  օգտատերերի բացարձակ մեծամասնությունը աջակցել է Քարդաշյանին: Ոմանք նշել են, որ Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, կհպարտանար իր աղջկանով, եթե ողջ լիներ: Մի մասն էլ ուղղակի շնորհակալություն է հայտնել Քիմին Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար: