«Ես ուզում եմ, որ իմ երեխաների մայրիկը լինի խնամված և գեղեցիկ»․ Օլյա Հակոբյանը իր կազմվածքը պահպանելու, նոր դերի և երկու երեխաների մասին

Եթե հայտնի ես, ուրեմն ինքնըստինքյան հայտնվում ես բոլորի ուշադրության կենրոնում։ Քննարկումներն ու խոսակցությունները անպակաս են նամանավանդ այն դեպքում, երբ մի փոքր չես հետևում ընդհանուր դարձած կարծրատիպերին ու բարքերին։

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով միայնակ մեծացնում է իր երկու որդիներին, մշտապես հետևում է իր արտաքինին և պարբերաբար հաճախելով մարզասրահ՝ պահպանում է իր գեղեցիկ կազմվածքն ու տեսքը։ ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ, խոսել նոր դերից, թատրոնից, իր երկու երեխաններից և մշտապես խնամված արտաքին ունենալու գաղտնիքներից։

Դերասանուհին վերջերս նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Անավարտ երազ» հեռուստասերիալում, որն այժմ ցուցադրվում է հեռուստատեսությամբ։

Օլյան անդրադառնալով հեռուստատեսային նոր կերպարին՝ նշեց, որ առաջարկն ընդունելիս առաջնահերթ կարևորում է նյութն ու ստեղծագործական թիմը։ Սակայն միևնույն ժամանակ հավելեց, որ ինքն իրեն յուրաքանչյուր դերում էլ կարող է տեսնել, ըստ առաջարկված սցենարի և ռեժիսորի կողմից  տրված խնդիրների։ Ասաց, որ դերի հետ կապված հատուկ նախասիրություններ չունի, կարևորը՝ հետաքրքիր կերպար լինի։

Իր հերոսուհին գործնական կին է, ով հանդիսանում է իրար դեմ հակամարտող կուսակցություններից մեկի նախագահի օգնականը։ Չի կարելի ասել, որ կերպարը բացասական է, Օլյան կարգապահ աշխատակից է, ով ամեն կերպ օգնում է իր ղեկավարին, կարգավորում նրա աշխատանքային հարցերը, նաև հարաբերությունների մեջ է վերջինիս հետ։

Նշենք նաև, որ դերասանուհին նախկինում բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելու փորձ ունեցել է «Միլիոնը թակարդում», «Էլենի օրագիր», «Վերջին գործարք» և մի շարք այլ նախագծերի շրջանակում:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձանք այն փաստին, որ Օլյան բավականին ակտիվ կերպով այցելում է մարզասրահ և չի մոռանում մշտապես գեղեցիկ և խնամված տեսք ունենալ։ «Խիտ գրաֆիկի հետ մեկտեղ ես աշխատում եմ ամեն ինչն էլ պարտաճանաչ կերպով հասցնել, քանի որ ես իրավունք չունեմ տեսքս անտեսել՝ մասնագիտությունից ելնելով»,- նշեց դերասանուհին։ Իսկ անդրադառնալով երեխաներին ու նրանց հետ կապված օրեցօր ավելացող հոգսերին՝ Օլյան հետաքրքիր պատասխան հնչեցրեց․ «Ես կասեի, որ երեխաների հետ կապված հոգսերը միշտ էլ կլինեն՝ անկախ իրենց տարիքից։ Երբ ծնվում է երեխան, պատասխանատվությունն էլ ինքնըստինքյան հայտնվում է։ Կոնկրետ ես ուզում եմ, որ իմ երեխաների մայրիկը լինի խնամված և գեղեցիկ»։


Դերասանուհին կրկին ամուսնանալու մասին դեռ չի մտածում։ Ինչպես հաճախ կրկնում է՝ Աստծու գործերի մեջ խառնվել չի կարելի։ Այնպես որ՝ սպասենք։

Օլյան նախկինում նաև նշել էր, որ ցանկություն ունի վերադառնալ թատրոն։ Այս հարցի կապակցությամբ նշեց, որ արդեն ավարտման փուլում են և շուտով ամեն ինչ ավելի պարզ կլինի։

Օլյա Հակոբյանը վերջում նաև հավելեց, որ տխրում է մոտեցող ձմռան պատճառով, քանի որ ձմռան օրերն իր համար իսկական տանջանք են։

Նյութը՝ Լուս Ավագյանի