«Պարզվում է՝ շուրջդ բոլորը դավաճան և երկերեսանի են, իսկ հաջողություններդ էլ վերագրում են սիրեկան ունենալուն». Էլլեն Ասատրյանը՝ հիասթափության և ձրիակեր տղամարդկանց մասին

Հայկական շոու-բիզնեսում կան հայտնիներ, որոնք, անկախ ամեն ինչից, գրեթե միշտ հայտնվում են քննարկումների կիզակետում, դառնում խոսակցությունների ու բամբասանքների առարկա, սակայն չնահանջում, չընկճվում և այդ ամենից ավելի ու ավելի ուժ հավաքելով՝ գնում առաջ հաստատուն քայլերով. ShowBiz.am-ի զրուցակիցը հենց նրանցից մեկն է: Էլլեն Ասատրյանն, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Աբելի քույրը» հեռուստասերիալից, կամաց-կամաց սկսեց հարթել իր ճանապարհն այս ասպարեզում, զբաղվեց նաև հաղորդավարությամբ և երգով:  Ճանապարհի կերտման ու կայացման փուլում Էլլենը, բնականաբար, բազում փորձությունների, դժվարությունների և, իհարկե, քննադատությունների է հանդիպել: Ավելին՝ նա ամենաքննակրվող ու քննադատվող կերպարներից է, սակայն, ինչպես ինքն է նշում, վերջերս սկսել է զատել իր կյանքում տեղ գտած լավ մարդկանց վատերից և շրջապատում պահել միայն իր լավն ու բարին կամեցողներին:  Էլլենի հետ զրուցել ենք  իր անցած ուղու, հաղթահարած հիասթափությունների և իր հաջողությունները սիրեկաններին վերագրելու մասին:

Էլլենի առավոտը սկսվում է շատ ուշ՝ կեսօրին. «Առավոտս սկսում եմ ցերեկվա ժամերին և ոչ սուրճից. ես սուրճ չեմ սիրում: Փակ աչքերով բարձիս տակ փնտրում եմ հեռախոսս ու միանգամից ստուգում սկզբում ստացած զանգերը, հետո՝ Ինստագրամս»,-պատմում է դերասանուհին:

Նա մշտապես աչքի է ընկնում իր խնամված ու գեղեցիկ արտաքինով: Ինչպես է այդ ամենը միշտ պարտաճանաչ հասցնում և հետևում ամեն ինչին ՝ նա նշում է. «Խնամված լինել կամ չլինելու վրա չի ազդում անգամ տրամադրությունս. ես անգամ շատ վատ տրամադրության դեպքում հետևում եմ արտաքինիս, քանի որ ես մարդ եմ, ով ամեն օր հանդես է գալիս բեմից. Ես պարզապես իրավունք չունեմ չխնամված լինելու»:

Իսկ մշտապես գեղեցիկ լինելու և ներդաշնակ կյանքով ապրելու մոտիվացման աղբյունը նրա համար հետևյալն է. «Ինձ մոտիվացնում են իմ ունեցած հիշողությունները, իմ աշխատանքային առաջխաղացումը, որն ակնհայտ է, և ես տեսնում եմ ամեն օր»,-նշում է նա և հավելում, որ և՛ հաղորդավարական աշխատանքը, և՛ դերասանականը, և՛ երգչուհու կերպարում հանդես գալը նրա  համար անչափ հոգեհարազատ են, բայց, այնուամենայնիվ, որպես դերասանուհի իրեն չափազանց լավ է զգում, խենթանում է տեսախցիկի համար և այն գործընթացի, որը կատարվում է էկրանից այն կողմ:

Այդ ամենի  ճանապարհներին հանդիպող բազում ու տարատեսակ քննադատություններն անխուսափելի են. «Պարզապես անարդարությունից եմ տանջվում ու չեմ սիրում, երբ  հաջողություններս վերագրում են  հարուստ սիրեկանի կամ նման այլ բաների»:

Էլլենի հետ խոսեցինք նաև այն հատկանիշների մասին, որոնք անմիջապես կարող են իրեն հեռու վանել տղամարդուց. «Տղամարդուց ինձ կարող է վանել անկայունությունը, բերանբացությունը և ուրիշի կարծիքներից կախված լինելը: Ամենաատելի բանը նաև կնոջ հաշվին ապրող ձրիակեր, անաշխատունակ տղամարդն է: Ես շահամոլ չեմ, բայց ատում եմ ժլատ տղամարդկանց»:

Իր կյանքում ունեցած դժվար փուլերից Էլլենը հիմնականում առանձնացրեց վերջերս իր հետ տեղի ունեցածը. «Վերջերս անցել եմ շատ վատ շրջան, երբ պարզվում է, որ շուրջդ բոլորը դավաճան և երկերեսանի են: Մաքրել եմ շրջապատս ու կողքիս պահել միայն այն մարդկանց, ովքեր իմ լավն են կամենում և չեն ծախվում այս կամ այն  բանի համար»,- անկեղծացավ դերասանուհին և նշեց, որ այդ հիասթափություններից սովորաբար դուրս է գալիս հայելու մեջ նայելով, գիտակցելով, որ ինքը կայացած է ու լավ մարդ: Իսկ խոսակցություններին ուշադրություն դարձնելու փոխարեն իր ժամանակը ծախսում է միայն լավ ու բարի նպատակների համար. «Դրական ապրելու համար պետք է շրջապատված լինել բարի ու լավ մարդկանցով, ովքեր միայն քո լավն են ուզում, կիսում են ուրախությունդ և տխրությունդ: Ցավոք, չար ու խառնակիչ մարդկանց էներգետիկան շատ հզոր է, պետք է պաշտպանվել հավատքով և ժպիտով»:

Բացի սա, նա վստահ է, որ հիասթափություններն ու յուրաքանչյուր վատ դեպք իրենց լավ ու դրական կողմերն էլ ունեն. «Չկա մի մարդ, ով չի ունեցել հիասթափություն: Ես հիասթափվել եմ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել եմ, որ այդ հիասթափության շնորհիվ եմ  ես ՝ ես: Առանց հիասթափությունների կյանքն անիմաստ կլիներ: Կյանքը լի է դաժան բացահայտումներով, որոնց կողքով պետք է անցնենք ժպիտով ու մեծ կամքի ուժ ցուցաբերելով»:

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան