Հրանտ Թոխատյանը՝ վաղ տարիքում մորը կորցնելու և իր երեք կանանց մասին

Ռուսական «Ատմոսֆերա» ամսագիրը ծավալուն հարցազրույց է իրականացրել դերասան Հրանտ Թոխատյանի հետ, որի ընթացքում հայտնի դերասանը պատմել իր վաղ տարիքում մորը կորցնելու, հոր անսահման սիրո, իր «բազմակնության» և Լուիզա Ներսիսյանի մասին:

Հրանտ Թոխատյանը 14 տարեկան էր, երբ կորցրեց մորը: Պատանեկության բարդ շրջան էր.
«Մայրիկին կորցնելը ողբերգություն էր: Չէ՞ որ ես միակ երեխան էի ընտանիքում և շրջապատված էի նրա մեծ, տիեզերական սիրով: Բայց հայրս կողքիս էր և կարողացավ ինձ միայնակ ոտքի կանգնեցնել: Այն, ինչ ես ինձնից ներկայացնում եմ որպես մարդ, նրա շնորհիվ է: Նա այդպես էլ չամուսնացավ՝ ինձ համար: Չէր ուզում ուրիշ կնոջ տուն բերել: Թեև երբ կորցրեց կնոջը, ընդամենը 40 տարեկան էր»:

Կարծիք կա, որ տղամարդիկ իրենց մայրերի նման կանանց են ընտրում, սակայն դերասանի մոտ այդպես չէ:
Հրանտ Թոխատյանն ամուսնացել է 3 անգամ, բայց իր կանանցից և ոչ մեկին չի նմանեցնում մորը.

« Հնարավոր է՝ ես մինչև հիմա չեմ գտել այնպիսի կնոջ, ինչպիսին իմ մայրն էր: Տղամարդկանց, ինչպիսին ես եմ, անվանում են բազմակին»:


Դերասանի երեք կանանց էլ համախմբում է մի բան՝ նրանք երեքն էլ դերասանուհի են: Սակայն Թոխատյանը պնդում է, որ չի սիրահարվում  տաղանդին, այլ սիրահարվում է  կնոջը: Նա գտնում է, որ յուրաքանչյուր կին երջանկացնում է տղամարդուն՝ գտնվելով նրա կողքին մի քանի ամիս կամ անգամ մի քանի ժամ:
«Ես շնորհակալ եմ իմ երեք կանանց նաև նրա համար, որ նրանցից յուրաքանչյուրն ինձ հրաշալի երեխա է նվիրել: Նրանց`բոլորին, շատ սիրում եմ, գնահատում: Հնարավոր է` իմ այդ ջերմ վերաբերմունքի շնորհիվ է, որ նրանք խաղաղ գոյակցում են: Չեմ կարող ասել, որ ընկերություն են անում, բայց նորմալ հարաբերություններ ունեն: Իսկ երեխաներս պարզապես հարազատներ են: Չգիտեմ` կսիրեին արդյոք նրանք միմյանց ավելի շատ, եթե ծնված լինեին նույն մորից»:

Դերասանի ավագ որդին՝ Արամը, արդեն 34 տարեկան է, պրոդյուսեր է և աշխատում է հենց Հրանտ Թոխատյանի ընկերությունում: Նա հորը նաև թոռնիկ է պարգևել, որին անվանել են Հրանտ:


Փոքր որդին` Հայկը, 27 տարեկան է, զբաղվում է գովազդով: Իսկ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի  դուստ՝ Լիլիթը, 12 տարեկան է:

Այն հարցին, թե երեք զավակներից ով է ավելի շատ նման իրեն, Հրանտ Թոխատյանը պատսախանում է. « Լիլիթն այս հարցին իր պատասխանն ունի: Նա ասում է`«Ես նույնքան գեղեցիկ եմ, որքան հայրիկը, և նույնքան խելացի, որքան մայրիկը»:

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի միջև 19 տարվա տարբերություն կա, սակայն դերասանը հույս ունի, որ կինն այդ տարբերությունն այդքան էլ չի զգում: Թոխատյանը պատմում է, որ իրենց միության սկզբնական ժամանակաշրջանում դժվարությունները շատ էին, որովհետև բնույթով ակտիվ, շփվող, հավաքույթներ, երեկույթներ ու կարմիր գորգեր սիրող Լուիզան ձանձրանում էր Թոխատյանի հասուն ընկերների հետ հանդպումներից ու շփումից:
Սակայն դերասանի պնդմամբ՝ Լուիզան ոչ միայն հոյակապ դերասնուհի է, այլ նաև լավ տան տիկին, ով մշտապես հետևում է տնային տնտեսությանն ու պահպանում կարգուկանոնը: Իհարկե, Լուիզայի մայրիկն այդ հարցում շատ է օգնում դստերը:
« Ես պաշտում եմ իմ զոքանչին, նա մեզ հետ է ապրում: Բայց այն, ինչ ես ուտում եմ, պատրաստում է անձամբ Լուիզան: Նա կերակուրները պատրաստում է իմ մոր բաղադրատոմսերով»:

Իր հարցազրույցներից մեկում Հրանտ Թոխատյանը պատմել է, որ որոշել է ամուսնանալ Լուիզայի հետ, երբ նրան խայթած կարիճը սատկել է: «Լուիզան հղիության ութերորդ ամսում էր, և ես շատ էի վախեցել: Մենք գնացինք հիվանդանոց, բժիշկը զննեց նրան և ասաց, որ դա կարիճի այնպիսի տեսակ է եղել, որի խայթոցը մահացու չէ: Այնուհետև նայեց սատկած միջատին և հարցրեց՝ «Սատկել է կնոջս խայթելո՞ւց հետո»,- դրական պատասխան ստանալուց հետո ասաց,-«Ուժեղ կին է, ամուսնացիր»: