Արմենիա TV-ին նոր հեռուստանախագիծ է սկսում, որը շատ շուտով կլինի մեր հեռուստաէկրաններին։ Ելենա Արշակյանի «Շիրազի Վարդը» նոր հեռուստասերիալը խոստանում է լինել տարբերվող, հետաքրքիր ու արտառոց դեպքերով ու սյուժեներով լեցուն։
ShowBiz.am-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումներից մեկին և ֆիքսել նկարահանման հրապարակում տեղի ունեցող ուշագրավ դեպքերն ու իրադարձությունները։ Չնայած վատ եղանակային պայմաններին, մենք կարողացանք հետաքրքիր նորություններ պարզել սերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանից, ով մեզ հետ կիսվեց սերիալին առնչվող ինտրիգային մանրամասներով։
«Իրականում բավականին ռիսկային նախագիծ ենք սկսում։ Ռիսկային է այն առումով, որ մենք մտնում ենք մի տեղ, որտեղ եթե անկեղծ լինեմ՝ կարող եմ ասել, որ չգիտեմ՝ ինչ արձագանք կլինի հանրության կողմից»,- զրույցի սկզբում նշեց Ելենա Արշակյանը։
Պրոդյուսերն իր խոսքում պատմեց այն մասին, թե ինչ նախաբան ու պատմություն է ունեցել իր հեռուստասերիալը և թե ինչից ոգեշնչվելով է որոշել կյանքի կոչել այս նախագիծը։ «Մոտ երկու տարի առաջ լսեցի մի պատմություն, որը բավականին մեծ արձագանք ստացավ: Եթե չեմ սխալվում, «Սպասիր ինձ» հաղորդման շրջանակներում խոսվում էր մի պատմության մասին, որ հայ ընտանիքը որդեգրել է ադրբեջանցի երեխայի և արդեն հետագայում ադրբեջանցի ծնողները սկսել են փնտրել և փորձել են գտնել այդ երեխային։ Այդ պատմությունը բավականին մեծ նստվածք էր տվել իմ մեջ և հետագայում էլ նմանատիպ այլ պատմություններ էի լսել ու որոշեցի այն կյանքի կոչել։ Ինչպես նաև իմ նախագծերի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը, ով բավականին ժամանակ ապրել է Իրանում, պատմեց մի պարսկական ընտանիքի պատմություն, ովքեր որդեգրել էին հայ տղայի, ով հիմա բավականին հայտնի բիզնեսմեն է, տեղափոխվել և ապրում է ԱՄՆ-ում։ Կստեմ, եթե ասեմ, որ ամբողջությամբ վերցրել ենք իրական պատմությունը, բայց հիմնական մասը ճշմարիտ դեպքեր են։ Ու այդիպով՝ Անահիտ Մխիթարյանի հետ որոշեցինք ստեղծել «Շիրազի Վարդը»»,- մանրամասնեց պրոդյուսերը։
Սերիալի անվան հետ կապված ամեն ինչ շատ պարզ է․ Շիրազը քաղաք է, որը գտնվում է Իրանում, Վարդն էլ սերիալի հերոսուհու անունն է։ Ելենան բազմիցս նշել է, որ առհասարակ վերնագրեր ընտրելիս երբևիցե չի փորձում ամպագոռգոռ ինչ-որ բաներ մտածել, այլ ամեն ինչ փորձում է պարզ ու հասկանալի անել։
Նկարահանումները սկսվել են դեռ անցյալ տարի։ Նախագծի ստեղծողները համագործակցում են Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ։ Նկարահանումները եղել են նաև Իրանի Շիրազ և Թեհրան քաղաքներում և, ռեժիսորի խոսքերով՝ դեռ էլի կլինեն։ «Նկարահանումները շատ սիրուն, գունեղ և անսովոր են առաջին հերթին հենց ինձ համար։ Հեռուստադիտողի արձագանքին շատ եմ սպասում, որովհետև սա ուրիշ բան է։ Լինելով մեկը, ով արդեն երկար տարիներ սերիալարտադրության ոլորտում է, ասում եմ, որ սա ուրիշ նախագիծ է։ Չեմ ասում, որ լավն է կամ վատը, բայց վստահորեն կասեմ, որ տարբերվող է և որ հայկական սերիալարտադրության մեջ չի եղել այսպիսի նախագիծ»,- պարզաբանում է Ելենան։
Ֆիլմի պրոդյուսերը հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ նախագծում ներառել է նաև նոր դեմքերի։ «Ես չեմ կարող սկսել նոր նախագիծ ու հնարավորություն չտալ գոնե մեկին, որ իրեն կարողանա դրսևորել։ Խոստանում եմ, դուք կտեսնեք նոր դեմքեր, կլինեն մարդիկ, ում բացարձակ չեք տեսել էկրաններին, ինչպես նաև խոստանում եմ վերադարձ էկրաններին բավականին սիրված ու ճանաչված դերասան-դերասանուհիների»,- ինտրիգը պահպանելով՝ հավելեց մեր զրուցակիցը։
Դերասանական կազմում ընդգրկվել է Անի Երանյանը, ով արդեն տարուց ավելի է, ինչ չէր երևում հեռուստաէկրններին։ Նա հանդես կգա բավականին արտասովոր կերպարով․ այսպիսին Անիին հանդիսատեսը դեռ չի տեսել։ Նախագծում հանդես կգա նաև Հրաչյա Գասպարյանը, ով Թատերական ինստիտուտում եղել է Ելենա Արշակյանի վարպետը։ Պրոդյուսերի խոսքերով՝ երկարատև բանակցություններից հետո Թատերական ինստիտուտի նախկին ռեկտորը ի վերջո տվել է իր համաձայնությունը։ Հեռուստաէկրաններ նաև կվերադառնա դերասան Դավիթ Մարդյանը, ինչպես նաև կլինեն Իռա Հարությունյանը, Գոշը և շատ ուրիշներ։ Իսկ ինչ վերաբերում է գլխավոր հերոսուհուն՝ Վարդին, ում կմարմնավորի Էլեն Սարգսյանը, նա մասնագիտությամբ ռեժիսոր է, և պրոդյուսերն առաջին անգամ է աշխատելու նրա հետ։ Ելենան նշում է, որ դերասանուհուն շատ բարդ դեր է բաժին ընկել, քանի որ տեքստերը բավականին մեծ են և բացի այդ դրանց մի մասը պարսկերենով է, ինչն էլ ավելի է բարդացնում աշխատանքը։ Վարդի եղբոր դերում հանդես կգա դերասան Սիսիան Սեփանյանը, ում հետ կրկին պրոդյուսերն առաջին անգամ է աշխատում։
Բոլորը գիտեն, որ Ելենա Արշակյանը սովորություն ունի նույնիսկ վերջին օրերին էլ դերասանական կազմում փոփոխություններ անելու, այնպես որ այս անգամ էլ անմասն չի մնացել և փոփոխություններ է կատարել, որոնց մասին, սակայն, չցանկացավ բարձրաձայնել։
Հեղինակ՝ Լուս Ավագյան