Իտալիայում բնակվող հայազգի շեֆ խոհարար Միշա Սուքիասը դարձել է «Camionisti in Trattoria» (Վարորդները Տրատտորիայում) հանրահայտ խոհարարական հեռուստաշոուի նոր հաղորդավարը:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, Միշա Սուքիասը հաղորդավարի դերում Nove TV-ի եթերում հեռարձակվող հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանում կփոխարինի Գաբրիել Ռուբիոյին:
Սուքիասը հաղորդաշարի շրջանակներում պետք է ճանապարհորդի բեռնատարի երեք վարորդների հետ՝ այցելելով քաղաքից քաղաք և հաճախելով տեղի տրատտորիաները (իտալական ռեստորանի տեսակ, որը տարբերվում է դասականից` ուտեստների փոքրաթիվ տեսականիով և «տնական» խոհանոցով): Նա պետք է ոչ թանկարժեք և ավանդական ուտեստներ համտեսի, այնուհետև գնահատի և ընտրի հաղթողին:
Միշա Սուքիասը ծնվել է 1980 թվականին: Նրա հայրը հայ է, մայրն՝ իտալուհի։