Հայկական նախագիծ ռուսական հեռուստաշուկայում․ Սարգիս Մնոյանը մանրամասներ է պատմում «Գոշա» ֆիլմից

Նոր հայկական հեռուստանախագիծ, որը կհայտնվի ռուսական հեռուստաշուկայում․ «Գոշա»-ն 14 սերիայից բաղկացած նոր ֆիլմ է, որն իր մեջ ներառում է առանձին-առանձին պատմություններ, որոնք հիմնված են իրավիճակային հումորի վրա։

ShowBiz.am-ը զրուցել է նախագծի կրեատիվ պրոդյուսեր, պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Սարգիս Մնոյանի հետ, ով հետաքրքիր և ուշագրավ մանրամասներ է պատմել մեզ ֆիլմի ստեղծման, նկարահանումների ու դերասանական կազմի մասին։

«Մենք ցանկանում էինք ստեղծել մի նոր նախագիծ, որը կլիներ հետաքրքիր ու նոր մոտեցումներով հագեցած։ Գաղափարը արդեն վաղուց կար և քանի որ հնարավորություն ստեղծվեց մեր նախագիծը դրսում առաջարկելու, մենք անցանք աշխատանքներին։ Հենց սկզբից ցանկություն կար նախագիծը Մկրտիչ Արզումանյանի հետ իրականացնելու, քանի որ նա կարող է ցուցադրել իր բազմաշերտ դերասանական կարողությունները։
Այստեղ գործը մի փոքր բարդ է, քանի որ խոսքը մղվում է երկրորդային պլան և առաջնային են դառնում ժեստերն ու միմիկան։ Ֆիլմում, կարելի է ասել, խոսքը գրեթե բացակայում է, ինչպես գլխավոր հերոսի, այնպես էլ նրան շրջապատող մարդկանց մոտ»,- զրույցի ընթացքում նշեց Սարգիս Մնոյանը։

Նոր բազմասերիանոց ֆիլմը կատակերգություն է, որը կառուցված է փոքրիկ, իրարից տարբեր պատմություններից, որոնք ծավալվում են գլխավոր հերոս Գոշայի շուրջը։ Գոշան միջին տարիքի, մի քիչ տարօրինակ, բարի, միամիտ, մի քիչ էլ վախկոտ ու անվստահ անձնավորություն է, ով իր կոմֆորտից դուս գալով՝ հայտնվում է արտաքին աշխարհում ու անընդհատ ինչ-որ պատմությունների մեջ ընկնում։

Պրոդյուսերը մանրամասնում է, թե ինչպես է իրենց նախագիծը հասել ռուսական շուկա և թե ինչ ճամանապարհ է անցել․ «Այսպիսով՝ ես առաջարկեցի Մկրտիչին, նա էլ շատ հավանեց ու անցանք իրականացման փուլին: Իմ ընկեր Գարիկ Մարտիրոսյանի խորհրդով դիմեցինք ռուսական հայտնի “Yellow, Black and White” խոշորագույն ընկերությանը, որը զբաղվում է տարբեր հաղորդաշարերի, ֆիլմերի և սերիալների արտադրությամբ ու ամեն ինչ հաջող ընթացք ստացավ։ Մենք գլխավոր պրոդյուսեր Էդուարդ Իլոյանին ծանոթացրինք մեր գաղափարի հետ, ով նույնպես այն շատ հավանեց ու պայմանագիրը ստորագրելուց հետո, անցանք դրա իրականացմանը»։

Նոր նախագիծը բաղկացած է 14 մասից և եթերում կլինի ռուսական “Սուպեր” հեռուստաալիքով հունվարի 25-ից։
Սարգիս Մնոյանի խոսքերով՝ ենթադրաբար, ոչ շատ ուշ իրենք նախագիծը կբերեն նաև Հայաստան, և այն կցուցադրվի մեր հեռուստալիքներից մեկով։

Պատմությունը ամբողջովին կառուցված է Մկրտիչի կերպարի շուրջ, այսինքն ինքը ոչ միայն գլխավոր հերոսն է, այլև միակ գլխավոր կերպարը: Մյուս դերասանների կերպարները, կարելի է ասել, էպիզոդիկ են, ովքեր ժամանակ առ ժամանակ կհայտնվեն կադրում։

Նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունեցել Ռուսաստանում։ «Ի դեպ, մի սքեթչում նկարահանվել է նաև սիրված դերասան Հրանտ Թոխատյանը, ով այնպես ստացվեց, որ մեր նկարահանումների ժամանակ Մոսկվայում էր գտնվում և մեր առաջարկից հետո տվեց իր համաձայնությունն ու նկարահանվեց այդ էպիզոդում, ինչի համար անչափ շնորհակալ ենք իրեն»,- ասում է պրոդյուսերը։

Սարգիս Մնոյանը նաև նշեց այն մասին, որ ըստ էության սա աննախադեպ է նրանով, որ դեռ չի եղել նախագիծ, որն ամբողջությամբ (սցենար, պրոդյուսերներ, դերասաններ) կառաջարկվեր Հայաստանից և վերջում էլ կհայտնվեր ռուսական հեռուստաշուկայում։ Ստեղծագործական թիմը հենց սկզբից էլ ցանկություն է ունեցել, որ նախագիծը ստեղծվի “դրսի” համար։
«Մեծ սպասելիքներ ունենք, հույս ունեմ, որ հեռուստադիտողն անպայման կհավանի և այն բացի հայ և ռուս հանդիսատեսից, հնարավորություն կունենան ուրիշներն էլ տեսնելու և վայելելու»,- զրույցի վերջում հույս հայտնեց նախագծի պրոդյուսերը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան