«Այսօր ով քնից արթնանում է, սկսում է երգել». Սոնա Շահգելդյան

Փետրվարի 14-ին՝ իր ծննդյան ու սիրահարների օրվան ընդառաջ Սոնա Շահգելդյանը Երևանի ակումբներից մեկում համերգ է ունենալու:

Համերգի, նոր երգերի, սպասվելիք տեսահոլովակների, հայկական երգարվեստի մուղամներով ողողված լինելու ու այլ թեմաների շուրջ երգչուհին զրուցել է Showbiz.am-ի հետ:

 

 -Քանի որ Ձեր ծննդյան օրն ու սիրահարների տոնը համընկել են, Դուք որոշեցիք օրն անցկացնել բեմի վրա՝ ձեր հանդիսատեսների հետ: Ինչպիսի՞ երգացանկ եք ընտրել այդ օրվա համար:

-Ես գրեթե միշտ այդ օրը բեմում եմ լինում, ինչպես և այս տարի: Կլինեն տարբեր ոճի երգեր՝ և՛ ռոմատիկ, և՛ ուրախ:

 

-Պատրաստվու՞մ եք համերգից հետո նշել Ձեր տարեդարձը, եթե այո, ապա ում հետ:

-Երևի ավելի հանգիստ կնշեմ արդեն ամսի 15-ին, իմ ընկերների հետ, իսկ մինչ այդ ընտանիքիս:

 

-Առաջիկայում սպասվու՞մ են արդյոք նոր երգեր ու տեսահոլովակներ: Ո՞ր ժանրի մեջ են լինելու այդ ստեղծագործությունները:

-Այո, 2 երգ ունեմ, որոնց վրա հիմա աշխատում եմ: Դրանցից մեկն ավելի ռոմանտիկ ու լիրիկական է, բայց «տառապանք» չի լինի: Մյուս երգը անգլերեն լեզվով է, ու երկու երգերի դեպքում էլ սպասվում են տեսահոլովակներ:

-Այս տարվա ընթացքում նախատեսվու՞մ են արդյոք ավելի մեծամասշտաբ համերգային ծրագրեր Հայատանում և արտասահմանում:

-Ես ամեն տարի աշխատում եմ դրա վրա, Աստված առաջ, այս տարի կունենամ համերգներ թե՛ դրսում, թե՛ այստեղ:

 

-Ինչո՞վ են առանձնանալու այդ համերգները նախորդներից, ի՞նչ նոր մոտեցումներ կլինեն համերգի կազմակերպման գործընթացում։

-Ես կարծում եմ որ, երգիչը պետք է կանգնի բեմի վրա ու միայն իր ձայնով արդեն կարողանա զարմացնել: Շատ ողջունելի է, որ շոուներ են արվում, բայց սիրում եմ ավելի երգող արտիստների, որոնք պարզապես կարող են շատ լավ երգել: Ինքս ունեմ դերասանական ջիղ և կարողանում եմ պարել, ինչն արդեն ցույց կտամ տեսահոլովակներիս մեջ: Համերգներիս ընթացքում այլ անակնկալներ ևս կլինեն: Անհամեստություն չթվա, բայց կարծում եմ, որ միշտ կարողանում եմ զարմացնել իմ հանդիսատեսին:

 

-Ձեր հզոր ձայնային տվյալները թույլ են տալիս երգել երաժշտական տարատեսակ ոճերի երգեր: Կա՞ այնպիսի ժանր, որն ընդհանրապես չեք սիրում և որում երբեք չեք երգի:

-Այդպիսի ժանր գրեթե չկա, ամեն ոճում էլ երգում եմ: Բայց չեմ երգի վատ որակի երգեր: Այսօր շատ մարդիկ ասում են՝ իբր չեն երգի այս կամ այն երգերը, բայց հակառակն են ապացուցում: Իսկ ես միշտ մնում եմ իմ տեղում ու իմ խոսքին:

-Արդյո՞ք Ձեզ բավարարում է հայկական շոու– բիզնեսի այժմյան զարգացման տեմպերը:

-Ես բարի մարդ եմ ու միշտ մարդու երեսին եմ ասում այն, ինչ մտածում եմ, այլ ոչ թե շատերի պես խոսում եմ թիկունքում: Երբեք չեմ բողոքում, բայց այսօր ով քնից արթնանում է, սկսում է երգել ու ոչ ոք չի կարող նրան արգելել: Այս գործը պետք է սիրել ու լավ անել, որպեսզի այն չդառնա բիզնես, այլ լինի շոու, արվեստ և որակ ունենա: Մեկը, ով չի անցել ճանապարհ, չի կարող դառնալ լավ երգիչ ու դերասան: Շատ կցանկանայի, որ ուշադրություն դարձվեր ստվերում մնացած շատ լավ արվեստագետների:

 

-Պահանջկո՞տ է արդյոք այսօր հանդիսատեսը՝ որակով երաժշտություն լինի, համերգային ծրագիրը լրացնող բարձր մակարդակի շոու լինի, թե՞ մասսայական ռաբիզը իջեցրել է հանդիսատեսի ճաշակն ու պահանջկոտությունը։

-Դու պետք է ճաշակ թելադրես, ես դա միշտ ասել եմ: Հանդիսատեսին ինչ մատուցում ես, այն էլ լսում ու մարսում է: Լավը տաս լավը կլինի, վատը տաս՝ վատը: Բայց այսօր մենք ունենք բավականին լավ հանդիսատես:

 

-Ինչու՞, այնուամենայնիվ, մեր շատ՝ էստրադային ժանրի մեջ ընկալվող կատարողների մոտ սկսեցին երգացանկում գերակշռել մուղամի ելևեջները։ Ի վերջո, որտեղի՞ց և ինչու այսքան մեծ պահանջարկ ձևավորվեց թուրքական հնչյուններով համեմված ռաբիզի նկատմամբ։

-Թող ներեն ինձ շատերը, բայց պետք է ասեմ, որ մուղամը, թուրքական, արաբական ու հնդկական ելևեջները մերը չեն, մերը ժողովրդականն ու աշուղականն է՝ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Շերամ, Հավասի, Ջիվանի և այլն: Նաև շատ սիրում եմ մեր երևանյան ֆոլկը: Ռաբիզը միայն երգելը չէ, այլև մարդու պահելաձևը, խոսելը և հագնվելը: Խնդիրն այն է, որ հեռուստատեսությամբ ու համացանցով շատ արագ են տարածվում մուղամն ու անորակ երաժշտությունը: Այդ ողջ ընթացքը հսկողության կարիք ունի, պետք է վերահսկվի ու զարգանա մեր մշակույթը:

-Ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ արտիստներին ճանաչված ու սիրված դառնալու համար, մերօրյա իրականության պայմաններում:

-Պետք է անկեղծ լինես թե բեմում, թե կյանքում: Հանդիսատեսը շատ լավ գիտի՝ ով ով է: Պետք է այնպես ապրես ու ստեղծագործես, որ հարգանք վայելես ու հետք թողնես: Պետք է պատրաստ լինես նվիրվելու երգին, այլ ոչ թե մեկ երգից հետո ասես, որ հիվանդ ես ու ձայնդ վատ վիճակում է: Երգիչը պետք է կենդանի կատարի իր երգերը: Պետք է իսկապես տաղանդ ունենաս, քանի որ դա չես կարող փողով գնել: Կյանքում ոչ մեկից պետք է կախման մեջ չլինես, կեղծավոր չլինես, ատում եմ նման բաները: Պետք է ցանկացած պարագայում մարդ մնաս, ինձ համար ամենամեծ կոչումը հենց դա է:

 

-Ինչո՞վ եք զբաղվում այն ժամանակ, երբ ազատ եք ու ցանկություն ունեք առօրյայից կտրվելու:

-Երբեմն ուզում եմ մենակ մնալ ինքս ինձ հետ: Այդ ժամանակ փակվում եմ իմ մեջ ու փորձում խաղաղվել: Շատերը զարմանում են, թե ինչպես եմ կարողանում այսքան աշխատել, ամեն ինչ հասցնել ու չբողոքել: Իսկ իրականում շատ եմ հոգնում, բայց ցույց չեմ տալիս: Երբ ուզում եմ ցրվել, գնում եմ պարելու, դա ինձ օգնում է կտրվել հոգսերից:

 

-Եթե Ձեր կյանքը այնպես դասավորվեր, որ Դուք չդառնայիք երգչուհի, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Կդառնայի դերասանուհի, պարուհի կամ ֆուտբոլիստուհի:

 

-Ի՞նչ եք զգում ամեն անգամ բեմ բարձրանալուց առաջ: Ի՞նչ եք ասում ինքներդ Ձեզ:

-Բեմ բարձրանալուց առաջ չեմ վախենում, պարզապես պատասխանատվությամբ եմ մոտենում ու շատ եմ հարգում իմ հանդիսատեսին: Ամեն անգամ խաչակնքվում եմ ու նոր բարձրանում բեմ:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան