Բնականից չտարբերվող, բայց քաղցր հումքից պատրաստված ծաղիկներն ու բույսերը, շքեղ ձևավորումներով տորթերը Իսկուհի Համբարձումյանի օրվա մեծ մասն են: Տիկին Համբարձումյանն ու իր աշակերտները՝ Սեդա Մազմանյանը, Մելանյա Սիմոնյանը, Կարինե Շիրինյանը, Մարինե Խալաթյանը մասնակցել են Գերմանյայի Շտուտգարտ քաղաքում կայացած Հրուշակագործական և Խոհարարական ավեստների օլիմպիադային, որին մասնակցում էին 75 տարբեր երկրների ներկայացուցիչներ: Նրանք պատվով ներկայացրել են Հայաստանն ու իրենց տաղանդի շնորհիվ նվաճել 7 մեդալ՝ 3 ոսկե, 2 բրոնզե և 2 արծաթե:
Իսկուհի Համբարձումյանը
Սեդա Մազմանյանը
Մելանյա Սիմոնյանը
Կարինե Շիրինյանը
Մարինե Խալաթյանը
Հրուշակագործությունը Համբարձումյանի համար յուրահատուկ արվեստ է, և իր գործերը կարծես բնությունից պոկված մասնիկներ լինեն: Տիկին Իսկուհին ապրում է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում և աշխատում է քաղաքի լավագույն հրուշակագործական ֆաբրիկաներից մեկում, որպես ավագ մասնագետ: Տասը տարի շարունակ նա գալիս է Հայաստան ու դասավանդում հրուշակագործական նոր բաղադրատոմսեր ու մոտեցումներ:
Իսկուհի Համբարձումյանը զրուցել է Showbiz.am-ի հետ ու պատմել, որ դեռ դպրոցական տարիքից սկսել է հետաքրքրվել հրուշակագործությամբ, ու արդեն հասուն տարիքում, մասնագիտությամբ տնտեսագետ Իսկուհին ստացավ որպես հրուշակագործ իր առաջին մրցանակը Կիև քաղաքում:
«Այս մրցույթում 3 աշխատանքներով եմ ներկայացել, որոնցից մեկը կարապի տեսք ուներ, ես այն կոչել էի «Հարսանյաց երջանկություն», երկրորդը անտառային տեսարան էր, որն անվանել էի «Անտառային կույս», 3րդ աշխատանքս կոչվում էր «Միլեդի»: Բոլորը պատրաստված էին քաղցր ծաղիկներից» – պատմում է տիկին Իսկուհին:
Անդրադառնոլով հայստանյան և արտասահմանյան շուկաներին նա նշում է.
«Տեսքի ու համի առումով համեմատել չեմ կարող հայաստանյան շուկայի ու այլ երկրների տորթերը: Հայկական շուկայում ավելի գեղեցիկ ու ճաշակով աշխատանքներ են ներկայացվում: Մեր հրուշակագործներին պակասում է միայն տեխնիկան, այստեղ չունենք այնպիսի հնարավորություններ, ինչպես Եվրոպայում: Այնտեղի վարպետները չեն գալիս Հայաստան վարպետաց դասերով, քանի որ շատ մեծ գումարներ են պահանջում նույնիսկ 5 օրով այստեղ գալու համար»:
Տիկին Իսկուհին իր գործի նվիրյալն է ու ասում է, որ իրեն ուժ է տալիս սերը դեպի աշխատանքը և հայրենիքը.
«Շատ անգամներ մասնակցելով տարբեր մրցույթների ու չտեսնելով հայերի՝ ընկճվում էի: Հրուշակագործական և Խոհարարական արվեստնեի օլիմպիադային Հայաստանը երբեք չէր մասնակցել, ու ես շատ էի ուզում, որ մեր երկրի դրոշը ծածանվի այնտեղ: Հերթական անգամ եկա
Հայաստան ու մեկ ու կես ամիս շարունակ անվճար նախապատրաստեցի իմ աշակերտների խումբը, որպեսզի Հայաստանը վերջապես մասնակից լինի այդ մրցույթին: Չեմ ակնկալել որևէ ֆինանսական շահույթ, դա արել եմ, քանի որ շատ եմ սիրում հայրենիքս, չնայած այն փաստին, որ դեռ հիմնովին չեմ տեղափոխվել այստեղ: Շատ շնորհակալ եմ «Լուսինկա» ուսումնական կենտրոնի տնօրեն տիկին Ստելլա Խաչատրյանին, որովհետև նա հավատաց մեր նպատակին ու այդ ողջ ընթացքում իր կենտրոնն անվճար տրամադրեց մեր թիմին պատրաստվելու համար»:
Իսկուհի Համբարձումյանն ասում է, որ այս գործում վարպետանալու համար պետք է անդադար աշխատել, ինչպես նկարիչն է մանրակրկիտ կերպով աշխատում ամեն դետալի ու գույնի վրա.
«Շատերը կարծում են, որ մեկ-երկու դասընթացից հետո արդեն կարող են վարպետ դառնալ, բայց նույնիսկ այսքան տարվա փորձ ունենալու դեպքում ես դեռ շարունակում եմ անդադար աշխատել նոր տեխնիկաների վրա: Ցանկացած ծաղիկ, որ բնության մեջ տեսնում եմ, փորձում եմ ստեղծել դրա քաղցր կրկնօրինակը ու աշխատում եմ այնքան, մինչև հասնեմ իմ նպատակին»:
Տիկին Իսկուհին ասում է, որ գեղեցիկ տորթ ստեղծելիս պարտադիր պետք է հիշել, որ դա առաջին հերթին սնունդ է, ու պահել դրա համային ու որակական չափանիշերը.
«Դիզայնը կարևոր է, սակայն, չպետք է տուժի տորթի համն ու որակը: Եթե մի մասնագետը չի կարողանում համատեղել այդ 2 աշխատանքները, ապա համի համար պետք է պատասխանատու լինի այլ մարդ, իսկ ձևավորման համար՝ այլ: Առհասարակ որքան էլ ասեն, որ տորթի ձևավորման մեջ օգտագործվող «մաստիկա» կոչվող նյութը անվտանգ է ու այն կարելի է ուտել, ես խորհուրդ չեմ տա չարաշահել այն, քանի որ դա ավելորդ շաքար է»:
Հեղինակ՝ Դիանա Զաքարյան