Մրայա Քերին, Բիլլի Այլիշը, Green Day-ը և այլ աստղեր իրենց տներից կմասնակցեն Էլթոն Ջոնի կազմակերպած բարեգործական համերգին

Երգչուհիներ Մրայա Քերին, Բիլի Այլիշը, Ալիշա Քիզը, Green Day-ի մենակատար Բիլի Ջո Արմսթրոնգը և այլ արտիստներ կիրակի իրենց տներից կմասնակցեն երգիչ Էլթոն Ջոնի կազմակերպած բարեգործական համերգին։ Համերգի ընթացքում հավաքված գումարը կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարին, գրում է CNN-ը։

Հատուկ միջոցառումը, որի հեղինակն Էլթոն Ջոնն է, կհեռարձակվի Fox և iHeart ռադիոկայաններով։ Այն Միացյալ Նահանգներում առաջին խոշոր համազգային միջոցառումն է, որի ընթացքում հավաքված հանգանակությունը կուղղվի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։

IHeart Living Room Concert for America ծրագրում հանդես կգա նաև Backstreet Boys խումբը։ Բոլոր երաժիշտներն իրենց կատարումները կձայնագրեն իրենց հեռախոսների միջոցով։

Ըստ հաղորդման՝ հատուկ համերգը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել բուժաշխատողներին և քաջալերել կորոնավիրուսով վարակված մարդկանց։