«Սա սարսափելի բան է, բայց աշխարհի վերջը չէ». Սերժ Թանկյանը կիսվել է կորոնավիրուսի մասին իր մտքերով

System Of A Down խմբի երգիչ Սերժ Թանկյանն այս օրերին ինքնամեկուսացված է Նոր Զելանդիայում: Նա առցանց հարցազրույց է ունեցել տեղի հայտնի լրագրող Դեւիդ Ֆարիերի հետ և կիսվել կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեծված իրավիճակի վերաբերյալ իր մտքերով:

Երաժիշտի կարծիքով՝ վիրուսը կարևոր հաղորդագրություն է բնության կողմից, որը հուշում է մարդկանց փոխել իրենց ապրելակերպը:

«Որքանով, որ ես եմ տեղյակ աշխարհում դեռ նման իրավիճակ չէր ստեղծվել, կարծում եմ՝ այն մեզ կփոխի, կստիպի, որ երկու անգամ մտածենք մի բան անելուց առաջ: Կարծում եմ՝ այս ամենը մեկ օրում չի անցնի, մարդկանց երկար ժամանակ կպահանջվի հետևանքները հաղթահարելու համար: Այս ամենը օգնեց մեզ հասկանալ, որ ժամանակակից հասարակությունը ամոթալի վիճակում է: Շատերս գիտեինք այդ մասին, բայց արդեն հասցրինք նաև զգալ»,- իր խոսքում նշել է Թանկյանը: