Թերեզա Մարտիրոսյանը՝ կարանտինի և իր գեղեցկության գաղտնիքների մասին

Ինչպե՞ս մնալ խնամված, երբ գեղեցկության սրահները փակ են։ Այս մասին պատմում է մոդել Թերեզա Մարտիրոսյանը, ով Թուրքիայում կայացած «Photomodel Universe» մրցույթում ճանաչվել է «Առաջին Վիցե Միսս» և հաղթել «Տաղանդ» փուլում։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին առաջ է անցել 51 մասնակցից։
ShowBiz-ի հետ զրույցում Թերեզան պատմել է կարանտինի ընթացքում իր խնամքի, զբաղմուքների մասին՝ չմոռանալով խոսել նաև քրոջ՝ Լիլի Մորտոյի մասին։

Հետաձգված ծրագրեր
Կարանտինի ընթացքում աշխատանքի եմ գնում, պահպանում եմ անվտանգության կանոնները։ Մինչև կարանտինային ռեժիմը ունեի մի քանի ցուցադություն, որոնք հետաձգվեցին։ Սակայն կարծում եմ՝ երբ այս իրավիճակն անցնի, դրանք անպայման կկայանան և իմ մասնակցությունն էլ ուժի մեջ կլինի։

Կարանտինի ընթացքում գիրանալու խնդիր
Գեղեցիկ կազմվածքի հատուկ գաղտնիք չկա, դիետաների երբեք չեմ հետևել և հույս ունեմ, որ երբեք կարիք չեմ ունենա հետևելու։
Ես այն մարդկանցից եմ, ովքեր ամեն ինչ ուտում են, բայց չեն գիրանում։ Մարզվում եմ, սակայն սուտ կլինի, եթե ասեմ, որ ամեն օր ու ամեն ժամ։ Կարծում եմ գեները մեծ նշանակություն ունեն։ Մայրս գեղեցիկ կազմվածք է ունեցել, հիմա էլ ունի։
Պետք է չմոռանալ, որ օրգանզիմները տարբեր են։ Սակայն կարծում եմ՝ նիհարել ցանկացողներն անպայման պետք է դիմեն սննդաբանի և չհետևեն ինչ-որ դիետաների առանց մասնագետի իմացության։

Վարսերի դժվար խնամք
Մարդու արտաքինում, իմ կարծիքով, ամենակարևորը մազերն են ու ատամները։ Չեմ կարող ասել, որ շատ շքեղ մազեր ունեմ, որովհետև տարիների ընթացքում դրանց որակն ընկել է։ Իհարկե, շատ յուղեր եմ օգտագործում, որովհետև ներկած, բաց գույն ունեցող մազերի որակը շուտ է վնասվում է։ Հիմա մաքսիմալ հետևում եմ, ինքս եմ ներկում։

Հոգնած մաշկը բուժելու տարբերակ
Դիմահարդարվել շատ չեմ սիրում, սակայն նկարահանումների ժամանակ դա պարտադիր է։ Իմ մաշկը դիմահարդարումից շատ է հոգնում, և հիմա փորձում եմ մաքսիմալ քիչ կոսմետիկա օգտագործել։ Բարեբախտաբար, մաշկս լավն է, և խնդիրներ ոչ մի տարիքում չեմ ունեցել։ Սակայն կարծում եմ՝ նրանք, ովքեր ունեն խնդիրներ, դիմահարդարվելուց առաջ պետք է բուժեն մաշկը ու անպայման դիմեն կոսմետոլոգի։

Կարանտինի ընթացքում ծնված նոր մտահաղացում
Այս ընթացքում ինձ մոտ նոր մտահաղացում է առաջացել, որը կտեսնեք իմ ինստագրամյան էջում ու յութուբյան ալիքում։
Վերջին ժամանակներում ակտիվ չէի, փորձում եմ ուղղել դա։ Շատ հետաքրքիր բան է սպասվում, հուսամ՝ բոլորին դուր կգա։

Մեկուսացված քրոջ՝ Լիլի Մորտոյի մասին
Լիլին և իր ընկերն ինքնամեկուսացված են։ Երբ վիրուսը սկսվեց տարածվել, նրանք շրջագայում էին Եվրոպայում, որտեղ նույնպես կորոնավիրուսը սկսել էր տարածվել։ Ամեն օր կապի մեջ էինք, ամեն օր խոսում էինք, որովհետև նրանք կիզակետում էին։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է։ Ճիշտ է, մեկուսացված են, սակայն ամեն ինչ լավ է։ Սպասում ենք նրանց վերադարձին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան