«Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ կարանտինից առաջ ու դրանից հետո». Ռուզաննա Մանուչարյանի օգտակար ու հագեցած կարանտինը

«Բոհեմ» թատրոնի դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը չի հասցրել ձանձրանալ ինքնամեկուսացած առօրյայի ընթացքում։ Դերասանուհին գրեթե ողջ ժամանակն անցկացրել է ամուսնու՝ Վահան Միրաքյանի հետ ու իր բնորոշմանբ՝ այս ընթացքն հօգուտ իրենց եղավ, որովհետև մշտապես զբաղված գրաֆիկով ամուսինները վերջապես ավելի շատ ժամանակ կարողացան միմյանց հատկացնել։ Showbiz.am-ի հետ զրույցում Ռուզաննան պատմել է այս ընթացքում ձեռք բերած նոր մասնագիտության, երկրպագուների հետ օգտակար շփումների, իր ու Վահանի ուրախ առօրյայի, թատրոնի ու այլ հետաքրքիր մանրամասների մասին, ինչպես նաև մեզ տրամադրել իր նոր ֆոտոշարքի դեռ չհրապարակված լուսանկարները։

 

– Ինչպե՞ս է անցել Ձեր կարանտինային առօրյան:

– Իմ ու ամուսնուս կարանտինը բավականին լավ ու հաճելի անցավ։ Մինչև կարանտինը մենք անդադար աշխատում էինք, ու պատահում էր, որ մենք մի քանի օր շարունակ չէինք հասցնում միմյանց տեսնել, այն դեպքում, երբ ապրում ենք մի հարկի տակ։ Ես առավոտյան գնում էի փորձերի, նա քնած էր լինում։ Ես գալիս էի տուն՝ ամուսինս դեռ աշխատանքի էր լինում։ Ուզում եմ ասել, որ այս կարանտինային օրերն ինձ ու ամուսնուս ավելի մոտեցրին իրար ու մեր սերն ուղղակի կրկնապատկվեց։ Իրականում, սա մեծ փորձություն է ընտանիքների և զույգերի համար։ Ամեն կերպ փորձում էինք հետաքրքիր դարձնել մեր օրը՝ արտասահմանյան աստղերի հարցազրույցներ էինք նայում, համեղ ուտեստներ պատրաստում։ Ես էլ, ամուսինս էլ պատրաստում էինք։ Նա շատ համեղ է պատրաստում, ուղղակի հոյակապ։ Ասեմ, որ կարանտինը կոնկրետ իմ մեջ շատ բան փոխեց, նույնիսկ ինձ շրջապատող մարդիկ փոխվեցին։ Այդ ժամանակ շատ ավելին ես մտածում, ավելի շատ ես վերլուծում այն, ինչ արել ես կամ այն, ինչ պետք է անես հետագայում ու սկսում ես ավելի լուրջ վերաբերվել կյանքին, քան այս շրջանից առաջ էր։ Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ կարանտինից առաջ ու դրանից հետո կամ դրա ընթացքում։ Իհարկե շատ բարդ էր օրը 24 ժամ գտնվել փակ տարածքում՝ հատկապես մինչ այդ ունենալով հագեցած օրեր, խոսքս թատրոնի մասին է, ամուսինս էլ ձայնագրությունների էր գնում, փորձերի, նկարահանումների էինք մասնակցում, և երբ մի ակնթարթում այդ ամենը դադարում է, բնականաբար շատ մեծ սթրեսս է։ Կարծում եմ՝ սա շատ մեծ փորձություն էր անձի, անհատի համար, որը ցույց տվեց, թե ինչպե՞ս մարդը կարող է հաղթահարել նման իրավիճակը, և պարզ դարձավ, որ բոլորը տարբեր կերպ են արձագանքել այդ դժվարությանը։ Մարդիկ կան, ովքեր է՛լ ավելի են ուժեղացել, մարդիկ էլ կան, որ թևաթափ են եղել։ Ինձ ու իմ ընտանիքին այս իրավիճակը ուժեղացրեց և ավելի նպատակասլաց դարձրեց։

– Ինչո՞վ եք զբաղվել տնային մեկուսացման ընթացքում։ Ի՞նչ նոր հետաքրքրություններ եք գտել Ձեզ համար։

– Այդ օրերին ես նույնիսկ հոգնում էի, որովհետև այն ամենը, ինչ չէի հասցրել տանն անել, քանի որ զբաղված էի աշխատանքով, առաջ ստիպված գիշերն էի անում, իսկ այս ընթացքում վերջապես ավարտեցի բոլոր գործերս ու կարողացա մտքերս ի մի բերել ու գործողություններս ճիշտ կազմակերպել։ Քանի որ փոքրիկ բիզնես ունեմ ու ձեռագործ զարդեր եմ պատրաստում, որոնց համար բավականին շատ ժամանակ է պետք հատկացնել, վերջապես ժամանակ ունեցա՝ մանրամասն մտածելու, էսքիզները պատրաստելու, նյութերը հավաքելու ու գույները համադրելու համար։ Ես չեմ հասցրել ձանձրանալ, որովհետև այս ողջ ընթացքում չդադարեցի աշխատել։ Ես փորձեցի նոր մասնագիտություն սովորել՝ վարսահարդարություն։ Կարծում եմ, այս կարանտինային օրերին, յուրաքանչյուր իրեն հարգող կին գոնե մեկ անգամ փորձել է կտրել իր ամուսնու մազերը, նույնիսկ եթե շատ վատ է դա անում (ծիծաղում է -հեղ․)։ Ես էլ այդ փորձն ունեցա, ինչից հետո Վահանը երկու ամիս գլխարկ էր կրում, և որոշ ժամանակ առաջ մենք վերջապես կարողացանք գնալ լավ վարսահարդարի մոտ, ով ուղղեց իմ խայտառակ սխալները։ Բայց դա զվարճացրեց մեզ, ու կմնա մեր հուշերում որպես շատ զվարճալի մի օր։ Ես մի քանի գրքեր էի ձեռ բերել, որոնք մինչ այս չէի հասցնում կարդալ ու ինձ շատ վատ էի զգում, որ չէի կարողանում գիրք կարդալուն ժամանակ տրամադրել։ Բայց այժմ հպարտորեն կարող եմ ասել՝ գրքերի այն ցուցակը, որ դրել էի իմ առաջ կրկնապատկվեց ու ես կարդացի շատ ավելին, քան նախատեսել էի։

– Ինչո՞վ օգնեց Ձեզ օնլայն տիրույթը՝ տանը նստած լինելու ձանձրույթի դեմ պայքարում։

– Իմ ինստագրամյան հետևորդները շատ ակտիվ են, ես նրանց իսկապես շատ եմ սիրում և առիթը բաց չեմ թողնում դրա մասին ասելու, քանի որ որոշ չափով նաև նրանց շնորհիվ է, որ ես այդ ընթացքում չձանձրացա ու շատ հագեցած օրեր ունեցա։ Ես նրանց հետ շատ հետաքրքիր նախաձեռնություն անցկացրեցի․ մենք միասին երեք խմբերի բաժանվեցինք, որոնցում յոթանասունից ավելի մասնակիցներ էին ու տասօրյա չելենջ անցկացրեցինք, որի ընթացքում առողջ էինք սնվում և ամեն օր մարզվում։ Ես հետևում էի ողջ ընթացքին, ու այդ ընթացքում մարդիկ բավականին լավ արդյունքներ գրանցեցին, անգամ 3 կգ քաշի նվացեզում ունեցան։ Մի խոսքով՝ խենթ օրեր էին։

– Այս ընթացքում չեղարկվեցին բոլոր թատրոնների ներկայացումներն ու անգամ շատ այլ նախագծեր։ Ինչպիսի՞ն է իրավիճակը «Բոհեմ» թատրոնում, և ե՞րբ կարող ենք Ձեր մասնակցությամբ նոր նախագծերի սպասել։

– Ինձ համար ամենացավոտ թեման մեր ներկայացումների չեղարկումներն էր։ Մարտի 8-ին մենք խաղացինք մեր վերջին ներկայացումը «Բոհեմ» թատրոնում։ Հետո հայտարարվեց, որ ամեն բան փակվում է, ու մինչ օրս մենք սպասում ենք։ Հավատացնում եմ՝ դերասանի համար սարսափելի օրեր են, քանի որ մենք սովոր ենք ծափահարություններին, ներկայացումներից առաջ անհանգստանալուն, մենք սովոր ենք անդադար աշխատել, և մի օրում այդ ամենը կորեց, ու մենք ստիպված ենք նստել տանը, չգնալ թատրոն, չմասնակցել փորձերին։ Շատ նոր նախագծեր կային, որ պետք է տեղի ունենային այս գարնան վերջին և ամռանը, բայց թե ե՞րբ կարող ենք սպասել իմ մասնակցությամբ այդ նախագծերին, կարծում եմ նույնիսկ շատ ավելի փորձառու դերասաններ ու այլ ոլորտների մասնագետները չեն կարող ասել, քանի որ մեզանից ոչինչ կախված չէ։ Եթե ինչ-որ բան ինձանից կախված լիներ, վստահեցնում եմ, որ Դուք ինձ վաղը կտեսնեիք նոր նախագծերում, բայց հիմա երկրում տիրող իրավիճակը ստիպում է մեզ ենթարկվել ու գործել համընդհանուր շահերից ելնելով։

– Կա՞ այդպիսի մի կերպար, որը երազում եք մարմնավորել։

– Ես երազում եմ չդադարել խաղալ ու միշտ լինել բեմում՝ ցանկացած կերպարով, ցանկացած ժանրում։ Դա ուղղակի իմ հիվանդությունն է։ Իմ միակ երազանքն այն է, որ ես միշտ լինեմ բեմում, և կապ չունի դերն ու ժանրը, կամ՝ թե որ ռեժիսորի մոտ կամ որ ներկայացման մեջ կխաղամ։ Դա իմ արյան մեջ է, ես ինձ առանց բեմի չեմ պատկերացնում, ու առանց դրա իմ կյանքն անգույն կլինի։ Ես այն դերասանուհիներից չեմ, որոնք ֆիքսված ունեն սիրելի կերպարներ ու գնում են դեպի դա ու ճանապարհի կեսին հասկանում են, որ տարիքային սահմանափակում կա ու այդ դերը, որի մասին ողջ կյանքում երազել են, չի ստացվի մարմնավորել, նրանք հուսահատվում են, տխրում։ Դրա համար ես ինձ այդպիսի ծրագիր չեմ տվել ու սիրում եմ բոլոր այն կերպարները, որոնք ես կերտում եմ, դրանց մեջ ներդնում եմ իմ սիրտն ու հոգին ու շատ եմ աշխատում, որպեսզի իմ ռեժիսորն ինձանից գոհ լինի, որովհետև ի վերջո դա իր ներկայացումն է։ Մենք՝ դերասաններս, կատարող ենք ու պետք է նրա միտքը ճիշտ վերարտադրենք ու ներկայացնենք հանդիսատեսին։

– Ինչը՞ կարող է Ձեզ ստիպել որոշ ժամանակով հրաժարվել կարիերայից:

– Դա գաղտնիք չէ, ու իմ ընկերները, բարեկամները, ընտանիքը գիտեն, որ ես կարիերիստ եմ։ Ես դա ցավով եմ ասում, և գուցե շատերն ինձ քննադատեն, բայց երկար ժամանակ է, ինչ կարիերան իմ կյանքում գրավում է առաջին տեղը։ Կարծում եմ՝ դադար պետք է որ չլինի, բայց եթե տրամաբանորեն դատենք, երբ մեր ընտանիքում փոքրիկ էակ հայտնվի, բնականաբար ընտանիքը կգա առաջին պլան։ Այդ դադարից հետո ես արագ կփորձեմ վերադառնալ, քանի որ պարզապես չեմ կարող մինչև վերջ տրվել կենցաղին։ Ուղղակի վստահ եմ դրանում։

– Ինչպե՞ս եք տեսնում Ձեր կարիերան հինգ տարի անց:

– Ես չեմ ուզում բարձրաձայնել, գիտեմ, որ մտքերը, երազանքները, նպատակներն իրականանում են։ Այդ պատճառով ես կցանկանամ լռել այս մասին, քանի որ ես ինձ հինգ տարի հետո տեսնում եմ իմ մասնագիտության մեջ բավականին լավ տեղում։ Տա Աստված, որ ամեն ինչ տանի դրան ու լինի այնպես, ինչպես երազում եմ։

– Ունե՞ք մի սկզբունք կամ կարգախոս, որից երբեք չեք շեղվում:

– Առհասարակ սկզբունքային մարդ եք, թե՞ ավելի ենթարկվող: Ես բարդ մարդ եմ, քանի որ վազում եմ արդարության հետևից և երբեմն այդ ճանապարհով, որով վազում եմ ու փորձում բոլորին ստիպել լինել ազնիվ և անկեղծ, շատ հաճախ վնասում եմ ինձ։ Դա շատ հաճախ իմ դեմ է դուրս գալիս, ու մարդիկ ինձ ուրիշ կերպ են հասկանում։ Ես հարմարվող եմ, երբեմն շատ համբերատար, բայց ես արդարություն սիրող մարդ եմ, իսկ մեր օրերում դա երբեմն կարող է շատ վտանգավոր լինել հենց քո անձի համար, ու դու տուժես դրա պատճառով։ Չգիտեմ՝ դա կարգախոս կարելի է համարել, թե՞ ոչ, բայց ես վստահ եմ մի բանում․ եթե դու աշխատասեր ես ու փորձում ես անել ամեն ինչ, որպեսզի ստանաս այն, ինչ ուզում ես, ուրեմն անպայման դու դա կստանաս։ Ես շատ աշխատասեր եմ ու դա ոչ թե ես եմ իմ մասին ասում, այլ իմ կոլեգաները, ընկերներն ու ընտանիքը կարող են փաստել այդ մասին։ Ես ի սրտե հավատում եմ, որ եթե շարունակեմ շատ աշխատել, ապա կգա մի օր, որ ես կունենամ այն ամենը, ինչի մասին ես երազում եմ։

– Ինչի՞ մասին եք ամենից շատ երազում հենց այս պահին։

– Վիրուսն ու կարանտինային օրերը նույնիսկ իմ երազանքները փոխեցին ու այս պահին ամենից շատ երազում եմ, որ այս ամենը շուտ ավարտվի, ու վերջապես մարդիկ կարողանան սիրել, շփվել, հանդիպել։ Օրինակ՝ ես երկար ժամանակ է, ինչ ընտանիքիս չեմ տեսել, ու դա իրոք սարսափելի է։ Երազում եմ, որ այս օրերն արագ անհետանան, ու ես վերջապես կարողանամ հանդիպել ընտանիքիս հետ, քանի որ հայրիկս, մայրիկս ու եղբայրս արտերկրում են բնակվում։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան