Դալիթան՝ նոր սերիալի և համբույրի տեսարանի մասին

Երգչուհի Դալիթան, ով 2011 թվականին հայտնի դարձավ շատերին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում իր մասնակցությունից հետո, այժմ զբաղվում է ոչ միայն երգով, այլ նաև հանդես է գալիս տարբեր սերիալներում և սիթքոմներում։
Showbiz.am կայքի հետ զրույցում գեղեցկուհին հայտնել է, որ այսուհետ հանդես կգա հայ-ամերիկյան նոր հեռուստասերիալում, ու կիսվել է դրա մանրամասներով։

-Կպատմե՞ք «Purgatory» սերիալի և Ձեր կերպարի մասին։
-«Purgatory»-ն հայ-ամերիկյան սերիալ է։ Այն հայկական «Քավարան» սերիալի անգլերեն տարբերակն է՝ հատուկ արտասահմանյան լսարանի համար։ Թրիլեր ժանրի սերիալը առկա կլինի PopStar, Apple TV, Rokue հեռուստաալիքներով։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան կլինի PopStar օնլայն հարթակում, ամսի 9-ին։ Ես մարմնավորում եմ Ջեսսիկայի կերպարը, մի պատանի աղջիկ, ով իր զուգընկերոջ և մի շարք անծանոթների հետ գնում են Նոր Տարին նշելու անհայտ վայրում։ Դեպքերի ընթացքից հետո նրանք բոլորը պայքարում են ողջ մնալու համար, այդ թվում նաև Ջեսսիկան։ Իմ կերպարը ամենաերիտասարդն է և ունենում է շատ էմոցիոնալ դժվար ապրումներ սերիալի ընթացքում։

-Ինչպե՞ս ստացաք սերիալում նկարահանվելու առաջարկը։
-Ծանոթներիցս մեկը՝ ով սերիալների և կինոների ոլորտից է, ինձ տեղեկացրեց սերիալի քասթինգի մասին։ Գնալով քասթինգին՝ փորձեցի կերպարը։ Տեղեկացա նաև, որ քասթինգի վիդեոն ուղարկվում է արտասահման, որպեսզի ամերիկացի ռեժիսորը նույնպես կարողանա որոշում կայացնել, քանի որ հայ-ամերիկյան սերիալ է։ Ամիսներ անց տեղեկացա, որ դերը իմն է, և հետո արդեն սցենարի ընթերցման օրը ծանոթացա կոլեգաներիս՝ մյուս հայ և ամերիկացի դերասանների հետ։

-Առաջարկներ ստանալիս ի՞նչն եք առաջնահերթ կարևորում։
-Առաջարկներ ստանալիս մեծ ուշադրություն եմ դարձնում առաջին հերթին սցենարի բովանդակությանը և ինձ առաջարկված կերպարին։ Սիրում եմ, երբ իմ խաղացած կերպարները ամեն անգամ տարբեր են լինում, գուցե շատ չնչին, բայց նորովի։ Սիրում եմ, երբ տվյալ կերպարը ունենում է նոր և հետաքրքիր հատկանիշներ որոնք բացահայտելը և նրան կերտելու պրոցեսը լինում է որոշ չափով բարդ, բայց բավականին հետաքրքիր։ Եվ իհարկե, համաձայնվելու պատճառներից մեկն էլ անպայման թիմն է, ում հետ պետք է աշխատես ամիսներ և օր ու գիշեր։


Եղե՞լ են դժվարություններ՝ կապված Ձեր դերի հետ։
-Իմ կարծիքով յուրաքանչյուր դերասան պետք է լավագույնս փորձի կերտել իրեն վստահված կերպարը, նույնիսկ եթե իր ներսում զգում է, որ չի կարողանում հարմարվել կերպարի հետ։ Իմ կարծիքով հենց դրանով է դժվար և միևնույն ժամանակ՝ հիասքանչ դերասանական գործը։ Դերասանը սկսում է ուսումնասիրել կերպարի ներքին և հոգեկան աշխարհը, իր ներսում ստեղծում է նրան և փորձում հասկանալ, թե տվյալ դեպքում ինչպե՞ս կվարվի կամ կարձագանքի իրեն վստահված կերպարը։ Ջեսսիկան շատ տարբեր է իմ խաղացած կերպարներից։ Այո, նա պատանի է, բայց դա չի հեշտացնում կերպարը կերտելը։ Նկարահանման հրապարակում, աշխատանքային յուրաքանչյուր օր ապրել եմ նրա զգացումները, փորձել եմ հասկանալ նրան, ինչպես նաև ռեժիսորների հետ քննարկումները նույնպես օգնել են ներթափանցել նրա հոգեկան աշխարհ։ Ինչպես ասացի նա ունենում է ծանր հոգեկան ապրումներ սերիալի ընթացքում, և ամենադժվար պահը այդ զգացումները աստիճանաբար զարգացնելն էր։

-Իսկ հե՞շտ է ստացվում խաղալ համբույրի տեսարաններում, ինչպե՞ս եք վերաբերվում նման դրվագներին։
-Յուրաքանչյուր սերիալ կամ ֆիլմ դիտվում է, երբ այն լինում է բնական։ Երբ սիրող զույգեր են ֆիլմում և նույնիսկ իրար ձեռք չեն բռնում, դա արդեն իսկ նայվում է կեղծ։ «Purgatory»-ում Ջեսսիկայից և իր ընկերոջից բացի կան նաև ուրիշ զույգեր՝ բնականաբար, կլինեն նաև համբույրի տեսարաններ։ Մտնելով կերպարի մեջ՝ համբույրի տեսարանները դառնում են կերպարիդ պատմության մի մասը։ Այսպիսով՝ վերաբերվում եմ նորմալ և համարում եմ, որ պրոֆեսիոնալ դերասանը գիտակցում է, որ այն իր խաղի մի մասն է կազմում։

-Իսկ ի՞նչ նորություներ ունեք Ձեր երկրպագուների համար ապագայում։
-Դերասանական ոլորտում այս սերիալից բացի, կարող եմ ասել, որ կլինի նաև նոր ֆիլմ ամբողջովին ուրիշ ժանրի մեջ։ Իսկ երաժշտական ոլորտում ևս կան նորություններ, բայց դեռ շուտ է դրանց մասին բարձրաձայնելու համար։

-Հայտնի դարձաք որպես երգչուհի, իսկ վերջերս ավարտեցիք համակարգչային գիտության և ճարտարագիտության ֆակուլտետը, սակայն հիմա բավականին ակտիվ եք հենց դերասանական ոլորտում, Ձեր կարծիքով հեռանկարայի՞ն է այս ոլորտը։
-Եթե համեմատենք հոլիվուդյան ֆիլմերի հետ, իհարկե, մեծ տարբերություն կտեսնենք և կասենք, որ դերասանի կարիերան Հայաստանում շահութաբեր չէ։ Այս ոլորտը դեռ զարգացման փուլում է մեր երկրում և տեսնելով նման տեսակի համագործակցություններ՝ հեռանկարային եմ համարում։ Շատ մանրամասն չեմ կարող նշել հոնորարների մասին, քանի որ դրանք միշտ տարբեր են եղել կախված դերից։

-Իսկ ինչպե՞ս եք կարողանում համատեղել այս երեք մասնագիտությունները։
-Սիրում եմ ավարտածս մասնագիտությունը և պարտադիր պատրաստվում եմ աշխատել նաև այդ բնագավառում։ Այժմ պլանավորում եմ ուսումս շարունակել մագիստրատուրայում։ Հավատում եմ, որ եթե ունեմ ցանկություն և նվիրվածություն երեք բնագավառների հանդեպ, ապա կարող եմ հասցնել երեքն էլ։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան