«Ֆեյք մամա»-ն վերադառնում է նոր եթերաշրջանով. Մկրտիչ Արզումանյանը՝ «Ֆեյք պապա» սիթքոմի մասին

«Ֆեյք մամա» սիթքոմը, որը շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց սիրվել հեռուստադիտողներից շատերի կողմից, վերադառնում է երկրորդ եթերաշրջանով՝ այս անգամ «Ֆեյք պապա» անվանումով։ Դերասաններ Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի ու Արթուր Հարությունյանի գլխավոր դերակատարմամբ սիրելի սիթքոմը հոկտեմբերից կվերադառնա «Արմենիա» հեռուստաընկերության աշնանային եթեր։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասան Մկրտիչ Արզումանյանը խոսել է սիթքոմի երկրորդ եթերաշրջանի հետաքրքիր մանրամասների, դերասանական և ստեղծագործական թիմի համալրումների, իր կերպարի առանձնահատկությունների և զուգահեռ զբաղվածության մասին։

«Ի սկզբանե նախատեսված չէր նկարահանել երկրորդ եթերաշրջանը։ Այս եթերաշրջանի հետ կապված աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ։ Իհարկե, այս որոշման մեջ մեծ դեր է խաղացել առաջին եթերաշրջանի գրանցած հաջողությունները»,- պատմում է սիրված դերասանը։

Երկրորդ եթերաշրջանը կլինի նախորդի շարունակությունը, սակայն՝ սյուժետային այլ զարգացումներով։ Կլինեն այլ իրավիճակներ, որոնցում կհայտնվեն արդեն իսկ ծանոթ հերոսները։

Դերասանը նշում է, որ թե՛ ստեղծագործական և թե՛ դերասանական կազմում կլինեն հետաքրքիր համալրումներ։ «Բացի մեր հիմնական թիմից, ովքեր կային նաև առաջին եթերաշրջանում, կավելանան ևս մի քանիսը, ովքեր ևս առանցքային նշանակություն կունենան։ Այս եթերաշրջանում մեզ է միացել նաև իմ լավ ընկեր, սցենարիստ Աշոտ Աբրահամյանը, ում հետ բազմիցս աշխատել ենք տարբեր նախագծերի շրջանակներում։ Եվ ի ուրախություն ինձ այս անգամ ևս առիթ ստեղծվեց ևս մեկ նախագիծ միասին իրականացնելու համար։  Այնպես որ՝ սպասումներս, իրոք, շատ մեծ են»,- կիսվում է Մկրտիչ Արզումանյանը։

Դերասանն, ինչպես իր մյուս բոլոր դերերի պարագայում, այս անգամ ևս շարունակում է աշխատել իր կերպարի վրա․ «Մտածում եմ նոր ու հետաքրքիր կողմեր, գրում-ջնջում եմ, որպեսզի հետո նկարահանման հրապարակում կարողանամ դրանք իրականացնել։ Եվ ոչ միայն իմ կերպարի հետ կապված, մյուսների վրա ևս աշխատում եմ, որովհետև կարծում եմ, որ բոլորս պետք է մեկ օրգանիզմ դառնանք և ամեն ինչ անենք, որպեսզի հաջողվի նաև երկրորդ եթերաշրջանը։ Մեծ հույսեր ունեմ, որ մենք այս եթերաշրջանով ևս կզարմացնենք և կուրախացնենք մեր հեռուստադիտողին»։

Նկարահանումները մոտ օրերս կմեկնարկեն, այնպես որ, հեռուստադիտողն արդեն շատ շուտով հնարավորություն կունենա իր սիրելի դերասանների և կերպարների խաղին հետևել «Արմենա» հեռուստաընկերության երեկոյան եթերում։

Ըստ դերասանի՝ Վրեժի կերպարը, ի տարբերություն նախկինում խաղացած գյուղական իր մյուս կերպարների, բավականին խորամանկ է, ճկուն և էմոցիոնալ։ «Արդեն իսկ սիրելի կերպարն ինձ համար հարազատ է դարձել, ինչպես որ իմ մյուս բոլոր դերերի պարագայում է լինում, հակառակ դեպքում կերպարդ չի կարող ստացված լինել։ Եթե դու չհավատաս քո հերոսին, այն իրական չդարձնես, քո հանդիսատեսը ևս դրան դրականորեն չի վերաբերվի։ Իսկ Վրեժի կերպարն, իրոք, շատ հարազատ է դարձել․ այս ամենում ես օրեցօր համոզվում էի, երբ նախորդ եթերարջանից հետո չարված և չասված բաներ էին մնացել ինձ մոտ, և դրանք վերլուծելիս անընդհատ մտածում էիր՝ վայ, եթե շարունակվեր այսպես էլ կարող էր լինել, այս մի բնավորության գիծն էլ կարելի էր զարգացնել և այսպես շարունակ։ Այսինքն՝ եթե սրանք քո մտքով անցնում են կամ կարոտով ես վերաբերվում այդ ամենին և ուզում ես այդ կերպարով մի փոքր էլ ապրել, ապա սա  նշանակում է, որ քո կերպարը հաջողված է և արդեն իսկ հարազատ ու սպասելի»։

Դերասանն այժմ նոր նախագծեր ևս ունի, որոնց վրա հիմա փորձում է զուգահեռ աշխատել։ «Հույս ունեմ, որ կարանտինային իրավիճակը կրկին խոչընդոտ չի հանդիսանա և մոտ ժամանակներս հնարավորություն կլինի ձեռնամուխ լինել նաև դրանց իրականացմանը»,- հույս հայտնեց Մկրտիչ Արզումանյանը։

Հեղինակ` Լուս Ավագյան