EXCLUSIVE. «Արմանը շատ հուզված էր, կարծես, իր հետ չկատարվեր այդ ամենը»․ Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Լաս Վեգասի Փառքի ճեմուղում ևս մեկ աստղ է ավելացել. երգիչ Արման Հովհաննիսյանը ստացել է իր անվանական աստղը:

ShowBiz.am-ն առաջինն է զրուցել երգչի ներկայացուցչի՝ Լուսինե Փիրոյանի հետ, ով մեզ պատմել է անվանական աստղ ստանալու բարդ գործընթացի, օրվա հետաքրքիր մանրամասների, դրան հաջորդող խնջույքի, ինչպես նաև Արմանի մոտակա ծրագրերի և համագործակությունների մասին։

«Ամիսներ առաջ LP Entertainment-ը նախաձեռնեց այս իրադարձությունը։ Եվ ես ինքս երեք ամիս շարունակ Արմանից ուզել եմ տարբեր փաստաթղթեր՝ ստեր հորինելով, որ դրանք ուրիշ բանի համար են պետք։ Ինքն էլ այդ ամենից անտեղյակ լինելով՝ ուղարկում էր այն ամենը, ինչը ես խնդրում էի։ Եվ երբ ես արդեն 20 հոգանոց կոմիտեից ստացա դրական պատասխան, Արմանին հայտնեցի դրա մասին։ Իհարկե, սկզբում նա դրան չհավատաց, բայց հետո երբ փաստերով և ապացույցներով խոսեցի, և այդ ընթացքում եկավ նաև կոմիտեի գրավոր պատասխանը, Արմանն այլևս չհավատալու տարբերակ չուներ։ Հետո դրան հաջորդեց օրվա նշանակման հետ կապված գործընթացները։ Ու այդտեղ շատ կարևոր մի պայման կար, մենք ցանկանում էինք, որ այն տեղի ունենար սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արմանը առաջին հայ արտիստն է, ով Լաս Վեգասի փառքի ծառուղում ունենալու է իր անվանական աստղը։  Արմանի աստղը 101-րդ համարի աստղն է, և նշեմ, որ տարեկան կտրվածքով 50 մլն այցելու է ունենում փառքի ծառուղին, ինչը մեզ համար շատ-շատ պարտավորեցնող էր, քանի որ մարդիկ պետք է անցնեն և տեսնեն Արման Հովհաննիսյան անուն ազգանունը։ Իսկապես շատ հուզումնալից պահ էր»,- պատմում է Լուսինեն, ապա հավելում, որ անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել․ «Կոմիտեի անդամները մեզ ասել էին, որ մենք նաև լավ անակնկալ ենք ունենալու, բայց ես ինքս էլ տեղյակ չեմ եղել՝ ինչի մասին է խոսքը։ Քանի որ Հայաստանի անկախության օրն էր, և կոմիտեի անդամները ցանկանում էին իրենց կողմից մեզ անակնկալ մատուցել, նրանք որոշեցին սեպտեմբերի 21-ը Լաս Վեգասում անվանել Արման Հովհաննիսյանի օր»։

Խոսելով Արմանի զգացողությունների և ապրումների մասին՝ Լուսինեն պատմում է․ «Արմանը շատ հուզված էր, կարծես, իր հետ չկատարվեր այդ ամենը։ Իհարկե, աստղի հետ կապված արդեն ամեն ինչ գիտեինք, բայց երբ իմացանք, որ այդ օրը նաև հռչակվել է Արման Հովհաննիսյանի օր, չափազանց հուզվել էինք, Արամը չէր հավատում, որ այդպիսի անակնկալի է արժանացել։ Բոլոր նրան ճանաչողներն էլ գիտեն, որ նա շատ համեստ և զուսպ անձնավորություն է, և դժվար է նրան նկատել վառ էմոցիաներ արտահայտելիս, սակայն այդ պահին նա չէր կարողանում զսպել իր հուզմունքը և առհասարակ իրեն տիրապետել։ Արմանի համար շատ-շատ պարտավորեցնող է այն փաստը, որ նա առաջին հայն է, ում անվանական աստղը բացվել է Լաս Վեգասի փառքի ծառուղում, և նա դա չի համարում միայն իր հաղթանակը, նա միանշանակ կարծում է, որ այդ ամենը միմիայն իր հավատարիմ հանդիսատեսի, հեռուստադիտողի և երկրպագուների հաղթանակն է, քանի որ նա այդ ամենին հասել է միայն և միայն նրանց շնորհիվ։ Նա իր խորին շնորհակալությունը մշտապես հայտնել է իր երկրպագուներին և այս անգամ ևս հաղթանակը նա նվիրում է մեր շատ սիրելի հայրենակիցներին։ Ակնհայտ փաստ է, որ երգիչը, արտիստը չի կարող կայանալ, եթե սիրված չլինի, եթե նրա կողքին չլինեն նրա հավատարիմ երկրպագուները»։

Իսկ հայը մնում է հայ աշխարհի ցանկացած կետում․ էլ ի՞նչ նշանակալից օր առանց դրան հաջորդող խնջույքի։ «Իհարկե, խնջույք եղել է, այսպես ասած, «հայավարի» նշեցինք այդ օրը։ Գլխավոր արարողությունից հետո մենք Արմանի հետ միասին ուղևորվեցինք Լաս Վեգասում գտնվող հայկական բանկետների դահլիճ, որտեղ էլ շարունակեցինք մեր խնջույքը։ Երեկույթին հավաքվել էր սահմանված չափից մի փոքր ավելի մարդ, շատ լավ ժամանակ անցկացրինք»,- պատմում է Լուսինե Փիրոյանը։

Անդրադառնալով Արմանի մոտալուտ ծրագրերին և պլաններին՝ երգչի ներկայացուցիչը մանրամասնում է․ «Մենք համաշխարհային աստղերից մեկի հետ պատրաստվում ենք դուետով հանդես գալ։ Սակայն դեռևս չակերտները չեմ կարող բացել, որովհետև գործընթացը մի փոքր ավելի երկար կտևի՝պայմանավորված համավարակով։ Պլաններն իրոք շատ են, և քանի որ ես՝ ինքս հանդիսանում եմ Արման Հովհաննիսյանի ներկայացուցիչը ԱՄՆ-ում, առաջիկայում նախատեսում ենք շատ ծրագրեր թե՛ այստեղի հետ կապված, թե՛ համաշխարհային մասշտաբներով։ Այնպես որ՝ Աստված առաջ, մենք կփորձենք ամեն բան անել, որպեսզի կարողանանք հեռուստադիտողին, երկրպագուներին և մեր հայրենակիցներին հաճելի պահեր պարգևել»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան