«Պահել էի, որպեսզի ճիշտ ժամանակին ներկայացնեմ»․ Գևորգ Մկրտչյանը՝ նոր տեսահոլովակի և դրանում Անուշկա Մարգարյանի յուրահատուկ դերի մասին

Մոսկվա մեկնելուց առաջ՝ փետրվարի 5-ին, երգիչ Գևորգ Մկրտչյանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Սիրում եմ քեզ հետ լռել» երգի հիման վրա։
Երգի ու խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է Դավիթ Ավագյանը։
Showbiz.am կայքի հետ զրույցում երգիչը պատմում է տեսահոլովակի նկարահանման ընթացքի, Մոսկվա մեկնելու նպատակների և հեռուստասերիալների առաջարկները մերժելու պատճառների մասին։
Երգիչը հայտնում է, որ ևս մեկ տեսահոլովակ կներկայացնի երկրպագուների դատին։ Մյուս տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 8-ին։
Գևորգը նշում է, որ «Սիրում եմ քեզ հետ լռել» երգն իր համար առանձնահատուկ էր, այդ իսկ պատճառով էլ հիմա է այն որոշել ներկայացնել։
«Այս երգն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ կա։ Իմ սիրելի երգերից էր, դրա համար պահել էի, որպեսզի ճիշտ ժամանակին ներկայացնեմ։

 Անկեղծ ասած, նկարահանման ընթացքում եղել են բարդություններ, որովհետև մենք նկարահանման համար ընտրել էինք հունվար ամսվա ամենացուրտ օրը, ինչի մասին արդեն իմացանք հետո։
Բարդություններ գրեթե բոլոր տեսահոլովակներում լինում են, բայց մաքսիմալ այնպես ենք դիտողին ցույց տալիս, որ հաստատ իրենք չեն նկատում, որ մեզ մոտ այդքան բարդություններ ու ձախողումներ են եղել»,-հիշում է Գևորգը։

Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դերասանուհի Անուշկա Մարգարյանն է։ Խոսելով իր և Անուշկայի համագործակցության ու տեսահոլովակին՝ Անուշկայի տված համ ու հոտի մասին՝ Գևորգն ասում է․ «Անուշկայի հետ ինձ հանդիսատեսն առաջին անգամ չի տեսնում։ Մենք ներկայացել ենք «Անհասցե ծնվածներ» սերիալում՝ որպես զույգ , ու մեր զույգը շատ է սիրվել։ Ճիշտն ասած՝ շատ էի կարոտել Անուշկայի հետ նկարահանումները։

Իմ կարծիքով տեսահոլովակում ամենավառ ու ամենահիշվող բանը, որը կտպավորվի մարդկանց մոտ Անուշկայի մազերն են, որոնք լրիվ ուրիշ գույն են տվել տեսահոլովակին»։

Գևորգը հիշում է 2020 թվականին իր առջև ծառացած դժվարությունները, սակայն հավատացնում է, որ չնայած այդ ամենին նա չի պատրաստվում արտագաղթել, իսկ իր Մոսկվա մեկնելը ժամանակավոր է։

«Տարվա սկզբից ֆինասնապես էր դժվար, որովհետև ամեն ինչ փակվել էր, ու ոչ ոք չէր կարողանում աշխատել, բայց դա միայն սկիզբն էր, ու ամենավատը սկսվեց պատերազմից:

Պատերազմը մեծ հետք թողեց բոլորիս վրա։ Իմ ծանոթներից, մտերիմներից, հարազատներից կարող եմ նշել Իրինայի եղբորը, ով հրաշքով փրկվեց։ 70 օր ոչ մի լուր չկար ու 70 օր հետո գտնվեցին 6 տղաներ, որոնցից մեկը նրա եղբայրն էր, ու ինձ համար դա հրաշք էր։

Ինչքան էլ դժվար է հիմա մեզ համար գումար աշխատելը, ես չեմ արտագաղթում, ես, պարզապես, ժամանակավորպես կբնակվեմ Մոսկվայում՝ հետ գալու նպատակով»,- վստահեցնում է երգիչը։

Գևորգը նաև կսիվում է, որ մերժում է բոլոր հեռուստասերիալներից ստացած առաջարկները․ «Որոշել եմ մինչև սեպտեմբեր չնկարահանվեմ որևէ հեռուստասերիալում։ Գուցե շատ լավ առաջարկ լինի և մտափոխվեմ»։

Նշենք նաև, որ երկրպագուները չեն հասցնի շատ կարոտել Գևորգին․ երգիչը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին արդեն կլինի Հայաստանում և կսկսի նկարահանվել հեռուստանախագծերում։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան