«Շատերին դեմքով գիտենք, ոմանց հետ արդեն ընկերներ ենք»․ «Որդան Կարմիրը» իրենց երկրպագուների, ռոք երաժշտության ու Հայաստանում դրա սահմանափակ հնարավորությունների մասին

Եթե դու քեզ համարում ես ռոքի սիրահար, ապա հաստատ գիտես կամ գոնե մեկ անգամ լսած կլինես “Որդան Կարմիր” խմբի ու նրանց երգերի մասին։
“Որդան Կարմիրը” հայկական ալտերնատիվ-մետալ խումբ է, որը կազմավորվել է 2004 թվականին Վանաձորում։ Խումբը բաղկացած է չորս անդամից՝ Վահան Պողոսյան (վոկալ), Դավիթ Գրիգորյան (կիթառ), Դավիթ Գալստյան (բաս-կիթառ) և Պայքար Չախոյան (հարվածային գործիքներ)։

ShowBiz.am-ը զրուցել է խմբի մեներգիչ Վահան Պողոսյանի հետ, ով հետաքրքիր և սպասված նորություններ է հայտնել խմբի հետագա գործունեությունից, պատմել նոր համերգներից, խոսել իրենց երկրպագուների ու ընդհանրապես ռոք երաժշտության մասին, ինչպես նաև հիշել զվարճալի դեպքեր իրենց համերգներից։

– Առաջիկայում ի՞նչ համերգներ և նոր նախագծեր ունեք:

Այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում մյուս տարվա համար արտերկրում՝ մասնավորապես ԱՄՆ-ում մի քանի համերգներ կազմակերպելու ուղղությամբ։

– Այս պահին աշխատո՞ւմ եք նոր երգերի վրա։ Աշխատանքներ տարվո՞ւմ են նոր ալբոմ թողարկելու համար։

Հիմա աշխատում ենք 4 նոր գործերի վրա։ Մտածում ենք դրանք թողարկել սինգլների տեսքով և եթե հաջողվի՝ մեկ կամ երկուսը տեսահոլովակով։

Ինչպե՞ս է ստեղծվում ձեր երաժշտությունը։ Ովքե՞ր են դրա վրա աշխատում։

Մեր երգերը ստեղծվում էն չորսիս ջանքերի շնորհիվ։ Երբ մեկը բերում է ինչ-որ մի ստեղծագործած հատված կամ մեղեդի, ապա բոլորով այն հասցնում ենք վերջնական ու ամբողջական տեսքի։

Հայաստանում արդյո՞ք կա համապատասխան միջավայր ու պայմաններ ռոք երաժշտության զարգացման համար։

Մեր կարծիքով Հայաստանը շատ փոքր է, իսկ այս երաժշտության լսողները շատ քիչ են, որպեսզի մեր երկրում ձևավորվի շուկա,
որը կնպաստի ռոքի ակնհայտ զարգացմանը։  Հնարավոր է ժամանակի ընթացքում ճաշակային հեղափոխություն տեղի ունենա և դրա շնորհիվ ռոք երաժշտության պահանջարկն ավելանա։ Բայց, այնուամենայնիվ, զարգացում կարող է լինել մեծ շուկայի,
մրցակցության, լեյբլների, փրոդաքշնների, գործակալների, մենեջերների, պրոդյուսերների ու անսահմանափակ շրջագայությունների առկայության դեպքում, իսկ այս ամենը Հայաստանում ցավոք չկա։

Նախատեսո՞ւմ եք ապագայում համերգներով հանդես գալ նաև արտասահմանում։ Առաջարկներ եղե՞լ են։ Ո՞ր երկրներում կցանկանայիք անպայման լինել։

Ամենաշատը ցանկանում ենք հանդես գալ ԱՄՆ-ում, և անընդհատ ստանում ենք առաջարկներ։ Բայց, ցավոք, այնտեղ հասնելը լի է տարատեսակ դժվարություններով՝ մասնավորապես ֆինանսական հարցերի և վիզայի հետ կապված։

 

Ցանկություն ունե՞ք այլ արտիստների կամ խմբերի հետ համատեղ երգեր ձայնագերելու։ Եթե՝ այո, ապա կարո՞ղ եք մի քանիսին նշել։

Այո, իհարկե, միշտ էլ հետաքրքիր է ուրիշ ստեղծագործողի հետ համատեղ աշխատել և նոր, բոլորովին տարբերվող նյութ ստանալ, հատկապես հետաքրքիր կլինի հիփ-հոփ ժանրի արտիստի հետ համագործակցել կամ սիմֆոնիկ նվագախմբի, կամ երգչախմբի հետ։

Ձեր երաժշտությունը ինչքանո՞վ է հասանելի արտասահմանցի ունկնդրի համար։ Երկրպագուների մեջ ի՞նչ մաս են կազմում օտարերկրացիները։

Օտարերկրացի լսողները շատ չեն, շատ մոտավոր հաշվարկներով մոտ տասը տոկոս։ Բայց շատ են օտար երկրներում հայազգի երկրպագուները։

Ինչպիսի՞ն են ձեր հայ երկրպագուները։ Կա՞ն այնպիսինները, ում արդեն դեմքով հիշում եք։

Շատերին դեմքով գիտենք, ոմանց հետ արդեն ընկերներ ենք, ոմանք էլ կոլեգաներ են դարձել։ Կարծում եմ՝ այդ խենթերն
ամենաազնիվներից են, որոնք չեն սահմանափակում իրենց էմոցիոնալ վիճակները։

Շատերն ասում են, որ Հայաստանում շոու-բիզնես գոյություն չունի, դուք ի՞նչ եք մտածում։ Կա՞ ինչ-որ բան, որը փոփոխության կամ շտկման կարիք ունի։

Ես կարծում եմ շոու-բիզնես կա, բայց միայն փոփի և հումորի ասպարեզում։ Իսկ այդ փոքր եղածը զարգացնելու համար պետք է
դառնանք 5 մլն։ Կարճ ասած՝ պետք է խթանել ծնելիությունը։ Գոնե արգելել աբորտները՝ մանավանդ սեռով պայմանավորված։

Եվ վերջում՝ կարո՞ղ եք հետաքրքիր կամ զվարճալի դեպքեր հիշել ձեր փորձերից կամ համերգներից։

Ծիծաղում և կատակում ենք, երբ որևէ տեղ մեզ ներկայացնում են որպես «ոստան կարմիր» կամ «որդան հայոց»։

Նյութը՝ Լուս Ավագյանի