Մեկնարկել է «Կին»​​ միջազգային ​​16-րդ ​​կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկել է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը։ Այն կտևի մինչև նոյեմբերի 15-ը:

Փառատոնն արդեն 16 տարի շարունակ ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում: Փառատոնը ներառում է՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, Հյուրերի ծրագրերը, Բրիտանական խորհրդի «Կինոժապավեն՝ իրականությունից», «Կանացի հայացք» կանադական կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը: Փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը և սցենարիստ Անաստասիա Գորյունովան` Ռուսաստանից։

Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ելենա Շուվաևա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյան (պրոդյուսեր, Հայաստան), Անաստասիա Գորյունովա (սցենարիստ, Ռուսաստան):

Կինոփառատոնի ավարտին հաղթողներին կշնորհվեն հետևյալ մրցանակները` «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», մրցանակ՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, մրցանակ` Մոսկվայի տան կողմից, մրցանակ` Անկախ կինոգործիչների ակումբի կողմից, դիպլոմներ: