Variety-ն նշել է «Օսկար» մրցանակի հնարավոր մրցանակակիրներին

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի հիմնական հավակնորդներից մեկը «Իռլանդացին» դրաման է։ Այս կանխատեսմամբ նոյեմբերի 11-ին հանդես է եկել Variety պարբերականը, դրա հետ մեկտեղ նշելով, որ «Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում պարգևին կարող է հավակնել Ռոբերտ դե Նիրոն, ով «Իռլանդացին» ֆիլմի գլխավոր դերակատարն է, ինչպես նաև այդ նույն ֆիլմում խաղացած Ալ Պաչինոն՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պարգևի համար կարող են պայքարել Մարտին Սքորսեզեն («Իռլանդացին»), Նոա Բաումբաքը («Ամուսնական պատմություն»), Գրետա Գերվիգը («Փոքրիկ կանայք»), Քվենտին Տարանտինոն («Մեկ անգամ… Հոլիվուդում») և Պեդրո Ալմոդովարը՝ «Ցավ և փառք» ֆիլմերի համար։

«Առաջին պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար»-ին կարող են հավակնել Ակվաֆինան, ով խաղացել Է ռեժիսոր Լուլու Վանգի՝ չինական ընտանիքի դժվարին փոխհարաբերությունների մասին պատմող «Հրաժեշտ» ֆիլմում, Սինտիա Էրիվոն՝ ռեժիսոր Քեյսի Լեմոնսի «Հարիեթ» ֆիլմում՝ նախկին ստրկուհի Հարիեթ Թամբենի մասին, Սքառլեթ Յոհանսոնը, որը խաղացել Է «Ամուսնական պատմություն» ֆիլմում, և Սիրշա Ռոնանը՝ «Փոքրիկ կանայք» կինոնկարում խաղացած դերի համար: