DJ Վակցինայի երաժշտությունը վայելում էին Երևանի ոսկե երիտասարդությունը, նրան ճանաչում ու լսում են գրեթե ամենուր, բայց ավելի քան երկու տարվա դադարը փոփոխություն բերեց նաև Արուսիկի գործունեության ոլորտում:
Showbiz.am կայքի հետ զրույցում DJ Վակցինան պատմել է իր կյանքում ունեցած դժվարությունների, աշխատանքի նկատմամբ մեծ սիրո, ԱԺ մտնելու և ապագա այլ ծրագրերի մասին:
Արուսիկ Մկրտչյանը կամ բոլորիս հայտնի DJ Վակցինան, մասնագիտությամբ կենսաբան է: Դիջեյ դառնալու գլխավոր նախադրյալն ակումբային երաժշտության հանդեպ նրա` մանկուց ունեցած սերն էր:
«Սկզբից` 16 տարեկանում, մասնագիտությունս ինձ համար հոբբի էր, որով 21 տարեկանից սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով, անգամ ունեմ աշակերտներ։
Դիջեյությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է և սկսում է Հայաստանում արդեն պահանջված դառնալ, թե կորպորատիվ միջոցառումների ժամանակ, թե մասսայական։ Դիջեյը ներկայացնում է որակյալ երաժշտություն, ստեղծելով տրամադրություն ու յուրօրինակ մթնոլորտ։
Զգում եմ, որ դիջեյները սկսում են ավելի մեծ պահանջարկ ունենալ. տարիներ առաջ ես չէի էլ մտածում, որ կգա մի ժամանակ ու դիջեյի աշխատանքը կդառնա հեռանկարային, բայց հիմա տեսնելով այդ զարգացումը` ես շատ ուրախ եմ։ Դիջեյները նույնպես ներկայացնում են մշակույթ՝ հանդես գալով տարբեր ժանրերում: Եթե դու ցանկանում ես ստեղծել լավ մթնոլորտ ու տրամադրություն թելադրել, ապա քո աշխատանքը նույնպես դառնում է արվեստ:
Ինձ համար մարտահրավեր է աշխատել տարբեր մարդկանց համար ու կարողանալ նրանց բավարարել՝ նրանց տալով այն տրամադրությունն ու երաժշտությունը, որը նրանք կհիշեն ու կհամարեն հաջողված»,- ասում է Արուսիկ Մկրտչյանը:
Վաղ հասակից ունենալով նաև կազմակերպչական հատկանիշներ` Վակցինան այսօր ոչ միայն հաջողությամբ փոխանցում է իր ձեռք բերած մասնագիտական փորձը սկսնակ դիջեյներին, այլև զբաղվում է տարատեսակ միջոցառումների նախաձեռնմամբ: Տաղանդավոր երաժիշտն ու հոգատար մայրիկը արդեն մի քանի տարի է հիմնադրել և ղեկավարում է «Եղիր տեղեկացված» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև «Բարի մամա» ՀԿ խորհրդի անդամ է: Տարիներ առաջ նա անգամ ցանկանում էր մտնել Ազգայի ժողով, այդ ցանկությունը մնացել է մինչ այսօր. «Կապ չունի, թե ես որ ոլորտում եմ, կարևորը մարդկանց օգտակար լինելն է, դա կլինի երաժշտություն տալը, թե սոցիալական աշխատանք կամ բարեգործություն անելը. եթե գա մի օր, որ մտնեմ ԱԺ, ապա միայն օգտակար լինելու համար»,- բացատրում է Արուսիկը:
Արուսիկ Մկրտչյանը, մոտ 2 տարվա լռությունից հետո ամիսներ առաջ վերադարձավ հասարակական ակտիվ կյանք` նոր կերպարով ու գործունեության նոր ոլորտով։ Արուսիկի կյանքի այս փուլին նախորդել էր բավականին բարդ շրջան։ Բոլորի տեսադաշտից նրա անհետանալը պայմանավորած էր երկրորդ երեխայի` Միքայելի վաղաժամ ծննդով և փոքրիկի առողջական լուրջ խնդիրներով։
«Տևական ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց և վերականգնողական բարդ փուլ անցնելուց հետո 3-ամյա Միքայելի առողջական խնդիրները լիարժեք հաղթահարված են»,- պատմում է Արուսիկը:
Սակայն վերջապես վերագտնելով հանգստությունը` երգչուհին կրկին կանգնեց նոր դժվարությունների առջև. վերջերս լուրեր տարածվեցին, որ նա դատի է տվել իր երեխայի հորը՝ Ռուբեն Խաչատրյանին, ով դեռևս Կենդանաբանական այգու տնօրենն է: DJ Վակցինան 4 տարվա համատեղ կյանքից հետո երեխայի բնակության վայրի և ալիմենտ բռնագանձելու պահանջներ է ներկայացնում Ռուբեն Խաչատրյանին:
«Ես պարզապես պահանջում եմ հայրական որոշ պարտականությունների իրականացում։ Պահանջում` երեխան բնակվի ինձ հետ։ Ես իրենից բնակության վայրի կամ բնակարանի պահանջ չունեմ, այդ առումով խնդիր չունեմ: Խնդրում եմ դատարանին, որ սահմանի և ալիմենտների վճարում, որը վերջին ամիսներին նա չի կատարել»։
Զրույցը Արուսիկը եզրափակեց երկրպագուների համար հաճելի անակնկալով. «Ուզում եմ ուրախացնել` ասելով, որ 2020-ից սպասվում են ավելի շատ նախագծեր ու դիջեյությամբ ավելի ակտիվ եմ զբաղվելու, թող սպասեն նաև երկու մեծ նախագծի։ Այս մասին ես կհայտնեմ իմ սոցիալական կայքերի միջոցով»:
Հեղինակ` Լազարյան Տաթևեր