Մարզահամերգային համալիրում երեկ հնդկական տրամադրություն էր տիրում. ամենուր հնդկական մթնոլորտ, հնդկական զգեստներ, երաժշտություն ու ազգային պարեր: Վերջապես կայացավ այդքան սպասված, մեկ անգամ հետաձգված հնդկա-հայկական համերգը, որի համար ամիսներ շարունակ ջանք ու եռանդ չէր խնայել Վարդան Սարգսյանը: Մարդ, ով վերջին տարիներին անդադար ճանապարհորդում է, հաճախ լինում Հնդկաստանում և ով մտերիմ ընկերն է այն բոլոր հնդիկ դերասանների, որոնք երեկ ներկայացան հայ հանդիսատեսի առջև իրենց պարերով ու ազգային երաժշտությամբ: Չնայած համերգային ծրագրի ուշ սկսվելուն` այն անցավ բավականին ուրախ ու տոնական. պարզվում է` Հայաստանում բավականին շատ ու ակտիվ երկրպագուներ ունեն հնդկական սերիալների դերասաններ Իչան` Թինա Դատտան, Տապասիան` Ռաշամի Դեսային, ու նաև` փոքրիկ Չակորը` Սպանդան Չատուրվեդին: Նրանք հնարավորինս բեմին մոտ փորձում էին նկարվել սիրելի դերասանների հետ կամ գոնե գրկախառնվել: ShowBiz.am-ը ներկա է եղել երեկ կայացած հնդկա-հայկական համերգին և իր ընթերցողներին է ներկայացնում հետնաբեմում տիրող տամադրությունը, հնդիկ դերասանների ուշանալն ու համերգային ծրագրի դրվագները:
Մինչ հանդիսատեսը տեղավորվում էր Մարզահամերգային համալիրի մեծ սրահում, սերիալների երկրպագու ավագ սերունդը րոպե առաջ տեղավորվում էր իրենց հարմար տեղերում, երկրպագուներն անհամբեր սպասում էին Իչայի և Չակորի հետ նկարվելուն, հետնաբեմում իրարանցում էր: Պարային խմբերն ու մեր հայ երգիչ-երգչուհիները պատրաստվում էին իրենց ելույթին: Հնդիկ դերասանների տոնը լրացնելու էին եկել Գևորգ Մարտիրոսյանը, Գոռ Հակոբյանը, Քրիստինա Եղոյանը, Յանա Հովհաննիսյանը, Սոնա Շահգելդյանը, Ալլա Լևոնյանն ու Անդոն: Ի սկզբանե, նշված էր, որ համերգին երգելու են նաև Միհրան Ծառուկյանը, Էրիկը, Ռաֆայել Երանոսյանը, սակայն նրանք ներկա չէին:
Վարդան Սարգսյանի հետ զրույցում փորձեցինք ճշտել, թե ինչու է փոփոխման ենթարկվել մեր հայ երգիչների կազմը. «Այո, մի փոքր փոփոխության է ենթարկվել, որովհետև նախ օր է փոխվել: Միհրանի հետ պայմանավորվածությունը միայն սկզբում էր, և նորմալ է որ նա ներկա չէր. տեղյակ էինք հենց վաղուց: Ռաֆայել Երանոսյանն, ով պետք է ներկա լիներ, չկարողացավ, որովհետև այսօր գտնվում է ԱՄՆ-ում, իսկ նրա փոխարեն Անդոն կներկայանա հանդիսատեսին: Էրիկն, իր ասելով, այսօր Իտալիայում հարսանիքի է մասնակցում, բայց նրա փոխարեն ելույթ կունենա Գևորգը Մարտիրոսյան»:
Իսկ արդյոք կազմի այս փոփոխությունը հնարավոր է, որ ազդի հանդիսատեսի արձագանքի վրա, Վարդանը պատասխանեց` ոչ. «Հանդիսատեսն, իհարկե, առաջինը եկել է հնդիկ դերասանների համար, բայց, իհարկե, շատ կարևոր ու սիրված են նաև մեր հայ արտիստները. վտահ եմ, որ արձագանքը չի փոխվի »:
Վարդանը նշեց, որ նախորդ օրը ինքն ու դերաանները շատ լավ ժամանակ են անցկացրել, զբոսնել և վայելել մեր քաղաքը, իսկ այսօր դերասաններն առանց Վարդանի եղել են Գառնի-Գեղարդում, շատ գաթա են կերել և հաստատ գոհ կգան: Նա նաև խոստովանեց, որ Իչայի դերակատարուհու հետ մի փոքր ավելի բարդ է շփումը, քան մյուս դերասանների, ինչը թեև փորձում են շտկել, և արդեն շատ լավ հարաբերությունների մեջ են»:
Արդյոք նմանատիպ համերգ հայերի մասնակցությամբ կկազմակերպվի նաև Հնդկաստանում թե ոչ` Վարդանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, չի լինի նման բան, քանի որ այնտեղ հայերը քիչ են. հակառակ դեպքում` ինքը` որպես Հնդկաստանում լավ «կռիվ տված» մարդ, առաջին գծում կազմ-պատրաստ կանգնած է:
Բավականին երկար ձգձգվելուց և մեկ անգամ հետաձգվելուց հետո , թե ինչպես վերջապես համերգը կայացավ, Վարդանը հումորով այսպես մեկնաբանեց. «Դուք տեսեք, թե ես ինչքան եմ նիհարել, իմ ամբողջ էներգիան ներդրել եմ այս համերգի կայացման մեջ, ամեն ինչ արեցի, որ կայանա և պարզ կարող եմ ասել` եթե ես չլինեի, այս համերգը չէր լինի»,-վստահորեն նշեց նա:
Համերգային ծրագիրը կազմակերպված էր այնպես, որ սկզբում հնդկական երաժշտության ներքո և պարային խմբերով բեմ էին բարձրանում հնդիկ դերասանները, մի փոքր պարում, ներկայանում հանդիսատեսին, այնուհետև` Վարդանի օգնությամբ շփվում հանդիատեսի հետ, ողջունում բոլորին: Նրանցից շատերն իրենց հիացմունքն էին արտահայտում հայերի հյուրաիրության և մեր երկրի գեղեցկության մասին. դե իսկ դրան էլ հաջորդում էր արդեն ելույթն ու կատարումը մեր հայ արտիստների հետ, որտեղ հայ արտիստը երգում էր հնդկերեն, իսկ հնդիկ դերասանը լրացնում էր ելույթն իր ազգային պարի էլեմենտներով. առաջին շարքերում գտնվող հնդկական սերիալների մեծ երկրպագուների հավանությանը հաստատ արժանանում էր այս ամենը, և բոլորը հնդկական տրամադրության մեջ էին:
Հետնաբեմում, խոսելով փոքրիկ Չակորի դերակատարուհու հետ, նա նշեց, որ շատ է հավանել Հայաստանը, հայերին, կարողացավ արտասանել «Բարև Հայաստան », նշեց, որ անչափ ուրախ է տեսնելով, որ Հաաստանում իրեն այսքան շատ են սիրում, որ այսչափ սիրվել է իր դերն ու կերպարը և ցավով նշեց, որ համերգի հաջորդ օրն իսկույն հետ են գնալու:
Խոսելով Ռաթորի դերակատար Գաուրավ Չոպրանի հետ` նա նշեց. «Ես հրավերներ եմ ստացել տարբեր երկրներից, եղել եմ շատ պետություններում, սակայն Հայաստանում բոլորովին այլ տեսակի սեր եմ զգում, սեր, որն իր ջերմությամբ նման չէ ուրիշ վայրերում ստացած էներգիային։ Այս օրերի ընթացքում այնքան տաք էմոցիաներ եմ ստացել, որ ուզում եմ էլի ու էլի գալ այստեղ, իհարկե, եթե հայ երկրպագուներն ինձ կրկին ցանկանան տեսնել։ Երբ այստեղ գալու առաջարկ ստացա, անմիջապես համաձայնեցի, անգամ, գումարի մասին չցանկացա խոսել: Այդ հարցին անդրադարձել ենք համաձայնությունս տալուց հետո։ Շատ ուրախ եմ ու տպավորված, երախտապարտ եմ, որ կարողացա տեսնել այս մարդկանց, հանդես գալ նրանց առաջ»:
«Անչափ հաճելի է, երբ այցելում ես քեզ համար նոր երկիր, որտեղ քեզ այսքան սեր են տալիս: Այս օրերի ընթացքում բացի սիրուց այլ բան չեմ զգացել։ Չկա մի բան, որը չեմ հավանել, երբ մի տեղ ես գնում, որտեղ այսքան ջերմ էմոցիաներ են, դժվար է ինչ-որ բան չհավանելը»,- իր հերթին էլ նշեց Ակաշի դերակատար Մրունալ Ջային: