Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

Այսօր` ժամեր առաջ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Հանդիսավոր մեկնարկից առաջ կարմիր գորգով անցան իրադարձության բոլոր մասնակիցները, հայտնի հյուրերն ու մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները: Կինոփաատոնի համար որպես բացման ֆիլմ ընտրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը»: «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն այս առիթով նկատեց. «Շատ ուրախ ենք, որ փառատոնը բացում ենք նման հեղինակավոր ֆիլմով: Ֆիլմը շատ քիչ ցուցադրություններ է ունեցել, այնպես որ՝ երեւանյան մեծ պրեմիերա ենք ունենալու այսօր, եւ ինձ համար հատկապես հուզիչ է, որ այս մեծ դահլիճում է անցնում փառատոնը, սա նաեւ նոր փորձառություն կլինի հանդիսատեսի համար»:

Կինոփառատոնն այս անգամ աշխարհի ամենատարբեր երկրներից շուրջ 740 հայտ է ստացել մասնակցության, իսկ ցուցադրության համար ընտրվել են անգամ աշխարհի այնպիսի հեղինակավոր կինոփառատոնների ֆիլմեր, ինչպիսիք են Կաննի, բեռլինի, Ռոտերդամի: Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ: Իսկ մնացած ծրագրերը, որոնք կրում են «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», Ծուռ ծիրան անվանումները, ոչ մրցութային են:
Ինչպես նաև, Ոսկե ծիրանն այս տարի որոշ փոփոխություններ է կրել. Փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, դիզայնն ու պաստառները, ներառվել են տարբեր նոր մտքեր ու գաղափարներ:

16-րդ Ոսկե ծիրանի լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահելու է ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն:

Միջազգային լիամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի կազում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը, ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին, պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին, պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը, կինոքննադատ Պաոլո Բերտոլինը, դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան է: Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև օպերատոր նորայր Կասպերը և Կլերմուն Ֆերան կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ բոլոնը:

Փակմանը ցուցադրվելու է միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթող ֆիլմը: