«Միսս աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանը տառապում է մաշկային հիվանդությամբ

«Միսս Աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանն այս օրերին Լոնդոնում է, որտեղ դեկտեմբերի 14-ին տեղի կունենա «Միսս Աշխարհ 2019» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մինչև եզրափակիչ ելույթը աղջիկները մասնակցում են տարբեր նախագծերի, հաղթահարում տարբեր փուլեր։ Գեղեցկության մրցույթի հայտնի բաժիններից մեկը «Tete a tete»-ն է, որի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ 20-ամյա Լիանա Ոսկերչյանը անկեղծ պատմել է իր հիվանդության մասին։
Լիանան պատմել է իր մաշկային խնդրի՝ Վիտիլիգո կոչվող հիվանդության մասին, որն իր մոտ հայտնաբերվել է 17 տարեկանում։ Լիանայի խոսքով այդ մասին իմանալու առաջին ողջ տարին իր համար շատ բարդ էր։

«Դրսում մարդիկ նայում էին, հարցեր տալիս, իսկ հասարակական տրանսպորտում փոխում էին իրենց տեղը՝ նկատելով մաշկիս գունազրկված բծերը։ Շատերի մոտ կարծրատիպ կա, թե դա վարակիչ է։ Իրականում նման բան չկա, դա մաշկի վիճակ է, որն ինձ յուրահատուկ է դարձնում»,- ասել է Լիանան։

Ըստ գեղեցկուհու՝  իր ներկայությունը նման մասշտաբային մրցույթին, ապացուցում է, որ ուրիշներին նման չլինելը դեռ չի նշանակում, որ դու գեղեցիկ չես։