Դերասան Մովսես Նիկողոսյանը՝ նոր նախագծերի, կնոջ ու ընտանեկան կյանքի և հեռուստաէկրաններին հաճախ չերևալու պատճառների մասին


Դերասան Մովսես Նիկողոսյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ
«Քաղաքում» հեռուստասերիալից, շուտով հանդիսատեսին կներկայանա նոր դերերով ու նախագծերով։
ShowBiz.amը զրուցել է դերասանի հետ և քննարկել նրա նոր դերերն ու առաջարկները, խոսել ընտանիքից ու կնոջ զբաղվածությունից, անդրադարձել հայկական կինոարտադրությանն և փորձել հասկանալ՝ դերասանն ինչպիսի վերաբերմունք և կարծիք ունի դրա վերաբերյալ։

Դերասանը զրույցի սկզբում անդրադարձավ իր նոր դերերին ու առաջարկներին՝ նշելով, որ նոր համագործակցություն կա դերասան, ռեժիսոր Հենրի Քոչարյանի հետ։

– Նոր առաջարկներ ունեմ։ Առաջարկը ստացել եմ իմ լավ ընկեր, ռեժիսոր, պրոդյուսեր Հենրի Քոչարյանի կողմից, մնացածի մասին, կարծում եմ, բարձրաձայնելը դեռ վաղ է, քանի որ   դեռ մեծ աշխատանք կա կատարելու` նախագիծը ամբողջովին ավարտված համարելու համար։
Կերպարս, կարծում եմ, կլինի ոչ պակաս հետաքրքիր այն բոլոր կերպարներից, որոնք արդեն հասցրել եմ կերտել։  Անզուսպ տպավորություն չթողնելու համար պետք է շեշտեմ, որ նման եզրակացության եմ եկել իմ հանդիսատեսի տարբեր արձագանքներից։ Խոստանում եմ կրկին արդարացնել և հնարավորինս ուրախացնել իմ հանդիսատեսին։

Նախկինում Մովսեսը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ գիրք է գրել, որի հիման վրա նախատեսում է ֆիլմ նկարահանել, մենք չմոռացանք անդրադառնալ նաև այդ հետաքրքրական փաստին։

– Գիրքն իր բովանդակությամբ մի փոքր զգուշավորություն է պահանջում, քանի որ այն, ինչն ուզում եմ տեղ հասցնել, չափազանց կարևոր է, և հենց այդ պատճառով էլ այն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների ու վերամշակումների՝ թե՛ որպես գիրք և թե՛ որպես կինոսցենար։
Գիրքը գրեթե պատրաստ է և շուտով, հուսով եմ, հասանելի կդառնա բոլորին։

Իսկ ֆիլմի սցենարը, որը գրեթե նույն բովանդակությունն ունի, փոքր ինչ ավելի մեծ աշխատանք է պահանջում։ Այդ իսկ պատճառով էլ այն անընդհատ ենթարկում եմ սյուժետային փոփոխությունների։ Կարծում եմ՝ մի որոշ ժամանակ կհետաձգվի այն ավելի ավարտուն տեսքի հասցնելու և ավելի մատչելի ու ընկալելի դարձնելու համար։ Դրանից հետո կգա արդեն նկարահանումների փուլը, որը ևս շատ ջանք ու աշխատանք է պահանջում։ Բայց սա խոչընդոտ չէ այն իրականացնելու համար, քանի որ այս ամենը ինձ համար գերնպատակ է դարձել։

Խոսելով իր դերերից ու զբաղվածությունից՝ դերասանը անդրադարձավ Ելենա Արշակյանի՝ «Դեբետի գաղտնիքը» սերիալին և Հենրի Քոչարյանի նոր գեղարվեստական ֆիլմին։

– Առաջարկներ շատ են եղել, դրանցից մի քանիսը մերժել եմ, մի մասն էլ մեծ սիրով ընդունել։ Վերջին դերերիցս եղել են Ելենա Արշակյանի նկարահանած «Դեբետի գաղնիքը» հեռուստասերիալում մարմնավորածս Վարդանի կերպարը և նաև Հենրի Քոչարյանի  նոր գեղարվեստական ֆիլմում խաղացել եմ Հակոբի դերը։ Նոր առաջարկների մի մասն էլ դեռ քննարկման փուլում են․ ժամանակս շատ սուղ է և հաճախ հնարավորություն չի լինում զուգահեռ ուրիշ բանով զբաղվելու։

Զրույցի ընթացքում Մովսես Նիկողոսյանը խոսեց նաև այն պատճառների մասին, ինչի արդյունքում նա քիչ է երևում հեռուստաէկրաններին՝ անդրադարձ կատարելով նաև հայկական կինոարտադրությանն ու դրա վատ վիճակին։

– Նախ և առաջ կցանկանայի նշել, որ ես մեկն եմ նրանցից, ով այսօր հարմարվել է տիրող անգրագետ ձևաչափին ու շարժվում է այն կանոններով, որն այսօր արդեն իսկ արմատավորվել է մեր մշակութային կյանքում։ Խոսքս ոչ բոլոր աշխատանքներին է վերաբերում, բայց հիմնական ֆոնը դա է՝ ուղղակի դատարկաբանություն։

Ես այլ արվեստ եմ ուզում տեսնել, բայց դե ուղղակի թողնելն ու հեռանալն էլ ճիշտ չի լինի, ավելի վեհ գաղափարներ եմ ուզում տեսնել մեր էկրաններին, բայց ցավոք սրտի այն դեռ բացակայում է։

Այս ձևավորված մշակույթը ունեցել է սկիզբ և համոզված եմ՝ կունենա վերջ, ու հայ արվեստագետը հնարավորություն կունենա ստեղծագործելու ազատ և ավելի գրագետ։ Սա մեծ կարևորություն ունեցող խնդիր է, որը նույնպես մեծ բարեփոխումներ է պահանջում։

Ես դեռ կշարունակեմ մնալ այն մշակույթի մեջ, որի մեջ են նաև այսօր շատ-շատ տաղանդավոր արտիստներ։ Ի՞նչ անեն։ Բոլորովին կտրվել․․․ դա էլ լուծում չէ։ Մեզ նոր ճանապարհներ են պետք, նոր գաղափարներ, նոր ճաշակ, որը հնարավորություն կտա արմատական փոփոխություններ կատարել։

Անձնականի և կնոջ մասին խոսելիս դերասանը նշեց Օվսանայի ներկայիս զբաղվածության և իրենց ջերմ փոխհարաբերությունների մասին։

– Կինս՝ Օվսանան, մասնագիտությամբ իրավաբան է։ Նա քսան տարուց ավելի ՌԴ-ում է ապրել և դեռ լավ չի տիրապետում հայերենին։ Հիմա էլ զբաղված է դրա վարժ յուրացմամբ։ Կինս շատ է սիրում իր աշխատանքը ու բոլոր հարցերին մոտենում է որպես իրավաբան, ինչն էլ չափազանց բարդացնում է իմ կյանքը։

Ընտանիք կազմելու հետ մեկտեղ ավելանում են նաև պատասխանատվությունն ու հոգսերը, անպակաս չեն լինում նաև ընտանեկան վեճերը։ Սակայն այդ առումով Մովսեսը բախտավոր է, քանի որ իր խոսքերով՝ հազվադեպ է վիճում կնոջ հետ։

Մեծ, շատ մեծ փոփոխություններ է իմ կյանք բերել ամուսնությունը։ Այն ազդել է և իմ անձի, և մտածողության և հայացքների վրա։ Բայց փոփոխությունները եղել են միայն դեպի լավը։ Հասկանում ես, որ կա կյանքումդ մեկը, ով ոչ միայն քեզ կողակից է՝ քո կինն է, այլ նաև ընկեր է, խորհրդատու և համբերատար սպասող։ Այս ամենի բացակայության դեպքում հնարավոր չէ երջանիկ ընտանիք ունենալ։ Վստահ կարող եմ ասել, որ չեմ սխալվել նրա հարցում․ ու եթե նախկինում նրան ուղղակի շատ սիրում էի, հիմա այդ զգացմունքին նաև ավելացել է մեծ հարգանքը, որը փոխադարձ է, ինչն էլ զերծ է պահում բոլոր տեսակի վեճերից։

Անկեղծ կասեմ, որ մեր մեջ լուրջ վեճեր չեն եղել, բացառությամբ մեկ-երկու դեպքի, որը տևել է ընդամենը մի քանի րոպե և որից հետո երկկողմանի պարզաբանման արդյունքում նորից շարունակել ենք մեր խաղաղ ընթացքը։

Դերասանը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ամուսնացած է, սակայն զույգը դեռ երեխա չունի։ Մովսեսը նշեց, որ իրենք դեռ նորություն չունեն։

– Դեռ ընտանիքում համալրում չենք պլանավորում։ Այսինքն՝ թողնում ենք ամեն ինչ Աստծո կամքին։