Բացառիկ նորաձևության ցուցադրություն Երևանում․ մասնակցում են հայկական և եվրոպական բրենդներ

Եռօրյա նորաձևության ցուցադրություն և գեղեցկության վարպետաց դաս Երևանում․ միջոցառումը կազմակերպում է Emerging Talents Milan-ը դեկտեմբերի 13, 14, 15-ին։
Միլանյան նախագիծը կցուցադրի շքեղ հայկական և եվրոպական բրենդներ, որոնք հաջողություններ են գրանցել վերջին միլանյան նորաձևության շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերին։

 

ShowBiz.am-ը զրուցել է միջոցառման կազմակերպիչներից մեկի՝ բիզնես խորհրդատու Տարիել Բիշարյանի հետ և փորձել պարզել հետաքրքիր և ուշագրավ մանրամասներ։
«Emerging Talents Milan-ն ընկերություն է, որը տարբեր միջոցառումներ է կազմակերպում Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում ու այս տարվանից մենք արդեն սկսել ենք նաև մեր դիզայներներին ներկայացնել ուրիշ երկրներում էլ։ Առաջին անգամ ցուցադրությամբ Հայաստանում էինք օգոստոսին, որը սակայն ավելի փոքր մասշտաբով էր կազմակերպված, հիմա էլ երկրորդ անգամ ենք այստեղ՝ ավելի մեծ նպատակներով։
Հիմնականում ես այնտեղ աշխատում եմ հայ դիզայներների հետ` այդ թվում Լիանայի (eLSi Fashion) և Արտույտի (Artuyt) ու քանի որ Լիանայի ցուցադրությունն էլ շատ մեծ հաջողության հասավ, որոշեցինք այստեղ փոքր ցուցադրություն անել, այսինքն՝ մարդիկ կարողանան գալ և տեսնել այդ հագուստները»,- նշեց Բիշարյանը։

Մասնագետը նաև փորձեց նշել այս ցուցադրության առանձնահատկություններն ու դրական կողմերը՝ ասելով, որ նրանք այստեղ էլ փորձում են անել այն, ինչը անում են Միլանում։ «Ունենք դրսից հյուրեր․ Վալերիա Օրլանդոն, ով մեյքափ արտիստ է, ում հետ մենք համագործակցում ենք, Միրա Պոստոլակեն՝ ոճաբանը, և PR մասնագետ Ռուսլան Եվսեևը։ Նրանք բոլորն էլ լուրջ մասնագետներ են, ովքեր համագործակցել են հայտնի բրենդների հետ։ Իմ հիմնական նպատակներից է բերել պրոֆեսիոնալ մասնագետների՝ թեկուզ միայն շփման  ու իրար հետ ծանոթանալու, նոր ուղիներ հարթելու համար»,- նշեց Տարիել Բիշարյանը։

Ցուցադրությանը կներկայացվի Լիանա Սարգսյանի «eLSi Fashion» հագուստի բրենդը, «Արտույտ» շարֆերը, որի հետ իրենք արդեն երկու տարի է, ինչ համագործակցում են  և Olesya Sakhro ասեղնագործ պայուսակները։

«Emerging Talents» ընտրում և օգնում են կայանալ տաղանդավոր դիզայներներին ամբողջ աշխարհում:
Այն ոչ միայն շոու է և ցուցադրություն, այլև մի հարթակ, որտեղ մասնագետները` լրագրողներ, ոճաբաններ, գնորդներ և բլոգերներ, կարող են անհատական հանդիպումներ ունենալ դիզայներների և նրանց թիմի հետ` նրանց օգնելու համար զարգացնել իրենց բիզնեսը:
Թիմը նաև տրամադրում է բիզնեսի լիարժեք զարգացման խորհրդատվություն, կազմակերպում է սեմինարներ և վարպետության դասեր, թիրախային ուղղվածություն ունեցող համաշխարհային մակարդակի միջոցառումներ:

Նյութը՝ Լուս Ավագյանի