Միլանի նորաձևության շաբաթին իր հավաքածուով փայլած Լիանա Սարգսյանի զգեստները Երևանում՝ հատուկ ցուցադրությամբ

Այս օրերին Երևանում ընթանում է բացառիկ և իր տեսակով յուրահատուկ նորաձևության ցուցադրություն, որտեղ ներկայացված են Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում մեծ հաջողություններ գրանցած և դրական արձագանքների արժանացած Լիանա Սարգսյանի հավաքածուն, «Արտույտ» շարֆերը և Olesya Sakhro-ի պայուսակները:

ShowBiz.am-ը ևս ներկա է եղել ցուցադրությանը և ֆիքսել հետաքրքիր կադրեր, խոսել դիզայների և կազմակերպչի հետ ու առանձնացրել լավագույն մտքերն ու լուսանկարներն իր ընթերցողի համար:

Նորաձևության ցուցադրությանը մասնակցելու էին եկել նաև Լիանայի՝ Իտալիայից ժամանած գործընկերները։  Բիզնես խորհրդատու Տարիել Բիշարյանը, ով Միլանում կազմակերպում է Լիանայի ցուցադրություններն ու հանդիպումները՝ նշեց, որ քանզի այս անգամ Հայաստանում մեծ էր հետաքրքրությունը, որոշեցին փոքրիկ ծրագրով, սակայն նույն հավաքածուով ներկայանալ նաև Երևանում։

«Իտալիայում մենք  ունենք «Emerging Talents Milan» ընկերությունը, որը զբաղվում է Եվրոպայում ոչ հայտնի դիզայներների ճանաչելիությամբ և բիզնես խորհրդատվությամբ։ Լիանայի հետ մենք արդեն երկու տարի է, ինչ աշխատում ենք, բայց ծանոթ ենք ավելի քանի 15 տարի։ Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում  Լիանան ներկայացավ անհատական ցուցադրությամբ ու քանի որ հետաքրքրությունը կար ու Լիանայի մասին էլ շատ անդրադարձ եղավ, որոշեցինք Հայաստանում փոքր ցուցահանդես կազմակերպել, որպեսզի նրանք, որոնք հետևել են սոցցանցերում, ամսագրերում տեսել  լուսանկարները՝ հնարավորություն ունենան գալ և իրականում տեսնել։  Իհարկե Միլանի ամբողջ ծրագիրը չէ, որովհետև այն բավականին ծավալուն է»,- իր խոսքում նշեց Տարիելը:

Նշենք, որ օգոստոսին նմանատիպ միջոցառում ևս կազմակերպվել էր, որն ի տարբերություն այս մեկի անցկացվել է ցուցահանդես-վաճառք ֆորմատով: Այս օրերին ցուցադրվող զգեստները չեն վաճառվի, այլ միայն հնարավորություն կտան մարդկանց ընտրել ու կատարել հետագա պատվերներ:

«Այստեղ հիմնականում Միլանի ցուցահանդեսի զգեստներն են, սակայն քանի որ հիմա Իտալիայում հավաքածուի հետ կապված նկարահանումներ են ընթանում, ոչ բոլորն ենք կարողացել բերել, որոշ զգեստներ էլ Լիանայի նոր հավաքածուից են, որը դեռ չի ցուցադրվել և նախատեսված է հայ գնորդների համար»,- հավելեց Տարիել Բիշարյանը։

Դիզայներ Լիանա Սարգսյանն էլ նշեց ,որ այս ամիսներին խիստ գերզբաղված է եղել և շարունակում է լինել, որովհետև պատրաստում է նոր հավաքածու, որը ևս կներկայացվի արտերկրում:
Ըստ Լիանայի՝ Միլանի նորաձևության շաբաթը դիզայներներին ուղղորդում է լինել տարբերվող, սակայն ունենալ ձեռագիր և սեփական ոճ ու ասելիք։ Այդ իսկ պատճառով էլ նոր հավաքածուն կունենա նմանություններ հնի հետ, կլինի դրա շարունակությունը:

Ի դեպ՝ ավելի վաղ Vogue ամսագրի իտալական հրապարակումը անդրադարձ էր կատարել Լիանայի հավաքածուին։ Տարիելի խոսքով, ամսագիրը շատ տպավորիչ ու հետաքրքիր  հոդված էր տպագրել՝ դրանում հատուկ անդրադարձ կատարելով Լիանային․ «Իտալական Vogue-ը շատ լավ հոդված էր գրել մեր ընդհանուր նախագծի մասին և առանձին հատվածով անդրադարձել էր Լիանայի հավաքածուին։ Ամսագիրը շատ ոգևորող բառերով է բնութագրել՝ նշել էին, որ ներկայացրած  դիզայներներից ամենատպավորիչը Լիանայի հավաքածուն էր։ Գայթակղիչ ու աշխարհիկ լինելով, զգեստները  շատ եթերային ու կանացի էին»։

Զրույցի ընթացքում Լիանան նաև որոշ մանրամասներ վստահեց մեզ՝ պատմելով իր նոր աշուն-ձմեռ հավաքածուից և ասաց, որ կներկայացվի մոտ 30 զգեստ, որոնցից պատրաստ է մոտավորապես 60 տոկոսը: Դրանցում կգերակշռեն  սև, մոխրագույն, վարդագույն, ոսկեգույն, սպիտակ երանգները:

Հեղինակ՝ Լուս Ավագյան