Արքայազն Ուիլյամը հայտնել է, որ արքայազն Ջորջն արդեն գրել է իր ամանորյա նվերների ցուցակը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայտնել է, որ որդին՝ 6-ամյա արքայազն Ջորջը, արդեն հասցրել է գրել իր ամանորյա նվերների ցուցակը:

Մեծ Բրիտանիայի արքայազնը Սուրբ Ծննդի տոնին նվիրված հատուկ` Berry Royal Christmas թողարկման ժամանակ խոստովանել  է, որ որդին Սանտային ուղղված նամակում նվերների մի ամբողջ ցանկ է գրել:

Հաղորդման ժամանակ արքայազնը նաև հայտնել է, որ որդին շատ է սիրում նկարել և հնարավոր է՝ նրան նկարչության խմբակում ներգրավեն: «Կամ ֆուտբոլի. նա ֆուտբոլ նույնպես սիրում է»,- հավելել է նա:

Հարցին, թե արդյոք որդին ֆուտբոլի հանդեպ սերը ժառանգել է իրենից, արքայազն Ուիլյամը, որը Ֆուտբոլային ասոցիացիայի նախագահն ու «Աստոն Վիլլա» անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագուն է, խոստովանել է, որ որդին երկրպագում է «Չելսի» ֆուտբոլային ակումբին:

«Ես փորձում եմ կողմնապահություն չանել: Նրան ասացի՝ կարող ես երկրպագել ում ցանկանում ես, միայն թե ոչ «Չելսիին», ուստի նա այժմ երկրպագում է հենց «Չելսիին»»,- ասել է արքայազնը:

Արքայազն Ջորջն ակնհայտորեն ժառանգել է իր հոր՝ սպորտի հանդեպ սերը և, ըստ հաղորդման, մարզվում է Քենսինգթոնյան պալատի հարակից տարածքում, գրում է աղբյուրը:

Այս ամառ իր ծննդյան պաշտոնական լուսանկարում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը նրան լուսանկարել էր Անգլիայի հավաքականի սպիտակ գլխարկով: