Սկսնակ երգչուհի Անգելինա Ավետյանը խոսել է պլաստիկ վիրահատությունների, անձնական կյանքի և սպասվող պրեմիերաների մասին

Անգելինա Ավետյանը համարձակ քայլերով ներխուժեց հայկական շոու-բիզնես և կարճ ժամանակում կարողացավ ձեռք բերել մեծ ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ: Նրա անունը վերջին օրերին հաճախ է շրջանառվում լրատվամիջոցներում. հանրությանը հետաքրքրեց ոչ միայն երգչուհու ստեղծագործությունները, այլ նաև բավականին տարբերվող արտաքինը:

Showbiz.am կայքի հետ զրույցում Անգելինան պատմեց ապագա ծրագրերից, համագործակցություններից, ինչպես նաև չմոռացավ խոսել «տրանսգենդերի ես նման» մեկնաբանության և պլաստիկ վիրահատությունների դիմելու մասին:

«Ինձ վրա բացարձակ չկա ոչ մի պլաստիկա: Միայն քիթն է ենթարկված վիրաբուժական միջամտության, որովհետև ունեցել եմ շնչառական խնդիրներ: Ես կիսովչափ եմ հայ: Հայերը սովոր են տեսնել հայի, դա է պատճառը, որ կարծում են՝ ես պլաստիկ վիրահատությունների եմ դիմել: Այտոսկրերը, շուրթերը, ամեն ինչ իմն է»,- հավատացրեց Անգելինան, սակայն հրաժարվեց նշել, թե հայից բացի ուրիշ ինչ ազգության է պատկանում:

Կարճ ժամանակամիջոցում Անգելինան ձեռք բերեց ոչ միայն բազմաթիվ երկրպագուներ, այլ նաև հեյթերներ, ովքեր օրեր շարունակ չարախոսություններով հեղեղում էին նրա տեսահոլովակների ու լուսանկարների մեկնաբանությունները:

«Չարախոսություններին վերաբերվում եմ շատ հումորով: Մեկ-մեկ լինում են մեկնաբանություններ, որոնք կարդալով ծիծաղում եմ: Ինձ ամենից շատ հուզում է այն, որ մարդիկ իրենց հայրենակցին ոգևորելու փոխարեն քննադատում են: Երբ սոցիալական կայքերում ուսումնասիրում եմ քննադատողների անձնական էջերը և տեսնում եմ, թե ովքեր են նրանք, ինձ արդեն պարզ է դառնում՝ որտեղից է նրանց չարությունը: Ամենից շատը ծիծաղել եմ «կարծես տրանսգենդեր լինես» մեկնաբանության վրա»:

Անգելինան պատմեց, որ երգել է դեռ մանկուց, սակայն մասնագիտությամբ լրագրող է․ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:

«Մասնագիտությամբ լրագրող եմ, բայց ավարտել եմ երաժշտական դպրոց: Զբաղվել եմ նաև մոդելինգով ու մասնակցել եմ գեղեցկության մրցույթների: Երգում եմ դեռ մանկուց: Ես հիմնականում շանսոն եմ երգում: 6 ամիս առաջ հասկացա, որ ունենալով ձայնային տվյալներ՝ ես էլ կարող եմ մտնել շոու-բզինես»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ իր սիրտը դեռ զբաղված չէ, տղամարդու իդեալ չունի, իսկ սրտի տղամարդը կարող է դառնալ այն մարդն, ով անկեղծ կսիրի իրեն:

Խոսելով ապագա ծրագրերի ու համագործակցությունների մասին՝ Անգելինան ասաց. «Հունվարի 13-ին կկայանա նոր՝ «Շնորհավոր» երգի պրեմիերան: Իսկ «Մայրիկ» երգի պրեմիերան կկայանա մարտի 8-ին: Ունեմ նաև սիրո մասին երգ, որը երկրպագուներին կներկայացնեմ մոտ օրերս՝ մինչև հունվարի 13-ը: Հեղինակային երգեր ունեմ, բայց համագործակցում եմ նաև Ավետ Բարսեղյանի և Ռիչարդ Մադլենյանի, Արման Անտոնյանի հետ»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան