Ո՞վ է «Մատանիների տիրակալը» ֆիլմի սաունդթրեքը կատարած հայ կինը

Կանադացի հայտնի օպերային երգչուհի, սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է 1974-ի փետրվարի 1-ին, Լիբանանի Զահլե քաղաքում, հայկական ընտանիքում:

Իզաբելը սկսել է երգել, երբ դեռ երեխա էր. նա երգում էր Լիբանանի հայկական եկեղեցական երգչախմբում, որը ղեկավարում էր նրա մայրը: «Մայրս հաճախ մեզ համար երգում էր հայկական երգեր, և հենց նրա շնորհիվ էր, որ մենք մեծանում էինք հպարտությամբ մեր արմատների համար: Նա մեզ ներշնչել է մեր ինքնությունը, հայոց լեզվի մշակույթը, երգերը, աղոթքները պաշտպանելու ուժեղ ցանկություն»,- հարցազրույցի ժամանակ ասել է երգչուհին:

4 տարեկանում ապագա օպերային աստղն ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա: Լինելով Տորոնտոյի համալսարանի բիոինժեներիայի ամբիոնի ուսանող՝ նա, միևնույն է, լրջորեն հետաքրքրվում էր երաժշտությամբ: 1997-ին նա գերազանցությամբ ավարտել է համալսարանը: Նույն թվականին Իզաբել Բայրաքդարյանը անցել է Մետրոպոլիտենի Օպերայի Ազգային խորհրդի լսումները:

Արդեն 2000-ին նա ստացել է իր առաջին լուրջ մրցանակը՝ դառնալով աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած հեղինակավոր միջազգային «Օպերալիա» մրցույթի հաղթող:

Նա շատ հայտնի է դարձել ամերիկացի կոմպոզիտոր Ուիլյամ Բոլկոմի «Տեսարան կամրջից» օպերայի համաշխարհային պրեմիերայից հետո:

Դրան հաջորդել են ելույթները աշխարհի առաջատար օպերային բեմերում և ֆիլմերում սաունդթրեքների կատարումները:

2002-ին նա գրել է սաունդթրեք Կանադայի հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար: Իզաբել Բայրաքդարյանի Evenstar կատարումը լսվել է նաև «Մատանիների տիրակալը. երկու ամրոց»-ի մեջ:

2006 թվականին նա թողարկել է վավերագրական ֆիլմ՝ «Երկար ճանապարհորդություն դեպի տուն», որում նա խոսել է մոր հետ Հայաստան կատարած առաջին ուղևորության մասին: 2008-ին Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, Իզաբել Բայրաքդարյանը ձայնագրել է «Կոմիտասի երգերը» ալբոմը: 2009-ին Գրեմմի մրցանակի «Լավագույն դասական վոկալ կատարում» անվանակարգում նա ներկայացրել է Կոմիտասի «Անտունի» ստեղծագործությունը:

«Լավագույն դասական ալբոմ» անվանակարգում Իզաբել Բայրաքդարյանը բազմիցս դարձել է «Ջունո» մրցանակի դափնեկիր: Ալբոմներից մեկը՝ Mother of Light: Armenian hymns and chants in praise of Mary-ն ներառում էր հայկական հոգևոր կոմպոզիցիաներ, լույս է տեսել 2013 թվականին և նվիրված է երգչուհու ծանր հիվանդ մորը:

2004-ին Իզաբել Բայրաքդարյանն ամուսնացել է դաշնակահար Սերոզ Քրաջյանի հետ: Զույգն ունի երկու երեխա: