«Բալիկներս ստիպում են ինձ քչով չբավարարվել». Դավիթ Գրիգորյանը՝ զույգերին խնամելու, նոր հեռուստանախագծի և կնոջ հետ հանգստի մեկնելու մասին

Դերասան Դավիթ Գրիգորյանին, ում հեռուստադիտողը ճանաչեց և սիրեց մի շարք հեռուստասերիալներից, վերջին շրջանում էկրանին չի երևում. Դավիթն իր բիզնես գործունեությունն է ծավալում, անդադար աշխատում և, իհարկե, նա արդեն որքան ժամանակ է՝ ունի ևս մեկ կարևոր աշխատանք՝ իր զույգ դուստրերի խնամքով և մեծացնելով զբաղվելը: Դավիթն իր հայրական պարտականությունները, կարելի է ասել, գերազանց է կատարում, քանի որ կնոջը հավասար  օգնում և անում է ամեն բան: ShowBiz.am-ը զրուցել է դերասանի հետ՝ այժմյան գործունեության, ամռանը հանգստի մեկնելու և երեխաների մասին:

«Պապայական առօրյան գրեթե չի ավարտվում. այն շատ բուռն է ու անդադար: Նույիսկ եթե տանն ես, ամեն րոպեդ համակարգված է և որոշված, քանի որ այս ժամին ուտացնում ենք, այն ժամին լողացնում և այդպես անդադար նույն գործողությունները»,-պատմում է Դավիթն ու ոգևորությոամբ նշում, որ, որքան էլ ինքն ու կինը հոգնեն, միևնույն է, աշխատանքի վայրում լինելու ժամերին էլ կարոտում ու կարոտում են բալիկներին և սպասում, թե երբ են վերադառնալու տուն:

Հայրիկի խոսքով՝ բալիկներից մեկին մայրիկին են նմանեցնում, իսկ մյուսին՝ իրեն, սակայն ընդհանուր նմանություններն ակնհայտ են: Իսկ զույգ աղջիկները, հայրիկի խոսքով, բավականին մեծացել են և չարաճճիացել. նրանք արդեն վտանգացվոր և ակտիվ բաներ են անում, շարժվում, այս կողմ այն կողմ գնում և ամենուր քանդում:

Երեխաների խնամքի հարցում ի սկզբանե ամուսնիններին օգնել են դայակները: Այսօր էլ, եթե Դավիթն ու Մանուն աշխատանքի են լինում, դայակն է խնամում բալիկներին. իհարկե, այս գործում մեծ օգնություն է ցուցաբերում նաև Դավիթի մայրիկը. «Չափազանց երախտապարտ եմ ծնողներիս: Ես կարծում եմ, որ մեծ հասակում մարդիկ ավելի շատ պետք է հանգստանան, ոչ թե թոռնիկ պահեն. սա իմ մոտեցումն է, բայց մայրիկս օգնության է հասնում, և ես ու կինս շատ շնորհակալ ենք նրան»:

Բացի սա, Դավիթն օգնում է կնոջը տանը բոլոր հարցերում. «Մենք երկու կես ենք արել մեր բոլոր գործերը: Այժմ իմ գրաֆիկն ավելի թեթև է . ծավալում եմ հասարակական և բիզնես գործունեություն: Տանն ավելի շատ եմ լինում և այդ ընթացքում ես եմ պահում երեխաներին»:

Ամառային հանգստից ամուսինները հետ չեն մնալու ու պատրաստվում են հուլիսի 29- ին մեկնել, լինել Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեյցարիայում. դա և՛ իրենց համատեղ բիզնեսի և՛, իհարկե, նաև հանգտի համար է. «2 շաբաթով ենք մեկնելու. վերջին մեկ տարին այնքան հոգնած ենք, որ եթե չհանգստանանք գոնե մի քանի օր, կարծում եմ՝ առողջական խնդիրներ կունենանք»,-ասում է Դավիթն ու հավելում, որ, ցավոք, բալիկներին չեն տանելու իրենց հետ. երեխաները դեռ փոքր են այդքան մեծ ճանապարհ անցնելու համար:

Խոսելով էկրանին չերևալու և առաջիկա պլանների մասին՝ Դավիթն ասաց. «Սեպտեմբեր ամսին կներկայանամ նոր հեռուստանախագծում: Հիմա աշխատանքներ եմ տանում այդ հաղորդման պատրաստման հետ կապված: Վստահ եմ , որ որակյալ ու օգտակար հաղորդում է լինելու»,-ասում է Դավիթն ու նաև նշում, որ սերիալները նրա համար հոբբի են, որոնք հնարավորություն են տալիս ինքնաարտահայտվել, իսկ իր հիմնական աշխատանքը լրագրությունն ու սցենարական աշխատանքներն են:

Ամեն դեպքում, Դավիթի աշխատանքային գործունեությունը միշտ բուռն է ու եռուն. «Ինչպես  առաջ, այնպես էլ հիմա, ես զբաղվում եմ ոչ թե մեկ, այլ մի քանի գործով, և քչով չբավարարվելն ինձ ստիպում են իմ բալիկները: Առաջ ես կարող էի օրինակ բավարարվել մեկ աշխատանքով, սակայն հիմա  ես հասկանում եմ, որ ինձ վրա մի ամբողջ ընտանիքի պատասխանատվություն է. դա և հաճելի է և պարտավորեցնող: Ես անում եմ ամեն բան, որ իմ կատարած աշխատանքները լինեն ինձ հաճելի, իսկ ֆինանսական տեսանկյունից էլ ծածկեն ընտանիքիս պահանջները, ինչն էլ, փառք Աստծո, իրականացնում եմ»:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի