Երիտասարդ դերասանուհի Էլեն Սարգսյանն առաջին անգամ հանդես կգա ծավալուն ու երկարատև նախագծում։ Հեռուստադիտողը նրան շուտով կտեսնի պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր՝ «Շիրազի Վարդը» հեռուստանախագծում։ Դերասանուհու համար դերը կարևոր է ոչ միայն նրանով, որ սա նրա առաջին ծավալուն աշխատանքն է, այլև նրանով, որ Էլենն այստեղ կմարմնավորի գլխավոր հերոսուհուն։
Մենք արդեն հասցրել ենք մեր ընթերցողին ներկայացնել «Շիրազի Վարդը» հեռուստասերիալի հետաքրքիր և ուշագրավ մանրամասները, այս անգամ էլ ShowBiz.am-ը զրուցել է հայկական կինոինդուստրիայում դեռ ոչ այնքան փորձառու դերասանուհի Էլեն Սարգսյանի հետ։
Մեզ հետ զրույցում դերասանուհին խոստովանեց, որ դերն իրեն հեշտությամբ չի տրվում և որ սա իր համար շատ աշխատատար ու պատասխանատու աշխատանք է։
«Մարմնավորում եմ Վարդին, ով ֆիլմում գլխավոր հերոսուհին է։ Պարսկական ընտանիքում մեծացած աղջիկ է, ով խոսում է պարսկերեն և որոշ չափով էլ հայերեն»,- ասում է Էլենը և հավելում, որ պարսկերենը իր համար հատուկ դժվարություն է առաջացրել, բայց քասթինգի ժամանակ, երբ իրեն պատմել են իր դերի մասին և տեսել, թե դերասանուհին ինչպիսի արձագանք է ունեցել, համաձայնվել են։
«Ինչպես Ելենան ու ֆիլմի ռեժիսոր Քաջայրը ասացին, դերիս մասին լսելու պահին աչքերս փայլեցին։ Այդ դժվարությունները ինձ դուր եկան, հենց նրա համար, որ պարսկական (մուսուլմանական) մշակույթը ինձ շատ հետաքրքիր է․ այն այլ է և նոր ինձ համար, հետևաբար փորձեցի ամեն դժվարություն հաղթահարել։ Իհարկե, ընթացքում շատ խնդիրների եմ բախվում, որովհետև պետք է տեքստը հիշել պարսկերենով, հետո այդ ամենը խաղալ բոլոր անհրաժեշտ էմոցիաներով՝ մեկ-մեկ նույնիսկ առանց հասկանալու, թե ինչ ես ասում, քանի որ կարող ես մոռանալ դրանց նշանակությունը»,- նշում է դերասանուհին, սակայն միևնույն ժամանակ ավելացնում, որ ամենը չափազանց հետաքրքիր է, նկարահանումները շատ լավ են անցնում, անձնակազմը ուղղակի հրաշալի է և բոլորն իրենց գործում պրոֆեսիոնալներ են, ովքեր ամեն ինչում փորձում են օգնել իրեն, որ լավ և ճիշտ ներկայանա։
Էլենը հույս հայտնեց, որ ամեն բան իրոք լավ կստացվի։
Պարսկերենն ու դրա առաջացրած դժվարությունները մեկ այլ, բավականին մեծ խնդիր է, որն Էլենը ամեն կերպ փորձում է հարթել և յուրացնել․ «Մինչ այս պարսկերենից ընդհանրապես գաղափար չեմ ունեցել, նույնիսկ երևի չեմ էլ լսել, ուղղակի առաջին օրը փորձեցինք ու, կարծես թե, ստացվեց»։
Իր կերպարի մասին խոսելիս նշեց, որ շատ ուժեղ և պայքարող աղջիկ է: Իր հերոսուհին գալով Հայաստան փորձում է ամեն բան միայնակ հաղթահարել, քանի որ մինչ այդ լինելով իր պարսկական ընտանիքի կողքին ստացել է անհրաժեշտ սեր ու աջակցություն ու հանկարծ այստեղ՝ Հայաստանում, նա միայնակ է մնում ու ստիպված է ամեն հարց ինքնուրույն լուծել։
«Ես երևի թե դեռ փորձում եմ հերոսիս ավելի լավ ճանաչել, ավելի լավ հասկանալ ու ամեն նոր եկող իրավիճակի հետ փորձում եմ էլ ավելի մտնել կերպարիս մեջ ու այն ամբողջովին իմը դարձնել»,- խոստովանում է Էլեն Սարգսյանը։
Այսպիսի նախագծերը դերասանուհու համար նոր են․ Էլենն առաջին անգամ է հանդես գալիս այսքան ծավալուն ու երկարատև նախագծում ու իր խոսքերով՝ սա ևս մեծ պարտավորություն ու պատասխանատվության զգացողություն է առաջացնում․ «Գրեթե մեկ տարի ձգվող նախագծի ընթացքում հերոսուհիս իմ անբաժան մասն է դառնալու, ու ես հույս ունեմ, որ կկարողանամ փոխանցել այն ամենը, ինչն ինձնից պահանջվում է և չեմ հիասթափեցնի պրոդյուսերին ու մեր ռեժիսորին»։
Հեղինակ՝ Լուս Ավագյան