HBO-ն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին մուլտֆիլմ կցուցադրի

Ամբողջ աշխարհում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նկատմամբ հետաքրքրությունը բավականին բարձր է, ինչի կապակցությամբ ամերիկյան HBO Max սթրիմինգային ծառայությունը որոշել է նրանց վերաբերյալ մուլտֆիլմ ցուցադրել:

Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, մուլտֆիլմը լինելու է հումորային և սիթքոմի ոճով: Այն կոչվելու է «Արքայազնը»՝ ի պատիվ բրիտանական գահի 6-ամյա թագաժառանգ արքայազն Ջորջի, որը գահի ժառանգորդների շարքում երրորդն է՝ պապից և հորից հետո:

Նշվում է, որ մուլտֆիլմում բրիտանական թագավորական ընտանիքի կյանքը ներկայացվելու է մանկահասակ Ջորջի աչքերով:
Դրանում կլինեն թագուհու, նրա ամուսնու, ավագ որդու, հարսի, Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի, արքայազն Հարիի, նրա կնոջ՝ Մեգան Մարքլի, ինչպես նաև արիստոկրատիայի մյուս ներկայացուցիչների կերպարները:
Նշվում է, որ արքայազն Հարիին հնչյունավորելու է հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը: