14 սերիայից բաղկացած «Գոշա» հումորային նախագիծը հունվարի 25-ից արդեն ցուցադրվում է ռուսական «Սուպեր» հեռուստաալիքով։ Մենք մեր ընթերցողին արդեն ներկայացրել ենք նախագծի մանրամասները՝ զրուցելով ֆիլմի պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Սարգիս Մնոյանի հետ։
Այս անգամ էլ ShowBiz.am-ը զրուցել է նախագծի գլխավոր հերոսին մարմնավորած դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ, ով մեզ պատմել է իր կերպարի առանձնահատկությունների, ինչպես նաև «Պատվի համար» բազմասերիանոց ֆիլմում իր դերի, թատրոնում նոր ներկայացումների, ինչպես նաև Արմենիա TV-ում սպասվելիք նոր հումորային նախագծի մասին։
Դերասանը զրույցի սկզբում նշեց, որ ինչպես մյուս նախագծերում, այստեղ ևս անհանգստությունը մեծ է, քանի որ չես կարող իմանալ, թե այն ինչպես կընդունվի կամ կընկալվի հեռուստադիտողի կողմից։ «Սպասումներս շատ մեծ են, որովհետև իսկապես յուրահատուկ նախագիծ է ու մեծ հույսեր ունեմ, որ կսիրվի հեռուստադիտողի կողմից»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը։
Ըստ դերասանի՝ իր կերպարը՝ Գոշան, շատ միամիտ, բարի, «ուրիշ աշխարում» ապրող մարդ է, ով միայնակ է, սակայն ունի սիրած աղջիկ, ով աշխատում է բանկում։ Գոշան անընդհատ տարբեր ճանապարհներով փորձում է այդ աղջկան հասկացնել իր զգացմունքների մասին, սակայն միշտ անհաջողություններ է ունենում։ «Դերը յուրօրինակ է, տեքստային մասը բավականին քիչ է, գերակշռում են ժեստերը։ Այդ իսկ պատճառով էլ պետք է կարողանաս միմիկաների և զգացմունքների միջոցով դերը տեղ հասցնել՝ համեմելով նուրբ և գեղեցիկ խաղով»,- հավելեց դերասանը։
Մկրտիչն իր խոսքում չմոռացավ անդրադառնալ նաև դերասանական և ստեղծագործական թիմին՝ նշելով, որ առանց իրենց համախմբված ու միասնական աշխատանքի նախագիծը չէր կայանա։
Մկրտիչ Արզումանյանը այժմ նկարահանվում է նաև «Պատվի համար» բազմասերիանոց ֆիլում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ «Հրաչ Քեշիշյանի հետ առաջին անգամ ենք աշխատում և յուրաքանչյուր նկարահանման օր ինձ մեծ բավականություն է պատճառում։ Մեր լավագույն ռեժիսորներից է, ում հետ շատ հեշտ կարողանում ենք լեզու գտնել։ Ամեն կադրի համար մանրակրկիտ աշխատանք է տարվում, ինչը իրոք գովելի է։ Կարծում եմ՝ նախագիծը հեռուստադիտողին անտարբեր չի թողնի՝ մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ էկրանավորվում է մեր լավագույն ստեղծագործություններից մեկը»,- շեշտեց դերասանը։
«Պատվի համար»-ում սիրված դերասանն այս անգամ մարմնավորելու է բացասական կերպար, ինչն իր խոսքերով՝ ևս շատ հետաքրքիր է, քանի որ նոր փորձ ու զգացողություններ է պարգևում։
Մկրտիչ Արզումանյանը թատրոնում ևս զբաղվածություն ունի․ այժմ աշխատում են նոր նախագծի վրա։ «Երկու ներկայացում ունենք այս պահին․ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» մոտ ապագայում կշարունակի իր ստեղծագործական կյանքը մեկ այլ թատրոնում, ինչպես նաև «Save միլիոն»-ը, որը հիմա շարունակում ենք խաղալ։ Աշխատում ենք նաև երրորդ նախագծի վրա, որը, կարծում եմ, արդեն աշնանը կհանձնենք հանդիսատեսի դատին»,- մանրամասնեց դերասանը։
Հեռուստատեսային նոր նախագիծ ևս կլինի․ Արմենիա TV-ին պատրաստում է հումորային նախագիծ, որտեղ կլինեն շատ հայտնի և սիրված դերասաններ։ Նախագծում կլինեն նոր մոտեցումներ, նոր որակ, որով փորձ կարվի գրավել հեռուստադիտողի ուշադրությունն ու այդպիսով արժանանալ նրանց սիրուն։
Հեղինակ՝ Լուս Ավագյան