«Կանգ առնելն ու լճանալը իմը չեն». Հովհաննես Դավթյան

Վերջերս իր 35-ամյակը նշած Հովհաննես Դավթյանը այն արտիստներից է, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց հանդիսատեսի կողմից մշտապես հետաքրքիր ու սպասված լինելու համար: Նա հումորային ու Stand Up ժանրի ամենասիրված ու հայտնի դերասաններից մեկն է ու իր ամեն մի նոր ներկայացումով ամրապնդում է իր այդ դիրքը: Փետրվարի 1-ին կայացավ Հովհաննեսի «SOLD OUT» ներկայացման պրեմիերան, որը մինչ այդ կայացած ներկայացումներից տարբերվում է ոչ միայն նոր թեմաների ընտրությամբ, այլև նրանով, որ այս ներկայացման մեջ դերասան – հումորիստն ընդգրկել է իր կյանքում տեղի ունեցած իրական պատմությունները: Ներկայացումն ունի մեկ առանձնահատկություն ևս` դրա ավարտին հանդիսատեսն ունի բացառիկ հնարավորություն դիտելու հատուկ նկարահանված տեսանյութ, որը դեռ շատ երկար ժամանակ չի լինի համացանցում:
Showbiz.am –ի հետ զրույցում սիրված դերասանը պատմել է պրեմիերայի, իր 35 ամյակի խնջույքի, ոլորտում մրցակցության, առաջիկա 10 տարիների նպատակների ու շատ այլ հետաքրքիր մանրամասների մասին:

– Ձեր ներկայացման պրեմիերան կայացավ օրեր առաջ: Ո՞րն է «SOLD OUT» ներկայացման գլխավոր մեսիջը: Ո՞ր խնդիրներն են հայտնվել Ձեր ուշադրության կենտրոնում այս անգամ:

-Ներկայացումը որոշեցինք վերնագրել «SOLD OUT», քանի որ վերջին շրջանում մեր բոլոր ներկայացումները միշտ sold out – ներով են անցել: Օրինակ, մեր վերջին ներկայացումը «GOLD Ամանոր» -ը նախատեսել էինք խաղալ 2 անգամ, խաղացինք 12 ներկայացում, քանի որ մեծ էր պահանջարկը և հետաքրքրվածությունը հանդիսատեսի կողմից: Այդպես անվանեցիք նաև այն պատճառով, որ ներկայացման սկզբում հումորային հոլովակ ենք պատրաստել, որում պատմվում է, թե առհասարակ աշխարհում քանի sold out-ներ են արվել: Չեմ ուզում մանրամասնել, որպեսզի այն մարդկանց մոտ, ովքեր դեռ չեն դիտել ներկայացումը, չկորի հետաքրքրությունը: Ինչպես իմ մյուս ներկայացումներում, այնպես էլ հիմա անդրադարձել ենք տարբեր թեմաների` կին-տղամարդ հարաբերություններ, սոցիալական, կենցաղային ու քաղաքական թեմաներ: Կան բոլոր այն խնդիրներին առնչվող թեմաները, որոնց հետ ամեն օր բախվում է մեր հասարակությունը`տրանսպորտ, հիվանդանոցներ, բժիշկներ և այլն:

– Դուք արդեն բավականին երկար տարիներ է ինչ մարդկանց ուրախություն եք պարգևում Ձեր հումորով և դերերով, կարո՞ղ եք ասել, թե որ թեմաներով արված հումորներն են ամենածիծաղելին հենց հայ հանդիսատեսի համար:

– Ճիշտն ասած ես բոլոր տեսակի հումորներն էլ սիրում եմ, նույնիսկ սև ու արգելված հումորը: Ինձ համար չկա սահմանափակում թեմաների մեջ: Բայց կան թեմաներ, որոնք մեր հասարակությանը փակում են, օրինակ սև ու 18 պլյուս հումորը: Հիմնականում շատ մեծ ոգևորությամբ ընդունվում են քաղաքական հումորն ու այն հատվածները, որտեղ ես հանդես եմ գալիս որպես դերասան ու խաղում եմ այլ կերպար՝ նմանակելով ինչ-որ մեկին:

– Եղել են հայտնիների կամ քաղաքական գործիչների մեջ այնպիսի մարդիկ, ովքեր իրենց մասին արված Ձեր հումորը «սրտին շատ մոտ են ընդունել» ու վիրավորվել դրանից և եթե այո, ապա ինչպե՞ս եք վարվել դա իմանալուց հետո:

– Չգիտեմ՝ արդյոք եղել են թե ոչ, բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել: Չեմ ասում չեն եղել, ուղղակի ինձ ո՛չ հայտնիներից, ո՛չ էլ քաղաքական գործիչներից վրդովմունք չեն հայտնել ու ես կարծում եմ տեղին էլ չի: Ըստ իս, ես ամեն ինչ անում եմ չափի մեջ ու չեմ հատում այն սահմանը, որը կարող է վիրավորել մարդու ինքնասիրությունը:

– Դուք մշտապես աշխատանքային ու ստեղծագործական ռիթմի մեջ եք, շատ հաճախ եք ունենում նոր ներկայացումներ: Ո՞րն է Ձեր գաղափարների և էներգիայի աղբյուրը: Ինչպե՞ս եք կարողանում միշտ նոր ասելիք ունեցող դերասան և հումորիստ լինել:

– Կարծում եմ իմ էներգիայի աղբյուրը սերն է դեպի իմ մասնագիտությունը: Ես չգիտեմ կոնկրետ քանի հոգի են այս ժանրով զբաղվում, բայց գիտեմ որ շատ են, քանի որ տեսել եմ տարբեր աֆիշներ ու շատերին ճանաչում եմ: Ասեմ ավելին, ես բոլորի ներկայացումներին տոմս եմ գնում ու նայում դրանք: Չեմ ընդունում մեր ասպարեզում ընդունված այն վարքագիծը, որ արտիստները նախանձից կամ թուլությունից դրդված հարկ չեն համարում գնալ միմյանց ներկայացումներին: Ես կարծում եմ, որ գնալով ու նայելով նրանց ներկայացումները չեմ ցածրանում, իմ պատիվն ու անունը չեն իջնում: Համարում եմ պրոֆեսիոնալ քայլ, երբ կարող ես գնալ ու նայել քո ոլորտի այլ ներկայացուցչի ներկայացումը: Դա նույնիսկ օգնում է տեղյակ լինել ասպարեզից: Շատերը կարող են չհավատալ, բայց ես ազնիվ խոսք շատ ուրախ եմ, որ հումորային ներկայացումների ժանրը զարգանում է ու հայտնվում են Stand Up ժանրի նոր արտիստներ: Մեծանում է առողջ մրցակցությունը: Երբ կա այդ մրցակցությունը, դու միշտ աշխատում ես քեզ վրա ու փորձում մյուսներից ավելի լավը լինել: Միայն այդ համեմատության մեջ կարող են հասկանալ թե որ արտիստն է ավելի լավը: Ու ավելի եմ գնահատում, երբ ինձ լավագույնն են համարում հենց մրցակցային դաշտում:

– Ինչը՞ կարող է ներկայացման ընթացքում խանգարել ու շեղել Ձեզ:

– Երեխայի լացը, չնայած, որ ամեն անգամ խնդրում եմ ներկայացման գալ առանց երեխաների, և ուշացած մարդիկ, որոնք 15-20 րոպե հետո մտնում են դահլիճ: Բարեբախտաբար հեռախոսազանգերի խնդիրը լուծվել է` թատրոնում տեղադրվել են խլացուցիչներ ու զանգերը մեզ այլև չեն խանգարում:

– Մարդկանց մեծամասնության մոտ կա կարծրացած պատկերացում, թե հումորային ժանրի բոլոր դերասանները միշտ պետք է ուրախ լինեն: Ինչպե՞ս էք հաղթահարել բացառապես բոլոր հումորիստներին հետապնդող այդ կարծրատիպը:

– Զգացել եմ, որ վերջերս շատ չեն մարդիկ, ովքեր առաջվա նման ասում են «հլը մի հատ հումոր արա, խնդալու բան ասա» արտահայտությունները: Կարծում եմ՝ մեր հասարակությունը տարիների ընթացքում ինքնակրթվել ու զարգացել է ու պակասել են հումորիստից՝ կյանքում ու կենցաղում հումոր սպասող մարդիկ: Հիմա դրսում հանդիպելուց ավելի շատ պատմում են, որ նայել են իմ այս կամ այն ներկայացումը կամ վիդեոները, հարցնում են թե ինչպես ենք գրում սցենարը, ավելի շատ հետաքրքրվում են ստեղծագործական պրոցեսով:

– Նայելով Ձեր 35-ամյակի խնջույքի նկարներն ու տեսանյութերը վստահորեն կարելի է ասել, որ օրը Ձեր ու բոլոր ներկաների համար շատ ուրախ է անցել: Ո՞րն է եղել ամենատպավորիչ նվերը, որ ստացել եք հյուրերի կամ երկրպագուների կողմից:

– Ճիշտն ասած ոչ մի նյութական նվեր ինձ այդքան չուրախացրեց, որքան այն, որ մարդիկ սրտանց կիսում էին իմ ուրախությունը: Այս մարդիկ քիչ չէին` թվով 60 հոգի: Ներկա էին իմ հարազատները, մեր ստեղծագործական թիմը, ընկերներս ու կոլեգաներս: Հետաքրքիր էր այն, որ հաջորդ օրը անխտիր բոլոր ներկաները զանգել են ինձ ու ասել, թե ինչքան ուրախ օր են ունեցել: Դա ինձ համար ամենամեծ նվերն է: Մյուս նվերների համար էլ շատ շնորհակալ եմ, սիրով կկրեմ ու կօգտագործեմ դրանք, բայց այդ ամենը նյութական է, ու ինձ համար այնքան էլ կարևոր չէ: Մնայուն է միայն հոգևորը:

– Բացի մեծ հաջողությամբ ընթացող ներկայացումներից, առաջիկայում սպասե՞նք հեռուսատեսային նոր նախագծերի:

– Անպայման: Հենց հիմա աշխատում ենք հեռուստատեսային 2 նոր նախագծերի վրա: Չակերտները չեմ բացի, բայց կասեմ, որ դրանցից մեկը լինելու է բեմական, իսկ մյուսը կնկարահանվի տաղավարում: Բեմականում ես հանդես կգամ որպես հաղորդավար ու Stand Up ժանրի դերասան, և ինձ հետ հանդես կգան շատ տաղանդավոր մասնակիցներ ևս, ովքեր տարբեր ժամանակներում իրենց մասնակցությունն են ունեցել այլ հումորային նախագծերում: Ես լինելու եմ այդ նախագծի հեղինակն ու պրոդյուսերը: Ամբողջ փետրվար ամսվա ընթացքում տարվելու են նախապատրաստական աշխատանքները: Հետագայում նոր նախագծերը կլինեն թե՛ իմ ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում, թե՛ HD Poduction –ի յութուբյան ալիքում:

– Դուք բավականին շատ էներգիա եք ծախսում ներկայացումների ընթացքում: Ինչպե՞ս եք հանգստանում և լիցքավորվում էներգիայով հաջորդ ներկայացման համար:

– Ես աշխատում եմ 24/7 ռեժիմով: Դա բնականաբար կազդի առողջության վրա, բայց ես չեմ սիրում հանգիստ լինել, ես անվերջ պետք է աշխատանքային փուլում լինեմ: Դե, ամենապրիմիտիվ պատասխանը կլինի` քնելով, բայց ֆիզիկապես չեմ հասցնում հանգստանալ: Եթե մի փոքր ժամանակ է լինում, ապա գնում եմ քաղաքից դուրս՝ այն էլ միայն գիշերները, որովհետև օրվա մյուս ժամերին զբաղված եմ լինում ու ժամանակ չի լինում: Ցավոք սրտի վերիջին մի քանի տարում զբաղվածության պատճառով չեմ կարողանում վայելել ոչ ձմեռային, ոչ էլ ամառային արձակուրդները, բայց այս տարի ուզում եմ գոնե մի 10 օրով մեկնել հանգստի:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Հովհաննես Դավթյանին իր 45-ամյակի ժամանակ: Ինչ՞ով է զբաղվելու և ինչե՞ր է հասցնելու անել 10 տարվա ընթացքում:

– Կանգ առնելն ու լճանալը իմը չեն: Միանշանակ իմ բանագավառում եմ լինելու, դրանում կասկած անգամ չունեմ: Ես իմ մասնագիտությունն ընտրել եմ դեռ անչափահաս տարիքում ու երևի արդեն 30 տարի է հավատարիմ եմ իմ որոշմանն ու ընտրությանը: 10 տարի հետո Հովհաննես Դավթյանը պիտի լինի հանրապետության ամենաուժեղ կատակերգական արտիստներից մեկը, եթե ոչ ամենաուժեղը: Կան նաև այլ նպատակներ: Աստված առաջ, կան շատ նոր նախագծերի մտքեր, նպատակ կա ունենալ ավելի մեծ թիմ ու այդ թիմով ունենալ շատ մեծ նախագծեր: Առաջիկա տարիների նապատակներից է ունենալ քոմեդի ակումբ, Stand Up ժանրի թատրոն ու արվեստի դպրոց: Ես, եթե դնում եմ իմ առաջ ինչ-որ նպատակ, անպայման դա իրագործում եմ, առավել ևս, եթե դա բարի նպատակ է ու չի խլում ոչ մեկի հացը ու ոչ ոքի չի նեղացնում:

(Հովհաննես Դավթյանն ու Կարպ Խաչվանքյանը)

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան