Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին ստանձնել է օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները:
«Այսօրվանից պաշտոնապես անցնում եմ աշխատանքի»,- այս մասին ասել է Կոնստանտին Օրբելյանը և տեղեկացրել, որ Առաջին ատյանի դատարանը հօգուտ իրեն դատավճիռ է կայացրել, որը լիազոր մարմինը՝ նախարարությունը, փորձել էր վիճարկել ՀՀ վերաքննիչ դատարանում, որը կրկին մերժվել էր:
«Այժմ ուժերս կենտրոնացնում եմ՝ կյանքի կոչելու հետագա նախագծերս: Ժամանակը սուղ է և պետք է հասցնենք բեմադրել մի շարք օպերաներ և մի շարք այլ ծրագրեր»,- ասել է Օրբելյանը և հավելել, որ ի տարբերություն նախորդ կառավարության, որը հոգում էր իրենց հյուրախաղերի հիմնական ծախսերը՝ այս կառավարությունից պատասխանել են, որ իրենց համար միևնույն է, թե ինչպես և որտեղից միջոցներ ձեռք կբերեն:
Իսկ թե ԿԳՄՍ-ն ինչ կարծիք ունի իր վերադարձի մասին՝ Օրբելյանն ասաց, որ դեռևս չի հանդիպել. «Վաղն եմ հանդիպելու, այդ ժամանակ պարզ կլինի, իսկ թատրոնի կոլեկտիվն արդեն տեղյակ է. ոմանք ուրախությամբ ընդունեցին, ոմանք` ոչ այդքան»,- ասել է մաեստրոն:
Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 28-ի՝ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։