Ոճային փոփոխություն, նոր տեսահոլովակներ և համերգային շրջագայություն․ Մավր Մկրտչյանն աշխատանքային ակտիվ տարի է խոստանում

Մավր Մկրտչյանը տևական դադարից հետո ներկայացել է նոր տեսահոլովակով։ «Երկու երնեկ» կոչվող պարային ուրախ երգի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է: Տեսահոլովակը Մավրը հանրությանը ներկայացրեց սիրո տոներին ընդառաջ:
Ռեժիսորն ու օպերատորը Վահե Սայանն է, հերոսուհուն մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը:

ShowBiz.am-ի հետ զրույցում Մավրն ասաց, որ աշխատանքային ակտիվ տարի է խոստանում։ Նոր երգերի, հոլովակների առումով անցնող տարին Մավրի համար բավական պասիվ էր, սակայն երգիչն ակտիվ հանդես էր գալիս համերգային շրջագայություններով.
«Այս տարի մի շարք գործեր կան, որոնք պետք է փորձեմ կյանքի կոչել: Հեղինակային երկու երգ ունեմ, որոնցից մեկը տեսահոլովակ կունենա: Ժողովրդական երգեր կան, որոնք նորովի կներկայացնեմ»:

Երգչի նոր տեսահոլովակը բավականին զարմացրեց երկրպագուներին, ովքեր նրան տեսան այլ ժանրում.
«Ես ինքս ինձ փոփոխության չեմ ենթարկել, ես միշտ երգել եմ տարբեր ոճերում, ուղղակի հանդիսատեսիս մինչ այս ներկայացել եմ միայն ժողովրդական և հայրենասիրական ոճերում:
Կան շատ մարդիկ, ովքեր սիրում են ինձ ժողովրդական ոճում, և այս երգից հետո նաև հասկացա, որ մարդիկ կսիրեն ինձ նաև այլ ոճերում»։

Մավրը պատմեց՝ ինչպես առաջացավ նման ոճափոխության ու տեսահոլովակ նկարահանելու ցանկությունը.
«Որոշ ժամանակ առաջ, ինձ մոտ թեթև, հաճելի երգ ունենալու ցանկություն առաջացավ, և խնդրեցի Գրիգոր Կյոկչյանին ինձ համար նման երգ գրել:
Երգը պատրաստելուց հետո առաջացավ տեսահոլովակ նկարելու ցանկությունը, որն իրագործեցի մեր հրաշալի ռեժիսոր և օպերատոր Վահե Սայանի հետ, և երբ քննարկում էինք հերոսուհու կերպարը, երկուսիս կարծիքն էլ կանգ առավ մեր տաղանդավոր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի վրա, ով  սիրով համաձայնվեց»:

Մավրը նաև խոստովանեց, որ մենահամերգով ներկայանալու ցանկություն ունի, սակայն ժամանակը դեռ չի եկել:
Մենահամերգի միտքը միշտ պտտվում է ուղեղումս, բայց կան որոշակի ծրագրեր, որոնք իրականացնելուց հետո անպայման կանեմ:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան