«Պատվի համար». Մկրտիչ Արզումանյանի բացասական դերը և այլ բացառիկ մանրամասներ ֆիլմից

Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի մոտիվներով Առաջին ալիքը նկարահանում է 16 մասից բաղկացած նոր հեռուստանովել, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը: Նախագծի նկարահանումներն արդեն ավարտվում են: Ֆիլմում հանդես են գալիս հայտնի դերասաններ՝ Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Նարինե Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Մանե Մխոյանը և այլք: Մարտ ամսից հեռուստանովելը կհանձնվի հեռուստադիտողների դատին:
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Նիկոլայ Ավետսիյանը և Մանե Մխոյանն առաջին անգամ խոսեցին «Պատվի համար» ֆիլմի մանրամասների մասին՝ պատմելով Հրաչ Քեշիշյանի հետ աշխատանքի առանձնահատկություններից  և դասական գործերի էկրանավորման կարևորության մասին:


 «Հրաչ Քեշիշյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, և յուրաքանչյուր նկարահանման օր ինձ մեծ բավականություն է պատճառում։ Մեր լավագույն ռեժիսորներից է, ում հետ շատ հեշտ կարողանում ենք լեզու գտնել»,– պատմում է Մկրտիչ Արզումանյանը: Վերջինս գովելի է համարում, որ այս նախագծում ամեն կադրի համար մանրակրկիտ աշխատանք է տարվում. «Կարծում եմ՝ նախագիծը հեռուստադիտողին անտարբեր չի թողնի՝ մանավանդ հաշվի առնելով այն փաստը, որ էկրանավորվում է մեր լավագույն ստեղծագործություններից մեկը»:
Դերասան Նիկոլայ Ավետիսյանը նույնպես առաջին անգամ է համագործակցում Հրաչ Քեշիշյանի հետ և նշում է, որ իսկապես, հաճույք է ստանում աշխատելով նման պրոֆեսիոնալ թիմի ու ռեժիսորի հետ. «Ինձ զանգահարեցին և ասացին, որ Հրաչ Քեշիշյանը բազմասերիանոց ֆիլմ է նկարահանում և ուզում է, որ ես դրա շրջանակներում մի դեր փորձեմ։ Դրանից առաջ չէի աշխատել Հրաչ Քեշիշյանի հետ, սակայն գործընկերներիցս լսել էի, որ նա իր գործում իսկական պրոֆեսիոնալ է։
Ես գնացի առաջին փորձին և հասկացա, որ իրոք, այդպես է»:

Իսկ Մանե Մխոյանը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ առաջին անգամ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում՝ «Ոչինչ չի մնա» ներկայացման շրջանակներում։ Նրա պնդմամբ՝ Քեշիշյանը փորձելով դերասաններին տարբեր դերերում՝ նրանց բացահայտում ու ներկայացնում է նորովի:

Մանեն պատմում է. «Բավականին հետաքրքիր է Հրաչ Քեշիշյանի  հետ աշխատելը․ նա  դերասանին տալիս է ազատություն, փորձում է բացել դերասանի հոգու այն բոլոր փակ դռները, որոնք կարտացոլեն կերպարի ամբողջականությունը»։

Դերերի բաշխման հարցում  ցուցաբերվել է նոր մոտեցում: Մկրտիչ Արզումանյանին, ով մինչ օրս բոլորին հայտնի էր իր կատակերգական դերերով, ներկայացվել է բացասական կերպարում: Բացի այդ որոշվել է ֆիլմում ավելացնել նոր կերպար, որը չկա պիեսում:


«Ես մարմնավորել եմ Տրդատին, ով գրական գործում չկա։ Տրդատը մի տղա է, ով վախենում է ինքնուրույն որոշումներ կայացնել և շատ շուտ է ընկնում ուրիշների ազդեցության տակ։ Ամեն դեպքում նա անվստահ է, և դրա մեջ մեծ դեր ունի նաև իր ընտանիքը»,- պատմում է Նիկոլայ Ավետսիյանը: Դերասանը հավելում է, որ կերպարի հետ ընդհանուր գծեր չունի և դրա հետ կապված առաջացել են դժվարություններ, որոնք, սակայն, հաղթահարվել են. «Ոչ մի լավ գործ հեշտ չի ստացվում։ Բայց լավ թիմային աշխատանքով ցանկացած դժվարություն հաղթահարելի է»։

Իսկ Մկրտիչ Արզումանյանը գտնում է՝ ցանկացած կերպար կերտելը կապված է դժվարությունների հետ, անկախ նրանից՝ երգիծական ժանրում է դերասանը, թե դրամատիկական. «Մոտեցումը պետք է լինի լուրջ, փորձես այնքան անկեղծ մատուցել տվյալ կերպարը, որ շատ հոգեհարազատ դառնաս հանդիսատեսին։ Շատ հետաքրքիր է այս ժանրը, աշխատանքս ավելի բարդ է, որովհետև բացի նրանից, որ դրամատիկ կերպար է, այն նաև բացասական է։ Պետք է հասկանալ կերպարի ապրելակերպը, բնավորության գծերը, ինչու է նա այդպիսին։ Եվ այս բոլոր հարցերը ինքդ քեզ, ռեժիսորի ու գործընկերների հետ քննարկելուց հետո նոր հանգիստ գալ հրապարակ ու անել այն, ինչ քեզնից պահանջվում է»։

Մանե Մխոյանը ֆիլմում կմարմնավորի Էլիզբարովի կրտսեր դստեր՝ Մարգարիտի կերպարը, ով մասնագիտությամբ իրավաբան է։  Կերպարի հետ կապված երիտասարդ դերասանուհին չի ունցել ոչ մի դժվարություն. «Հեշտությամբ կարողացա մարմնավորել կերպարը, որովհետև ի սկզբանե աշխատել էի ռեժիսորի հետ, և ինձ համար մեծ պատիվ էր աշխատել պրոֆեսիոնալ դերասանների մի ամբողջ թիմի հետ»։

Մեզ հետ զրույցում դերասանները համաձայնվեցին, որ դասական գործերի էկրանավորումները միշտ ակտուալ են ու գովելի:


«Դրանցում միշտ հնչող պրոբլեմները կան։ Եվ գիտեք, շատ գովելի է այն փաստը, որ արդեն մի քանի տարի է՝ Հանրային հեռուստաընկերությունը էկրանավորում է նման գործեր․ դրանք կարևոր են բոլորիս համար՝ թե՛ դերասանների, թե՛ հանդիսատեսի»,
– ասում է Նիկոլայ Ավետիսյանը; Վերջինս կարծում է, որ այս շարքը շարունակական կլինի, որովհետև այն անհրաժեշտ է հեռուստադիտողին. «Ի  վերջո, հիմա շատերը չեն կարդում, շատերը չգիտեն հայ հեղինակներին և ընդհանրապես գրականությունից կտրված են, և սա առիթ է նաև մարդկանց ծանոթացնելու դասականների հետ։
Ես չեմ կարծում, որ հանդիսատեսը նման գործերի մեծ պահանջարկ չունի․ ոչ, նա ունի պահանջարկ։ Ես ինքս էլ հանդիսատես եմ և կուզեի՝ դասական գործեր շատ էկրանավորվեն Հայաստանում։ Գիտեք ինչ․ ռեյտինգը դեռ չափանիշ չէ։ Աշխարհում կան այնպիսի արվեստի գործեր, որոնք ձեր ասած ռեյտինգը չունեն, բայց ուղղակի գլուխգործոցներ են։ Իսկ ինչ վերաբերում է հնդկական սերիալներին՝ ես  դեմ չեմ, թող ցուցադրեն, բայց կցանկանայի, որ դրանց կողքին նաև ցուցադրեն Պաոլո Սորենտինոյի նկարած  սերիալները։ Մեկ է, հանդիսատեսին չես կարող խաբել․ նա զգում է՝ որն է որակյալ, իսկ որը՝ ոչ»։

Մկրտիչ Արզումանյանը նույնպես կարծում է, որ այսօր դասական գործերի էկրանավորումը բավականին պահանջված է հանդիսատեսի կողմից .«Հանրային հեռուստաընկերությունն այս «հաղթարշավը» սկսեց «Քաոս» ֆիլմից։ Հեռուստադիտողին, իսկապես, սա շատ է հետաքրքրում է, և ես շատ ուրախ եմ, որ իմ փոքրիկ լուման ունեմ այս գործընթացում:
Հույս ունեմ, որ սա շարունակական կլինի, որովհետև մենք դասական հրաշալի գործեր ունենք, որոնք կարելի է ներկայացնել հանդիսատեսին ու լավ արձագանք ստանալ»:

 

Մանե Մխոյանը պնդում է, որ ինչ-որ տեղ պետք է ստիպել հեռուստադիտողին՝ նայել բարձրորակ ֆիլմեր, որոնք կկրթեն նրանց. «Հանրային հեռուստաընկերությունն ունի մի շատ լավ ուղի. անդրադառնում է  դասականներին. նա, ադապտացնելով այս դասական  գործերը, բերում, հասցնում է մեր օրեր՝ դարձնելով ավելի հասանելի հեռուստաէկրանի համար: Վերջին շրջանում նկարահանված սերիալները գնալով բարձրացնում են իրենց որակական արժեքը, ու հուսամ կգա այն օրը, որ միջազգային հարթակում կկարողանանք հպարտությամբ ներկայացնել նաև մեր, տեղական սերիալները»:

 

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան