«Giorgio Armani»-ի նոր հավաքածուի ցուցադրությունն անցավ առանց հյուրերի: 2020 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն իրականում տեսան միայն լուսանկարիչները, մոդելներն ու աշխատակիցները: Մյուսները ցուցադրությանը հետևեցին բրենդի կայքում և Instagram- ում հեռարձակվող ուղիղ եթերի միջոցով: Այս որոշումը կապված էր Իտալիայում կորոնավիրուսի տարածման հետ:
Հավաքածուի հիմնական գործվածքը թավիշն է: Մարմինն ընգծող թավշյա բաճկոնները համադրված էին մետաքսյա տաբատների և շրջազգեստների հետ: Թավիշից էին կարված նաև բարձր գոտկատեղով տաբատները, վերարկուներն ու զգեստները: Երեկոյան զգեստների մեջ ներառվել են կորսետով և փայլուն դետալներով տարբերակներ: Ցուցադրությունն ավարտվեց չինական մոտիվներով փայլփլուն զգեստներով մոդելների բեմելով, ինչը ակնհայտորեն հարգանքի տուրք էր Չինաստանում վիրուսի զոհերի հիշատակին: